Ախուրյանում կանաչ ծառերի վնասման փաստով մեկ անձ տուգանվել է 62 հազար դրամով
Թումանյանի հայտնի «Աղվեսն ու ագռավը» առակի օրինակով հիմա ամեն մի սեփականատեր, «սա իմ ծառն է» կարգախոսով, տարբեր միջոցներով ու եղանակներով ձգտում է վերացնել կանաչ տարածքները՝ տեղը քարաշեն շինություն կառուցելու համար:
«Կամ մի գիշերվա մեջ կտրում են ու առավոտյան արթնանալով տեսնում ես, որ հաստաբուն հսկայական ծառն այլեւս չկա, հիմքն էլ այնպես են ավերել, որ ընդամենը մի քանի արմատ են թողել, ու հնարավոր չէ ապացուցել, թե հաստաբուն ծառ է կտրվել, կամ անխղճաբար այրում են բները, ծառը չորացնում՝ դարձնելով անպիտան: Ախուրյանում այս տարբերակները կիրառում են, Գյումրիում էլ: Սկզբում գագաթից են կտրում, հետո՝ արմատից»,- ասում է Գյումրու «Օրհուս» կենտրոնի համակարգող եւ «Բիոսոֆիա» բնապահպանական ՀԿ-ի ղեկավար Գեւորգ Պետրոսյանը:
2013թ.-ի հոկտեմբերին, նկատելով Ախուրյանի կենտրոնական խճուղու աջակողմյան հատվածում այրված բներով ծառեր, որից մեկ երկուսն արդեն հիմքից տապալվել էին, Գեւորգ Պետրոսյանն ահազանգել էր Բնապահպանական պետական տեսչության Շիրակի տարածքային բաժին: Նամակում բնապահպանը նշել էր, որ դիտավորություն է տեսնում կատարվածում, եւ որ այրել են միտումնավոր՝ տարածքը հետագա կառուցապատման համար նախապատրաստելու նպատակով:
2013թ.-ի նոյեմբերի 28-ին բնապահպանական պետական տեսչության Շիրակի տարածքային բաժնի պետը Գեւորգ Պետրոսյանին պատասխանել է. «Ի պատասխան ձեր 31.10.2013թ-ի գրության, Ախուրյանի խճուղու աջակողմյան հատվածում չորացած տերեւների այրումից կանաչ ծառերի վնասման փաստի կապակցությամբ կատարված ուսումնասիրությամբ ձեռք բերված օպերատիվ տվյալներով բացահայտվել է բնապահպանական իրավախախտում թույլ տված անձի ինքնությունը եւ վարչական վարույթի արդյունքում նշանակվել է վարչական տուգանք, հաշվարկվել է պետությանը պատճառված վնասը: Ընդհանուր հաշվարկով, պետական բյուջե է վերականգնվել 62 հազար դրամ գումար»:
Թե ում են գտել ու տուգանել համապատասխան բաժնի աշխատակիցները, Գեւորգ Պետրոսյանը չգիտի: Երբ ցանկացել է իմանալ տուգանված անձի անուն-ազգանունը, նրան պատասխանել են, որ դա գաղտնիք է:
![]() |
| Արծրուն Իգիթյան |
Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանի համոզմամբ՝ լրագրողներն ու բնապահպանները հակված են խեղաթյուրելու փաստերը: «Շատ վատ է, որ մեկնաբանում ենք միայն հատումը,- ասում է Արծրունի Իգիթյանը,- որոշ բնապահպան ընկերներ ու կազմակերպություններ մինչեւ օրս, ցավոք, չեն տարբերում սեփական եւ հանրային տարածքները:
Եթե բանկի՝ իրեն պատկանող տարածքում ծառերի էտում է կատարվել, եւ դա մեկնաբանվել է որպես հատում, ես շատ ցավում եմ: Կուզենայի, որ մեր լրատվամիջոցները չհետեւեին փիարին եւ փաստերը չխեղաթյուրեին եւ տարանջատեին համայնքային տարածքը սեփականից:
Ճանշինի տարածքում էլ հատում եղավ, տեղն ուրիշ ծառեր տնկվեցին, տարածքը բարեկարգվեց: Ո՞վ իրավունք ունի ասելու, թե մարդն իր սեփական տարածքում ինչ անի: Էս ծառը դուրը չի գալիս՝ հատում, տեղն ուրիշ ծառ է տնկում: Իսկ ծառահատում մեր մոտ չի եղել, եթե կար, թող արձանագրեին»:
| Գևորգ Պետրոսյան |
«Փաստորեն գոյություն ունի այսպես կոչված «հանրային անանուն վնասատուների» ցուցակ, որ գաղտնի է պահվում,-նկատում է Գեւորգ Պետրոսյանը,- եթե դիմում ես, ասում են մենք անուն, ազգանուններ չենք տալիս»:
Կոնկրետ Ախուրյան համայնքում տեղի ունեցած ծառահատման դեպքերի հետ կապված Գեւորգ Պետրոսյանը մի քանի անգամ ահազանգել է, սակայն ոչ մի անգամ համայնքապետարանը կամ որեւէ ֆիզիկական անձ, բացի այս վերջին դեպքից, չի տուգանվել ապօրինի ծառահատման համար:
Սակայն այս դեպքում հարցադրումը վերաբերում է ոչ թե սեփականություն հանդիսացող տարածքներին, այլ հանրային համարվող մայթերի երկարությամբ աճած կանաչ զանգվածին՝ ծառերի տեսքով, որոնք հերթական օբյեկտը կառուցելիս կառուցողն անպայման ոչնչացնում է ՝ տեսադաշտը բացելու նպատակով:
Ախուրյան համայնքի տարածքում նման ձեւով վարվեցին գազալցակայան կառուցողները 2009թ.-ին, երբ կտրեցին խճուղու հարեւանությամբ աճած 4 հաստաբուն ծառ եւ փոխարենն ինչ-որ շիվեր տնկեցին, որոնք այդպես էլ չաճեցին:
Նշված գազալցակայանն արդեն մեկ ու կես տարի է, չի գործում եւ չվճարված պարտքեր ունի Ախուրյանի համայնքապետարանին: Արծրունի Իգիթյանից ճշտեցինք, որ ծառահատման համար գազալցակայանի տերերը չեն դիմել եւ օրինական թույլտվություն չեն ստացել: 2009թ.-ի մայիսի 17-ին արված լուսանկարում երեւում է հատված 4 ծառերից մեկը:

Երկրորդ լուսանկարը՝ արված 2014թ.-ի հունվարին, փաստում է, որ անցած չորս տարիների ընթացքում այդ հատվածում որեւէ շիվ ծառ չի դարձել:
Բնապահպան Գեւորգ Պետրոսյանն ասում է, որ շատ դժվար է վերահսկել կանաչ տարածքների ոչնչացման գործընթացը: Աճուրդի դրված տարածքների նկարագրի մեջ երբեք չի նշվում, թե որքան ծառ կա այնտեղ եւ արդյո՞ք դրանք պետք է պահպանվեն հետագայում սեփականատիրոջ կողմից, թե ոչ: Կայանում է աճուրդ, տարածքը վաճառվում է, եւ հետագայում սեփականատերը ծառահատումներ է կատարում: «Ծայրահեղ դեպքում սեփականատերը կարող է դիմել համայնքապետին եւ ծառահատման համար ստանալ համապատասխան թույլտվություն»,- նշում է բնապահպանը:
«Քանի՞ սեփականատեր է դիմել համայնքապետարան անցած տարիներին օրինական ձեւով ծառահատում կատարելու համար» հարցին Ախուրյանի փոխհամայնքապետ Լիպարիտ Տիգրանյանը նշեց միայն 2013թ.-ի տվյալները: Անցած տարի իրենց դիմել են 3 սեփականատեր: Երկուսի դեպքում իրենք թույլատրել են ծառերի հատում, իսկ մեկ դեպքում եղել է էտման թույլտվություն:
«Հետք»-ին հետաքրքրում էր նաեւ, թե արդյոք Ախուրյանում այլեւս չե՞ն մնացել տարածքներ հողահատկացման եւ կառուցապատման համար, որ հերթն հասել է Ախուրյանի խճուղու եզրագծով սնկի նման մեկը մյուսի հետեւից աճող տարատեսակ օբյեկտների կառուցմանը: Հատկապես անհանգստացնող են նշված տարածքում, այսպես կոչված «վուլկանիզացիաների» հայտնվելը:
Կառուցապատողը մայթի եզրաքարերն հանելով՝ իր հարմարավետության համար այն վերածում է հարթ մակերեսի՝ մեքենաների մոտեցումը դյուրացնելու համար` հետիոտնին մղելով դեպի արագընթաց խճուղի: Նշված օբյեկտների դիմաց շարված մեքենաները, անվադողերն ու այլ պարագաներ արգելում են հետիոտնի տեղաշարժը տարածքով: Ի դեպ, մայթին տեղակայված «վուլկանիզացիներից» մեկի պատճառով անցած տարի Գյումրիում գրանցվեց ավտովթար՝ մահվան ելքով:
«Ախուրյանն այն եզակի համայնքներից է, որ ունի գլխավոր հատակագիծ: Ըստ այդմ, որտեղ նախատեսված է կառուցապատման համար, այնտեղ էլ հող ենք հատկացնում, նաեւ հաշվի ենք առնում նպատակահարմարությունը: Ես չեմ կարծում, որ հետիոտնը զրկվում է անցուդարձից: Ո՞վ ասեց, որ մայթը չի պահպանվում: Պահպանվում է, այն էլ` 2 կողմից: Այնքան էլ այդպես չէ, որ մայթը չի պահպանվել: Ես այն համայնքապետերից եմ, որ ամեն ինչ արեցի, որպեսզի ժամանակից շուտ ունենանք գլխավոր հատակագիծ, ինչի շնորհիվ կա կառուցապատման պլան, որին հետեւում է ճարտարապետ Լեւոն Մինասյանը: Նա լուրջ մասնագետ է եւ աշխատում է կառուցողների հետ՝ ըստ հաստատված ծրագրի պահանջների եւ չենք շեղվում, հակառակ դեպքում կադաստրը չի հաստատի»,- Ախուրյանի համայնքապետ Արծրունի Իգիթյան:
Բոլոր խնդիրները բխում են հենց գլխավոր հատակագծից, պնդում է բնապահպան Գեւորգ Պետրոսյանը: Նրա համոզմամբ՝ դրանք պարզապես «լղոզված» են: «Լիքը տարածքներ կան, որ այդ քարտեզներում նշված են` որպես խառը կառուցապատման գոտի, այդ «խառը» բառի տակ ով ինչ ուզում, այն էլ հասկանում է: Նույն Ախուրյանի օրինակով բացատրեմ: Խճուղու աջակողմյան հատվածը գլխավոր հատակագծում էնպիսի գույնով է նշված, որ նայում ես, քեզ թվում է, որ հենց խառը կառուցապատման գոտի է ինքը, բայց նույն այդ գույնով նշված են մեկ այլ հատվածում տարածքներ, որոնք գտնվում են գյուղատնտեսական ենթակառուցվածքների տակ: Ու այս խառնաշփոթը ամեն մեկը կարող է մեկնաբանել ինչպես իրեն է հարմար»,-ասում է Գ. Պետրոսյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել