HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկել են էլեկտրոնային սարքավորումների հափշտակության խնդիրը

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ 
Խորհրդի նոր ռոտացիոն կազմին ծանոթանալուց հետո նիստի մասնակիցներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը: 

Նիստում ներկայացվել է ՏՏԶԱԽ նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին հաշվետվությունը: Մասնավորապես, անդրադարձ է արվել էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման կարգի իրականացման ժամանակ առաջացող խնդիրներին: Այս առնչությամբ կառավարության ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների և ընկերությունների ներկայացուցիչներին աշխատանքային խմբի շրջանակներում քննարկել հարցի լուծման հնարավոր տարբերակները և ներկայացնել առաջարկություններ: 

Օրակարգային հարցերի շարքում քննարկվել է էլեկտրոնային հաղորդակցության մալուխների, գծալարերի և կապի ենթակառուցվածքների մաս կազմող այլ սարքավորումների հափշտակությունների խնդիրը: Այս կապակցությամբ, վարչապետ Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ էր տվել ՀՀ ոստիկանապետին, որոնց կատարման վերաբերյալ զեկուցել է փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը: Նա տեղեկացրել է, որ ՀՀ ոստիկանության կողմից մշակվել է ՀՀ վարչական իրավախատումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը` գունավոր և սև մետաղների առքուվաճառքի իրականացման իրավական կարգավորման նպատակով: Արծարծվել են նաև կապի կազմակերպման համար վարձակալական հիմունքներով պետական և համայնքային հողերի, շենքերի ու շինությունների օգտագործման դեպքում առաջացող խնդիրները:
Մեկ այլ հարցով քննարկվել են էլեկտրոնային առևտրի իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի կարգավորման խնդիրները, մասնավորապես, մաքսային ոլորտում: Վարչապետի հանձնարարականով կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որը կքննարկի ոլորտում առկա օրենսդրական բացերը և երկամսյա ժամկետում կներկայացնի համապատասխան առաջարկություններ: 

Նիստում բարձրացվել է նաև հանրապետության դպրոցները նոր համակարգիչներով համալրելու հարցը: Այս կապակցությամբ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ կառավարությունն այս տարի այդ նպատակով կրթության և գիտության նախարարությանը հատկացրել է 700 մլն դրամ. հանրապետության բոլոր դպրոցներն այսօր ունեն ինտերնետ ու ժամանակակից համակարգիչներ, հետևաբար, ըստ վարչապետի, հին համակարգիչների տեսակարար կշիռը բավական փոքր պետք է լինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter