
Հայաստանը տարին փակում է 3,5% աճով
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013 թ. տարեկան արդյունքներով 3,5% է: Այսօր ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը որոշ ուշացումով հրապարակել է Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները՝ շտապ հավաքագրված տվյալների հիման վրա: Նշենք, որ այդ ցուցանիշները հետագայում կարող են էական ճշգրտումների ենթարկվել, սակայն ընդհանուր մակրոտնտեսական իրավիճակի մասին որոշ պատկերացում տալիս են:
Աճի 3,5% ցուցանիշը երրորդ ամենավատ ցուցանիշն է վերջին 15 տարում: Ավելի վատ եղել է 2009 թ.՝14,1 % անկում, և 2010 թ.՝ 2.2% աճ:
ՀՀ 2013 թ. բյուջեի հիմքում սկզբնապես դրված էր 6,2% կանխատեսումը, սակայն հետագայում կառավարությունն այդ կանխատեսումն իջեցրեց մինչև 4,1%: Սակայն պարզվում է՝ դա էլ չափից ավելի լավատեսական գնահատական էր: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 19-ին հայտնի հեռուստահարցազրույցում կառավարությանը պարտավորեցրել էր ապահովել առնվազն 7% աճ, սակայն ստացվել է դրա ուղիղ կեսը:
Կարևոր է ոչ միայն աճի տեմպը, այլ այդ աճն ապահովող ճյուղերի դասավորությունը: Այսառումով 2013-ը «գյուղատնտեսական» տարի է, քանի որ այդ ոլորտում արձանագրված 7,1% աճն է կառավարությանը փրկել ավելի խայտառակ ցուցանիշներից: Վերջին տարիներին Հայաստանն ավելի ու ավելի գյուղատնտեսական երկիր է դառնում, եթե իհարկե, գյուղատնտեսական բումի մասին վիճակագրական տվյալները կարելի է հավաստի համարել (դրան անդրադառնալու առիթ դեռ կունենանք): Արդյունաբերության աճի տեմպը 2013 թ. զգալի ետ է մնում գյուղատնտեսությունից՝ 6.8%: Ընդհանրապես՝ Տիգրան Սարգսյանի կառավարության տարիներին տեղի է ունենում արդյունաբերության ու գյուղատնտեսության համեմատաբար բարձր աճ, ի տարբերություն Անդրանիկ Մարգարյանի կառավարության, երբ աճը հիմնականում ձեռք էր բերվում ծառայությունների ու շինարարության հաշվին:
Ներկայիս կառավարությունն այդպես էլ չի գտնում շինարարությունն ակտիվացնելու գործուն միջոցներ, իսկ 2013 թ. արձանագրված 8,1%-ի անկման համար կառավարության մեղքը նույնպես կա (բյուջեից շինարարությունը թերֆինանսավորվելն է):
Վիճակագրությունը դեկտեմբերին արձանագրել է աշխատավարձերի զգալի աճ՝ 27,2% նոյեմբերի համեմատ: Միայն պետական հատվածում աշխատավարձերի աճը 30 % է: Սա թույլ է տվել բարելավել մակրոտնտեսական ցուցանիշներից մեկը՝աշխատավարձի աճը գերազանցել է գնաճին, թեև ողջ տարվա ընթացքում տեղի էր ունենում հակառակը: Դեկտեմբերը սովորաբար պարգևատրումների ամիս է, սակայն արձանագրած աճն անհամեմատ բարձր է նախորդ տարիների համեմատ: Պետական հատվածում Ամանորից առաջ որոշել են համատարած պարգևատրումներ բաժանել, հուսանք, որ դա դրական կանդրադառնա պետական համակարգի աշխատանքի որակի վրա; Այլապես հարկատուների հաշվին պարգևատրումներ վճարելը ճիշտ չի ընկալվի այդ նույն հարկատուների կողմից:
2013 թ. շարունակել է վատանալ երկրի արտաքին առևտրի հաշվեկշիռը՝ ընդհուպ մոտենալով 3 մլրդ դոլարին: Արտահանումը մոտ 1,5 մլրդ դոլար է, ներմուծումը՝ մոտ 4,5 մլրդ դոլար: Հատկանշական է, որ վերջին ամիսներին տեղի է ունենում նույնիսկ արտահանման տեմպի նվազում: Այստեղ, ըստ երևույթին, դեր է խաղում ֆեռոմոլիբդենի արտահանման ծավալների զգալի կրճատումը՝ պայմանավորված միջազգային շուկայում մոլիբդենի գների անկմամբ:
Այսպիսով՝ եթե ընդհանրացնելու լինենք 2013 թ. մակրոտնտեսական նախնական արդյունքները, ապա կստանանք հետևյալը. տնտեսական ցածր աճ, բարձր գնաճ, գյուղատնտեսության առաջանցիկ աճ մյուս ճյուղերի համեմատ, պետական համակարգում պարգևատրումների բարձր մակարդակ, արտաքին առևտրի հաշվեկշռի վատթարացում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել