HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Կառավարությունը գտել է պարենամթերքը թանկացնելու ձևը՝ կփակցվեն դրոշմապիտակներ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը մտադիր է պարտադրել տնտեսվարողներին՝ դրոշմապիտակներ փակցնել մի շարք պարենային և ոչ պարենային ապրանքների վրա՝ կաթնամթերք, ձեթ, պահածոներ, օճառ, կոսմետիկա, պաղպաղակ: Այդ նպատակով առաջարկվում է փոփոխություն կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում: ՀՀ ֆինանսների նախարարության առաջարկով՝ հարցը ներառվել է ՀՀ կառավարության հունվարի 23-ի նիստի օրակարգում:

Անցյալ տարվա հուլիսի 1-ից դրոշմապիտակները պարտադրվեցին ջուր, ըմպելիք, գարեջուր, հյութ արտադրող ու ներմուծող ընկերություններին: Արդյունքում՝ արձանագրվեց ստվերի կրճատում, սակայն տնտեսվարողները գները բարձրացնելով՝ հարկային բեռը տեղափոխեցին սպառողի ուսերին: Մասնավորապես՝ 2013 թ. 3-րդ եռամսյակում 2012 թվականի նույն ժամանակա­շրջանի նկատմամբ գարեջրի արտադրության քանակն ավելացել է 3.2 անգամ, բնական հյութերի և ըմպելիքների (զովացուցիչ և հան­քա­յին) արտադրու­թյան քանակը՝ 2.6 անգամ: Ըստ ֆինանսների նախարարության տեղեկանքի՝ միայն մեկ եռամսյակի ընթացքում այդ ապրանքներից հարկային մուտքներն ավելացել են մոտ 1 մլրդ դրամով կամ 145 տոկոսով: Ստացվում է՝ որոշ ոլորտներում ստվերային շրջանառությունը մի քանի անգամ գերազանցում է օրինական շրջանառությանը:

Մյուս կողմից՝ անմիջապես նկատվեցին թանկացումներ: Գարեջուրը թանկացավ 20-30 դրամով, հյութերն ու ջրերը՝ 5-6 %-ով; Հարկ է նշել, որ դրոշմապիտակներն ինքնին գին չեն բարձրացնում, քանի որ տնտեսվարողին տրվում են 3.5 դրամով: Տնտեսվարողն իրավունք ունի դրոշմապիտակների համար վճարած գումարները հանել հետագայում վճարվող հարկերի գումարից: Սակայն համատարած դրոշմապիտակավորումը բերում է ստվերի կրճատման, հետևաբար՝ հարկերի աճին: Բացի այդ՝ դրոշմավորումը պահանջում է նոր հոսքագծեր ու նոր աշխատողներ, այսինքն՝ նոր ծախսեր տնտեսվարողի համար:

Դրոշմապիտակների շնորհիվ, օրինակ, հայկական խանութներից անհետացավ 100 դրամանոց գազավորված լիմոնադը, ինչը շատերի կողմից բնութագրվում էր որպես «աղքատների զովացուցիչ»: Սակայն այդպիսի ըմպելիքներից հրաժարվելը սպառողի համար դժվարություն չի ներկայացնում, իսկ ահա կաթնամթերքը, օճառը, ձեթը ամենօրյա սպառման ապրանքներ են: Անշուշտ՝ ստվերի կրճատումն այս ոլորտներում ևս կարևոր նպատակ է, սակայն գների համատարած բարձրացումը ևս պետք է մտահոգի: Ի դեպ, կառավարությունը մտադիր է օրինագիծը ԱԺ օրակարգ մտցնել փետրվարի նիստերից մեկում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter