HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նամակ խմբագրին

«Մաթեմատիկա. Քաղաքականության հետազոտություն» ամերիկյան կազմակերպությունը  հետազոտություն է կատարել` ԱՄՆ կառավարության «Հազարամյակի մարտահրավերներ կորպորցիայի» հովանավորությամբ Հայաստանում իրականացված հնգամյա դրամաշնորհային ծրագրի վերաբերյալ: Ինստիտուտը  հետազոտել է Հայաստանում 2007-2011թթ. շուրջ 50 հազար ֆերմերների համար կազմակերպված «Ջրից դեպի շուկա» դասընթացը: Ծրագրի բյուջեից այդ նպատակով ծախսվել է 16,6 միլիոն դոլար: Հետազոտությունն իրականացնող աշխատանքային խմբի ղեկավար եւ գլխավոր հետազոտող Քենեթ Ն. Ֆորթսոնը երեկ նամակ է գրել «Հետքի» խմբագրին: Այն նույնությամբ ներկայացնում ենք ստորեւ. 

«Հարգելի խմբագիր,

Գրում եմ ձեզ hetq.am կայքէջում 2014 թ. հունվարի 13-ին զետեղված՝ «16,6 միլիոն դոլար է ծախսվել. հետազոտողները դրա արժեքը հավասարեցնում են գրեթե զրոյի» հոդվածի կապակացությամբ, որի հեղինակն է Մարինե Մադաթյանը: Լինելով «Մաթեմաթիկա Փոլիսի Րիսըրչ»-ի այն աշխատանքային զեկույցի համահեղինակը, որին հղում է կատարում Մադաթյանը` ես նաև հանդիսանում եմ դրա հիմքում ընկած ուսումնասիրության գլխավոր հետազոտողը: Մադաթյանի հոդվածում առկա են մեր կողմից կատարված հետազոտության բազմաթիվ թյուր մեկնաբանություններ: Դրանցից ամենացայտունը ներառված է հենց հոդվածի վերնագրում, որից հետևում է, թե մենք «Ջրից դեպի շուկա (ՋդՇ) վերապատրաստման ծրագիրն անարդյունք ենք գնահատել (հայերենում՝ գրեթե զրո)», ինչպես նաև ակնարկ է հնչում այն մասին, որ Վիստաա կազմակերպությունը, անկախ արդյունքներից, ունեցել է ահռելի շահույթ:

Համաձայն գնահատման արդյունքների` ՋդՇ վերապատրաստումը լավ է իրականացվել՝ հավատարիմ մնալով նախնական մտահղացմանը և նախագծին՝ չնայած ավելի քան 50,000 ֆերմեր վերապատրաստելու հավակնոտ թիրախին, որին Վիստաա կազմակերպությունը կարողացել է հաջողությամբ հասնել: Անձամբ ես ներկա եմ գտնվել բազմաթիվ դասընթացների, և ինձ մեծապես տպավորել է դասընթացավարների գյուղատնտեսական գիտելիքների խորությունը, ինչպես նաև տարբեր մեթոդների վերաբերյալ նրանց կողմից տրամադրված հստակ բացատրությունները: Թեև ՋդՇ բաղադրիչը մանրակրկիտ ու համապարփակ էր նախագծվել, ինչպես նաև՝ իրականացվել լավ, երկարաժամկետ ազդեցության տեսանկյունից ՋդՇ վերապատրաստումը սպասված արդյունքները չունեցավ, և այստեղ մեծ դերակատարություն ունեցավ այն հանգամանքը, որ վերապատրաստման թեմաները բավականին հավակնոտ էին ծրագրին մասնակից ֆերմերների համար, հատկապես որ ֆերմերների մեծ մասը փոքր տնտեսություն ունեցողներ էին:

Այսուհանդերձ, հարկ է նշել, որ բոլոր կողմերը բավականաչափ դասեր քաղեցին հետազոտության արդյունքներից:

Ծրագրի իրականացման սկզբում Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան (ՀՄԿ), ՀՄՀ-Հայաստանը և Վիստաա ընկերությունը լավատեսորեն կարծում էին, որ ՋդՇ դասընթացների արդյունքում հայաստանյան ֆերմերները կլրացնեն իրենց գիտելիքների զգալի բացն այս ոլորտում, որն էլ իր հերթին կնպաստի նրանց գյուղատնտեսական եկամտի ավելացմանը: Այդուհանդերձ, ներգրավված բոլոր կողմերը նաև գիտակցում էին, որ հնարավոր չէր վստահորեն խոսել ծրագրի հաջողության մասին, քանի որ Հայաստանում առաջին անգամ էր նման լայնածավալ ծրագիր մշակվել և իրականացվում: ՋդՇ վերապատրաստման բաղադրիչի նախագիծը, իրականացումը և ազդեցությունը գնահատելու նպատակով ՀՄԿ-ն դիմել էր Մաթեմաթիկա Փոլիսի Րիսըրչ-ին, որից պահանջվում էր նախագծել և իրականացնել մարակրկիտ ազդեցության գնահատում պարզելու համար՝ արդյոք ՋդՇ վերապատրաստումը արդյունավետ էր և ինչու: Թե՛ ՀՄՀ-Հայաստանը, և թե՛ Վիստաա-ն կիսում էին գնահատումից հետևություններ անելու այս մոտեցումը և այդ առումով գերազանց գործընկերներ էին: Առանց նրանց աջակցության մենք գնահատումից որևիցե հետևություններ անել չէինք կարող: Իրականում, պատահական ընտրանքի վրա հիմնված էքսպերիմենտալ գնահատումը հաջողությամբ իրականացնելն ինքնին մեծագույն ձեռքբերում էր: Ծրագրի գնահատման համար կիրառված այս մեթոդը համարվում է գնահատման մեթոդներից լավագույնը՝ ոսկե ստանդարտը: Որքանով տեղյակ ենք, սոցիալական քաղաքականության շրջանակներում որևէ ծրագիր գնահատելու ուղղությամբ Հայաստանում սա առաջին անգամ կիրառված մեթոդ է: ՋդՇ վերապատրաստման տիպի դասընթացներ իրականացվում են ամբողջ աշխարհում, և այս ծրագրի գնահատման արդյունքում կատարված եզրակացությունները ներազդելու են ապագա ծրագրերի նախագծման վրա: Արդեն իսակնհայտ է, որ ՀՄԿ-ն համապատասխան փոփոխություններ է կատարում այլ երկրներում ֆերմերների վերապատրաստման ծրագրերում: Չնայած մեր ուսումնասիրությունից հետևում էր, որ այս կոնկրետ ծրագրի արդյունքները ակնկալվածից ավելի փոքր էին, մենք պետք է մտածենք այն մասին, թև ինչ այլ մոտեցումների միջոցով կարելի է բարելավել հայաստանյան ֆերմերների բարեկեցությունը (այդ թվում՝ վերանայված վերապատրաստման ծրագրերի միջոցով):

Ցանկացած նոր մոտեցում, սակայն, պետք է նույնչափ խորը և համակողմանիորեն գնահատվի՝ վստահ լինելու, որ մոտեցումներն են իրականում արդյունավետ: Ի լրումն այս մեծ խնդիրների, Մադաթյանի հոդվածում առկա են նաև ավելի փոքր անճշտություններ` կապված որոշ փաստերի հետ: Նախ և առաջ հոդվածում ասվում է, որ « ...ծախսված 16,6 միլիոն դոլարն ամենայն հավանականությամբ այս ՀԿ-ի հիմնած ՍՊԸ-ի շահույթն է»: Այս գումարն իրենից ներկայացնում է ոչ թե ընկերության շահույթը, այլ ստացած եկամուտը, որը կազմակերպությունն օգտագործել է դասընթացավարների և այլ աշխատակիցների աշխատավարձը վճարելու, ուսումնական ծրագիրը մշակելու, դասընթացները կազմակերպելու, ինչպես նաև տպագիր նյութեր պատրաստելու վրա:

Բացի այդ, նրանք վճարել են ծրագրային այլ ծախսերի, այդ թվում՝ դասընթացի տարածքի, տրանսպորտի և այլնի համար: Պայմանագրի ընդհանուր արժեքը, բացի դասընթացներից, ներառում էր նաև այլ առաջադրանքների իրականացում, և մեր գնահատմամբ վերապատրաստմանը տրամադրվել է 14.3 միլիոն ԱՄՆ դոլար: Հարկ է նշել նաև, որ ՋդՇ ծրագիրն իրականացվում էր ոչ միայն Վիստաա-ի, այլ ԷյՍիԴիԱյ/Վօկա(ACDI/VOCA) ընկերություն և Վիստաա կոնսորցիումի կողմից:

Եվ հաջորդը, մեջբերումներից մեկում (անգլերեն տարբերակում) բաց է թողնված «երեք» բառը: Մեջբերումը պետք է ունենա հետևյալ բովանդակությունը. «Մենք չգտանք որևէ ապացույց, որ իր մեկնարկից երեք տարի անց վերապատրաստման բաղադրիչը ազդեցություն է ունեցել տնային տնտեսությունների եկամուտների և սպառման վրա: Ուսումնասիրության ընթացքում չենք գտել որևէ վկայություն, որ տնային տնտեսությունները վերապատրաստման արդյունքում որդեգրել են գյուղատնտեսական նոր մեթոդներ կամ աճեցրել են նոր տեսակի մշակաբույսեր»: Երախտապարտ եմ հոդվածում առկա թյուր մեկնաբանությունների վերաբերյալ բացատրությունները Ձեր ուշադրությանն արժանացնելու համար և ուրախ կլինեմ շարունակել այս հարցի շուրջ նամակագրությունը, եթե Դուք հարցեր ունենաք:

Հարգանքով՝

Քենեթ Ն. Ֆորթսոն, Ph.D.»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter