HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ընտրովի արդարադատություն

Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ Միշա Մկրտչյանը 2013թ. սեպտեմբերի 18-ին ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, ննջասենյակի բաց պատուհանով մուտք է գործել իր հարեւանուհի Նունե Իսայանի բնակարան եւ փորձել է հափշտակել 50.000 դրամ: Սակայն այդ պահին Ն. Իսայանը արթնացել եւ բղավել է, իսկ Մ. Մկրտչյանը դիմել է փախուստի` չկարողանալով ավարտին հասցնել գողությունը:

2013թ. դեկտեմբերի 17-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, հաշվի առնելով Միշա Մկրտչյանի «կատարած հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանը», նրան դատապարտել է 4 տարվա ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար (գողության հանցափորձ, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով):

Միշա Մկրտչյանը սովորական գյուղացի է: Նա պաշտոնյա չէ, չունի «թիկունք», քաղաքական «տանիք», այդ իսկ պատճառով 50.000 դրամ գողանալու փորձ կատարելու համար նա անազատության մեջ կմնա 4 տարի եւ պատիժը կկրի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության համապատասխան քրեակատարողական հիմնարկում:

Իսկ ահա, Հանրապետական կուսակցության եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալ, Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության արդեն նախկին պետ Տիգրան Վիրաբյանը, որը մեղադրվում էր մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության եւ շահադիտական նպատակով պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելու ու հանձնելու մեջ, ազատության մեջ է:

Ըստ դատավճռի՝ Տիգրան Վիրաբյանը 2012թ. օգոստոսից մինչեւ 2013թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, շահադիտական նպատակով եւ պաշտոնեական կեղծիքներ կատարելով, մարզի մի շարք համայնքների ղեկավարների եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի առանձին ծառայողների հետ նախնական համաձայնությամբ, յուրացման եղանակով հափշտակել են ՀՀ հողօգտագործողներին 2012թ. աշնան եւ 2013թ. գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերով ՀՀ պետական բյուջեից պարբերաբար հատկացված, իրենց վստահությանը հանձնված, առանձնապես խոշոր չափերով՝ 90.509.250 ՀՀ դրամ սուբսիդիայի գումարը:

Նախաքննության ընթացքում Տիգրան Վիրաբյանի եւ մյուսների կողմից ամբողջությամբ վերականգնվել է հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը` 90.509.250 դրամ գումարը:

Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը 2013թ. նոյեմբերի 15-ին Տիգրան Վիրաբյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում), ՀՀ քր.օր-ի 314 հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք) եւ դատապարտեց 5 տարվա ազատազրկման եւ տուգանքի՝ 300.000 դրամի չափով: Սակայն, կիրառելով «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համապատասխան դրույթները, նրան ազատեց նշանակված պատիժներից, վերացրեց կալանավորումը եւ անհապաղ ազատ արձակեց դատարանի դահլիճից:

Գյուղացի Միշա Մկրտչյանի եւ պաշտոնյա Տիգրան Վիրաբյանի դեպքում օրենքը միայն մեկ «հավասարություն» է ճանաչել. երկուսն էլ կալանավորվել են նախաքննության փուլում, գյուղացին՝ 50.000 դրամ գողանալու փորձ կատարելու, իսկ պաշտոնյան՝ պետությանը պատճառած 90.509.250 դրամի համար: Արդյունքում գյուղացին անազատության մեջ է, իսկ արդեն նախկին պաշտոնյան վայելում է իր ազատությունը, քանի որ իր հովանավորները ազատելու ձեւը գտան:

Պետությանը պատճառված այլ վնասներ

ՀՀ գլխավոր դատախազությունից «Հետքին» տեղեկացրին, որ  2013թ. ընթացքում ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից իրականացված ստուգումների արդյունքներով,  ըստ քննչական ենթակայության, հատուկ քննչական ծառայությունում 2013թ. հունիսի 21-ին հարուցվել է 4 քրեական գործ՝ ՀՀ Գեղարքունիքի, Շիրակի, Արարատի եւ Կոտայքի մարզերի հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի եւ ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերի կատարման շրջանակներում մարզպետարաններում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ: Նախաքննության ընթացքում ամբողջությամբ հատուցվել է պետությանը պատճառված գույքային վնասը՝ պետական բյուջե է վճարվել 219.177.140 դրամ:

Դատապարտվել է միայն Արարատի մարզի պաշտոնյան, իսկ մյուս մարզպետարաններում ստուգումների արդյունքներով հարուցված քրեական գործերի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից Արարատի մարզպետարանում եւ Արտաշատի քաղաքապետարանում իրականացված ստուգումների արդյունքներով Արտաշատի քաղաքային լճի վերակառուցման եւ դրա հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ 2013թ. հուլիսի 25-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 214-րդ հոդվածի 2-րդ մասի (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հատկանիշներով հարուցված քրեական գործով նախաքննությունը, ըստ քննչական ենթակայության, ներկայումս շարունակվում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում:                                                      

Ըստ դատախազության՝ այս քրեական գործով նշանակված է շինարարատեխնիկական, տնտեսագիտական, ապրանքագիտական, հողագիտական եւ բուսաբանական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը ստանալուց հետո նոր հնարավորություն կլինի կատարել մի շարք քննչական գործողություններ, հստակեցնել պետությանը պատճառված վնասի չափը, քրեաիրավական գնահատական տալ կապալառու, պատվիրատու, հեղինակային եւ տեխնիկական հսկողություն իրականացրած կազմակերպությունների տնօրենների եւ աշխատակիցների գործողություններին:

Իսկ հղիության եւ ծննդաբերության նպաստների եւ ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստների վճարումների վերաբերյալ  կատարված ստուգումների արդյունքներով կազմված տեղեկանքները, ըստ ենթակայության, ուղարկվել են ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն` ստուգելու հանցակազմի հատկանիշների առկայության կամ բացակայության  հիմքերը:

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Ինչ կա զարմանալու? Եթե գողի երկիր է ապա գողության իրավունքը պիտի լինի խիստ քվոտավորված առաջին հերթին, քանի որ թալանը ապրելու կենսակերպ է դե ֆակտո: Այսինքն նշված գործնեությունը իրականացնելու համար պիտի համապատասխան դիրք ու արժանիքներ ունենաս, թե չէ ամեն քրջոտ որ նման անհաջող գողության փորձ անի, ինչ որ 100-120 դոլլարի չափով, ապա իսկական գողի հարգն ու արժեքը ուր կմնան? Գողի բարձր անունն այսպես արատավորողի նկատմամբ պետք է խիստ լինել, հարգելի Գրիշա!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter