Թմրանյութը Հայաստանից չհասավ Կանադա. Իրանի քաղաքացին 12 տարվա ազատազրկման է դատապարտվել
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, Վեդի քաղաքի բնակիչ, 40-ամյա Էդվին Յեֆիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել, պահել, փոխադրել առանձնապես խոշոր չափերով ափիոն տեսակի թմրամիջոց, փորձել է մաքսանենգությամբ ՀՀ մաքսային սահմանով, մաքսային հսկողությունից թաքցնելով, այդ թմրամիջոցը տեղափոխել Կանադա և երկրորդ դրվագով՝ առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել, պահել և փոխադրել խոշոր չափերով հաշիշ տեսակի թմրամիջոց: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հունվարի 13-ի դատավճռով՝ Յեֆիկյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 12 տարի ժամկետով, գույքի` մաքսանենգության առարկա հանդիսացող 5430,4 և 2678,68 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցների բռնագրավմամբ։ Դատավճռով ամբաստանյալի նկատմամբ պետք է կիրառվի հարկադրական բուժում` թմրամոլության դեմ։
Ազգությամբ հայ, ամուրի, յոթամյա կրթությամբ Էդվին Յեֆիկյանը ծնվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում: Հաշվառվել և բնակվել է հենց Թեհրանում, բայց 2013 թ. հունիսից փաստացի բնակվել է Արարատի մարզի Վեդի քաղաքում:
Դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքներով՝ Էդվին Յեֆիկյանը 2013 թ. հունիսին ոտքով հատել է Իրան-Հայաստան սահմանի Մեղրիի մաքսակետը և, անցնելով մաքսային հայտարարագրում չնախատեսող «կանաչ ուղի» մաքսային հսկողության գոտին, ժամանել է Հայաստան։ Հաջորդ օրը միջազգային փոստային և սուրհանդակային ծառայություն մատուցող «Տրանսիմպեքս» ընկերությունում ներկայացել է Իրանի քաղաքացի Ռազմիկ Անդիի Բաբախանի անվամբ և, ներկայացնելով վերջինիս կենսորոշիչ տվյալներով, սակայն իր լուսանկարով անձնագրի երկու էջերի կեղծ պատճենը, իրացնելու նպատակով, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած, պահած և փոխադրած, իբրև թե գորգ գործելու համար նախատեսված հաստոցի պահեստամասեր հայտարարագրված, պլաստմասե գլանակների մեջ զմռսելու եղականով քողարկված և ստվարաթղթե արկղում որպես ծանրոց փաթեթավորված, առանձնապես խոշոր չափերի՝ 5430,4 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցը փորձել է մաքսանենգությամբ` ՀՀ մաքսային սահմանով, մաքսային հսկողությունից թաքցնելով` «Տրանսիմպեքս» ՍՊ ընկերության միջոցով առաքել Կանադա` Արտին Բաբախանյանին։
Սակայն չի հաջողվել առաքումն իրականացնել, քանի որ ծանրոցը հանձնելուց հետո՝ նույն օրը, ՀՀ ազգային անվտանգության մարմինների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրա այդ արարքը բացահայտվել է։
Դեպքից հետո ԱԱԾ-ում Յեֆիկյանի նկատմամբ համապատասխան հսկողություն է սահմանվել:
Կարճ ժամանակ անց՝ հունիսի 26-ին, Յեֆիկյանը միջազգային փոստային և սուրհանդակային ծառայություն մատուցող «Յումաքս» ընկերությունում ներկայացել է որպես ԻԻՀ քաղաքացի Ռազմիկ Անդիի Բաբախանի և նույն եղանակով առանձնապես խոշոր չափերի` 2678,68 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց փորձել է մաքսանենգությամբ` ՀՀ մաքսային սահմանով, մաքսային հսկողությունից թաքցնելով առաքել Կանադա՝ Վանիկ Բաբախանյանին: Դեպքը բացահայտվել է նույն օրը ՀՀ ազգային անվտանգության մարմինների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։
Բացի այդ, ամբաստանյալը, առանց իրացնելու նպատակի` իր անձնական օգտագործման համար, չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել, փոխադրել և Հայաստանի` իր ժամանակավոր բնակության վայրում պահել է խոշոր չափի` 21,38 գրամ ընդհանուր քաշով «հաշիշ» տեսակի թմրամիջոց: Թմարմիջոցը հայտնաբերվել է 2013 թ. հունիսի 26-ին վերջինիս ազգականների, այդ թվում՝ վկա Արմինե Բաղումյանի մշտական բնակության վայր հանդիսացող, Վեդի քաղաքի բնակարանում կատարված խուզարկությամբ: Հաշիշը հայտանբերվել է Էդվին Յեֆիկյանի ճամպրուկից և նրա տաբատի գրպանից։
Գործով վկաներից մեկը՝ Արմինե Բաղումյանը (ում տանը ապրել է Էդվին Յեֆիկյանը), պատմել է, որ Էդվինն իր սկեսրոջ քրոջ որդին է։ Նրա հետ ծանոթացել է Իրանում, երբ իրենք ընտանիքով հյուրընկալվել են սկեսրոջ քրոջ տանը` նրա մյուս քրոջ որդու հարսանիքին մասնակցելու համար։ 2013 թ. մայիսին Էդվինին մի քանի ժամով տեսել է Վեդի քաղաքում գտնվող իրենց տանը։ Էդվինը հայտնել է, որ եկել է Հայաստան` ինչ-որ կարի մեքենայի մասեր արտերկիր ուղարկելու համար։ Այդ հանդիպումից հետո Էդվինին տեսել է 2013 թ. հունիսին, երբ կրկին նա եկել է Վեդի և նրա մորաքրոջից, այսինքն՝ իր սկեսուրից, թույլտվություն է վերցրել` մի քանի օրով իրենց բնակարանում բնակվելու համար։ Էդվինը Վեդիում այդ ընթացքում մշտապես ինչ-որ արկղեր է տարել և բերել։ Նա Արմինեին ասել է, որ դրանք կարի մեքենայի մասեր են, որոնք փոստային ծառայության միջոցով ուղարկում է արտերկիր։ Նրան որևէ անձի հետ երբևէ չի տեսել։ Էդվինը մշտապես հեռախոսով պարսկերեն լեզվով խոսել է, սակայն չգիտի, թե ում հետ է խոսել։ Վերջին այցելության ժամանակ Էդվինն իր հետ բերել է բաց վիճակում գտնվող, փոքր չափի երկու ստվարաթղթե արկղեր, որոնց մեջ սև պլաստմասե դետալներ են եղել։ Էդվինն ասել է, որ դրանք կարի մեքենայի պահեստամասեր են։ Այդ արկղերը նա պահել է այն սենյակում, որտեղ քնել է։ Դրանք նա մի քանի անգամ իր հետ դուրս է տարել, տաքսի ավտոմեքենայով գնացել է Երևան և վերադարձել է առանց արկղերի։ Եղել է նաև դեպք, որ նա վերադարձել է նույն արկղով։ Արմինեն ասել է, որ հստակ չի կարող նշել, թե քանի անգամ է նա արկղով գնացել և առանց արկղ վերադարձել կամ առանց արկղ գնացել և արկղով վերադարձել, քանի որ ուշադիր չի եղել:
Պատրաստեց Մարինե Մադաթյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել