
Հունվարի 24, թե՞ 25. Գագիկ Հարությունյանը դեռ չի որոշել
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր կուտակային բաղադրիչը կասեցնելու վերաբերյալ ՍԴ-ն այսօր նիստ չի գումարել: Այս պահին պարզ չէ` հարցը քննարկելու համար վաղը նիստ կգումարվի, թե ոչ:
Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Հովհաննես Պապիկյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ առավոտյան ՍԴ-ն այլ նիստ ունի, եւ այս պահին որեւէ մեկը, այդ թվում ՍԴ դատավորները չգիտեն՝ օրենքի կասեցման միջնորդությունը երբ կքննարկվի: Ըստ մամուլի քարտուղարի` նիստը հրավիրում է ՍԴ նախագահը, հետեւաբար բացի նրանից այս պահին որեւէ մեկը ստույգ չի կարող ասել, թե այն երբ կկայանա:
Հիշեցնենք, որ ԱԺ ոչ իշխանական՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունների պատգմամավորները դիմել են Սահմանադրական դատարան՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ դիմումով: ՍԴ-ն 2013թ. դեկտեմբերի 26-ին գործն ընդունել է վարույթ: Պատգամավորները միջնորդել են կասեցնել օրենքի պարտադիր կուտակային վճարումներ կատարելու պարտավորությունը, ինչին ՍԴ-ն պետք է անդրադառնա մինչեւ հունվարի 25-ը:
«Աշխատակարգային նիստերին լրագրողները չեն մասնակցում: Սա աշխատանքային նիստ է, ընդամենը պետք է քննության առնեն օրենքի պարտադիր բաղադրիչի մասը կասեցնելու` պատգամավորների միջնորդությունը, իսկ դատաքննությունը, արդեն գիտեք, լինելու է մարտի 28-ին: Կասեցնելու վերաբերյալ որոշումը երբ լինի, ես շատ արագ կտարածեմ»,- ասաց Հովհաննես Պապիկյանը:
Մեկնաբանել