Գյումրիի 722 կիսակառույց շինությունների ճակատագիրն անորոշ է
Արսեն Վարդանյան
2005թ.-ին Կառավարության որոշումով Մուշ-1, Մուշ-2 եւ Մարմաշենի խճուղուն հարակից բոլոր թաղամասերը հանձնվել են Գյումրի համայնքին: Երկրաշարժից հետո ձեւավորված թաղամասերից միայն Անի եւ Մուշ-1 թաղամասերն էին լիովին բնակեցված, Մուշ-2-ը՝ մինչեւ «Գլենդել հիլզի» բնակարանաշինական ծրագրերի իրականացումը մասնակի էր բնակեցված, իսկ մնացած 3-4 թաղամասերում բնակելի մեկ-երկու շենքերի կողքին ներկայում էլ կարելի է տեսնել բազմաթիվ կիսակառույց եւ թալանված շինություններ:
Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը չի բացառում, որ պարապուրդի մատնված թաղամասերում կառուցապատման նպատակով որոշակի ծրագրեր իրականացվեն: «732 շենք կա, որոնցից 10-ը բնակեցված են, մյուսները կիսաավերված, թալանված վիճակում են: Մենք նամակ ենք պատրաստել՝ ուղղված Կառավարությանը, որպեսզի թույլատրեն դուրս գրենք դրանք: Մոտ 500 շենք համարյա թե չկա, դրանք լիովին թալանված են, այսինքն ինչ պիտանի է եղել՝ ժամանակին տարել են»,- ասաց Հենրիկ Գասպարյանը:
232 կիսակառույցները կօտարեն, եթե ցանկացողներ լինեն դրանք որեւէ նպատակի ծառայեցնելու: Հ. Գասպարյանի փոխանցմամբ՝ առաջարկներ արդեն ունեն եւ պատրաստվում են օտարել մի քանի շինություններ: Դրանք հիմնականում պահպանված շենքեր են, որոնք գտնվում են Անի թաղամասում եւ Շերամ-2 թաղամասում: Քաղաքի գլխավոր ճարտարապետն առայժմ զերծ մնաց 25 տարի առաջ կառուցված եւ անմխիթար վիճակում գտնվող բնակելի շենք-շինությունների հետագա ճակատագիրը ներկայացնելուց:
«Մենք, բնականաբար, կունենանք այդ շենքերի վերականգման նախագծերը եւ, բնականաբար, տեղեկացված կլինենք, թե ինչ նպատակի են դրանք հետագայում ծառայելու: Պարզապես առայժմ այդ մասին չեմ կարող խոսել, քանի դեռ աճուրդ չի եղել»,- նշեց Հ. Գասպարյանը:
Անբնակ կամ թերի բնակեցված թաղամասերը, որոնք կառուցվել են երկրաշարժից հետո, հետագայում եւս կկառուցապատվեն: Գյումրիի գլխավոր հատակագծով այդ տարածքներում ապագայում կկառուցվեն բնակելի թաղամասեր, քանի որ քաղաքի զարգացումը հենց Մարմաշենի խճուղու հարակից տարածքների ուղղությամբ է զարգանալու: Մեզ հետաքրքրում էր նաեւ, թե ինչո՞ւ չի շարունակվում «Գյումրի սիթի» թաղամասի կառուցումը:
Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի փոխանցմամբ՝ Մարմաշենի խճուղու սկզբնամասում երկու քոթեջներ են առայժմ կառուցվել, եւ շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է: Ըստ Ա. Մարգարյանի, թաղամասի կառուցապատումը ձգձգվում է՝ կապված պահանջարկի հետ: Ճարտարապետ Հ. Գասպարյանն էլ իր հերթին վստահեցրեց, որ առաջին փուլի նախագծերը հաստատված են, պարզապես Գյումրիում նման առանձնատներ գնելու նպատակով ներդրումներ անողներն են քիչ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել