HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Սահմանադրական դատարանի որոշումը համակարգային լուծումներ չի պարունակում

ՀՀ Սահմանադրական դատարանը հունվարի 24-ին ժամանակավորապես կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթներ (76-րդ հոդված և 86-րդ հոդվածի երրորդ մաս): Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները ՍԴ-ում վիճարկում են միանգամից այդ օրենքի 8 հոդվածներ՝ 5, 7, 8, 37,38, 45, 49 և 86: Այսինքն՝ քաղաքական ընդդիմությունը վիճարկում է ընդհանրապես պարտադիր կուտակային էլեմենտի սահմանադրականությունը:

Հատկանշական է, որ ՍԴ-ի կողմից ժամանակավորապես կասեցված հոդվածներից մեկը ընդդիմության կողմից չի վիճարկվում, դա 76-րդ հոդվածն է: Այդ հոդվածը սահմանում է պատասխանատվություն պարտադիր վճարները չկատարելու համար: Տույժի գումարը կազմում է 0.15%՝ ժամանակին չկատարված վճարների համար: Եթե պարտքը գերազանցի 500 հազ. դրամը՝ ապա հարկային մարմինն իրավունք է ստանում այդ կազմակերպության գույքի նկատմամբ արգելանք դնելու:

Այս հոդվածի կասեցումը կազմակերպություններին ու անհատներին չի ազատում պարտադիր վճարներ իրականացնելու պարտավորությունից: Ավելին՝ եթե կազմակերպությունը որոշի այնուամենայնիվ վճարներ չիրականացնել, իսկ մարտի 28-ին Սահմանադրական դատարանը մերժի ընդդիմության հայցը, ապա ստիպված կլինեն ամբողջությամբ գումարները վճարել միանգամից: Այդ պատճառով ընկերություններին խորհուրդ չի տրվում չափից ավելի ոգևորվել այս հոդվածի կասեցումից ու չիրականացնել վճարումները:

Ինչ վերաբերում է 86-րդ հոդվածի 3-րդ կետին՝ ապա այն վերաբերում է կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային կառավարչի ընտրությանը: Հոդվածը սահմանում է, որ քաղաքացիները մինչև հունվարի 1-ը պետք է ընտրություն կատարեն, այլապես ընտրությունը նրաց փոխարեն կկատարի համակարգիչը: Սկզբում պատահականության սկզբունքով կընտրեն կենսաթոշակային կառավարչին, ապա միջին ռիսկայնության որևէ ֆոնդ: Միջին ռիսկայնության ֆոնդը (այլ կերպ՝ պահպանողական ֆոնդը) միջոցների միայն 25 %-ը կարող է օգտագործել բաժնետոմսեր գնելու համար, մնացածն, ըստ էության, ներդրվում են պարտատոմսերում (պարտատոմսը, ի տարբերություն բաժնետոմսի, ընդամենը պարտքային արժեթուղթ է, այն կառավարման իրավունք չի տալիս):

Այս հոդվածի կասեցումը ևս չի ազատում պարտադիր վճարներ կատարելու պարտավորությունից: Ուղղակի այդ վճարները կուղղվեն հարկային մարմին, այսպես կոչված, կամուրջ հաշիվներին ու այնտեղ կսառեցվեն: Տուժելու են միայն կենսաթոշակային կառավարիչները՝ նրանք ժամանակին չեն ստանա իրենց գումարները: Ի դեպ, սրանից կարող է շահել նաև պետական բյուջեն, քանի որ կհետաձգվեն նաև 5 % պետական հավելումները:

ՍԴ-ն 86-րդ հոդվածի 3-րդ մասին կասեցումը պայմանավորել է նրանով, որ հունվարի 16-ի դրությամբ կենսաթոշակային ֆոնդի և կառավարչի ընտրություն է կատարել ընդամենը 1309 մարդ (մասնակիցների 0,25 %-ը): ՍԴ-ն դա գնահատել է բնակչության պատշաճ իրազեկման և վստահության պակասով:

Այսպիսով, եթե ընդհանրացնենք ՍԴ-ի հունվարի 24-ի աղմկահարույց որոշումը. ապա.

  1. ՍԴ որոշումը պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ որևէ համակարգային լուծում չի պարունակում:
  2. ՍԴ որոշումը ժամանակավորապես սառեցնում է կենսաթոշակային երկու կառավարիչների ակտիվությունը, սակայն մասհանումների գործընթացը պետք է շարունավի:
  3. ՍԴ-ն արձանագրել է համակարգի ներդրման հետ կապված իրազեկման ոչ պատշաճ կազմակերպումը, հանրության կողմից վստահության պակասը, կարգավորիչ նորմատիվ ակտերի ուշացումով ընդունումը:

ՍԴ որոշումը հիմք չի տալիս կարծել, թե հետագայում կընդունվի պարտադիր կուտակային համակարգի կասեցման մասին համակարգային որոշում, սակայն հնարավոր է համակարգի ներդրման ժամանակավոր հետաձգում: Ավելին, հետաձգման որոշումն ուղղակի բխում է ՍԴ որոշման տրամաբանությունից: ՍԴ ներկայիս որոշումը կառավարությանը հնարավորություն է տալիս «շունչ քաշել», լրացնել այն բացթողումները, որ ի հայտ են եկել նախապատրաստական աշխատանքների շրջանում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter