HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Ինչո՞վ են պառակտված ուկրաինացիները

Կիևում արդեն երկու ամիս է, ինչ տեղի են ունենում բախումներով զուգորդվող ցույցեր: Ու թեև ցույցերը արդեն պրո-եվրոպականից վերածվել են հակակառավարականի, միևնույնն է, հասարակության և պետության պոտենցիալ պառակտման մասին խոսակցությունները չեն նահանջում:

Իսկ որքանով է արևմտյան Ուկրաինան տարբերվում արևելյան ու հարավային Ուկրաինայից: 

Քաղաքական 

Ուկրաինայում կայացած 2012 թվականի խորհրդարանական (Գերագույն Ռադայի) ընտրություններից հետո մենք գրել էինք, որ թեև ձայների մեծ մասը ստացել են ընդդիմադիրները, մեծամասնական ընտրակարգի պատճառով իշխանական կուսակցությունները ավելի շատ մանդատ են վաստակել:

Այսպիսով, այդ ընտրությունները ցույց տվեցին (եթե անգամ կեղծիքները հաշվի չառնենք), որ բնակչության մեծամասնությունը սատարում է պրո-եվրոպական ընդդիմությանը:

Իհարկե, եթե նայենք թվով 26 շրջաններին, ապա կստանանք պատկեր, որ թեև կա աշխարհագրական պառակտում, այն վառ արտահայտված չէ: Եվ բացառությամբ թվով 3 շրջանների (Ղրիմ, Դոնեցկ և Լուգանցկ), կուսակցություններից և ոչ մեկը չունի ձայների մեծամասնություն (50-ից ավել տոկոս): Այդ երեք շրջաններում հաղթեց իշխանությունը, սակայն երկրի այդ հատվածում կեղծիքների մասին հաղորդումները ամենաշատն էին:

Այսինքն, թե կենտրոնում ու արևմուտքում, թե արևելքում ու հարավում, կան քաղաքական ծանրակշռության տարբերություններ, սակայն համարյա բոլոր շրջաններում կա ավելի քան 30 տոկոս բնակչություն, ով այդ շրջանի մեծամասնությունից տարբերվող քաղաքական կարծիք ունի: 

Էթնոգրաֆիկ և լեզվական

Ուկրաինայի բնակչության մոտ 17 տոկոսը ռուսներ են: Սակայն թվով 26 շրջաններից միայն Ղրիմում են ռուսները կազմում մեծամասնություն (58 տոկոս)… Մյուս շրջաններում ռուսների թիվը չի գերազանցում 15 տոկոսը:

Անգամ Դոնեցկում ու Լուգանսկում բնակչության ավելի քան 57 տոկոսը իրենց ուկրաինացի են համարում:

Ուստի, եթե անգամ էթնիկական հողի վրա Ուկրաինայի պառակտման հարց առաջանա, ապա միակ «պոկվողը» կլինի Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը:

Ինչպես հայտնի է, Ուկրաինայում բավականին տարածված է ռուսաց լեզուն: Բնակչության համարյա 30 տոկոսը մայրենի լեզու է համարում ռուսերենը: Անգամ էթնիկ ուկրաինացիների 15 տոկոսը նախընտրում է խոսել ռուսերեն:

Այնուամենայնիվ, շրջաններից միայն 3-ն են, որ ունեն ռուսախոս մեծամասնություն (Դոնեցկ՝ 75%, Լուգանսկ՝ 68 %, Ղրիմ՝ 77 %): Մնացած 23 շրջաններում բնակչության մեծամասնությունը խոսում է ուկրաիներեն: Այսինքն, կրկին, համարյա ոչ մի տեղ չկա շատ ուժեղ ճնշող ռուսախոս մեծամասնություն:

Պատմական

Ներկայիս Ուկրաինայի տարածքի տարբեր հատվածներ վերջին դարերում եղել են տարբեր պետությունների կազմում` Լեհաստան, Լեհ-Լիտվական ֆեդերացիա, Օսմանյան Կայսրություն, Ռուսաստան, Լիտվա, Մոլդովա, Հունգարիա, Ավստրո-Հունգարիա, Չեխոսլովակիա և անգամ Շվեդիա:

Բնականաբար, ամեն մի երկրի տիրապետության ներքո լինելուց այդ երկրից ինչ-որ ավանդույթներ են ժառանգվել: Իսկ տարբեր շրջանների՝ տարբեր պետությունների կազմում լինելու արդյունքում տարբերվում է նաև այդ շրջանների զարգացումը:

Օրինակ, 1930-ական թվականներին, երբ ռեպրեսիաներ և անգամ ցեղասպանություն համարվող «գլադոմորը» տիրում էին սովետական Ոկրաինայում, արևմտայն Ուկրաինան (Լվովը և հարակից շրջանները) Լեհաստանի կազմում էին և ապրում էին այդ թվականների լիարժեք եվրոպական կյանքով:

Դեռ այն ժամանակ, երբ քաղաքակրթությունը նոր էր հասնում Դոնեցկի կազակներին, Լվովում արդեն կար էլեկտրական տրամվայ (1984թ.):

Այսինքն, քանի դեռ արևմտյան Ուկրաինան զարգանում էր եվրոպական տեմպերով, հարավային և արևելյան Ուկրաինան Ռուսաստանի մասում «Աստծո կողմից մոռացված տարածք» էր:  Իհարկե, դա չի վերաբերում Ռուսաստանի կազմում գտնվող Կիևին, որը երբեմն Մոսկվայից և Պետերբուրգից ավելի զարգացած քաղաք էր:

Այս ամենի հետևանքով արևելյան Ուկրաինայում ձևավորված են մեզ քաջ հայտնի «գողական» ավանդույթները և հետխորհրդային տարածքներում բնակվողներին «հարիր» ռուսամոլությունը, ժողովրդավարության դեֆիցիտը: Իսկ ահա արևմտյան Ուկրաինան ավելի նման է Մերձբալթյան երկրներին, որոնք Սովետական Միության կազմում չեն եղել ամենադաժան տարիներին (1920-1945 թթ): Ուստի, այնտեղ շատ արագ վերականգնվեցին ժողովրդավարական ավանդույթները:

Մենք առաջիկայում կանդրադառնանք Սովետական Միության գաղափարական ժառանգությունից ծագող խնդիրներին:

Սակայն վերադառնալով Ուկրաինային՝ ընդգծենք, որ այս ֆոնին արդեն պարզ է, թե ինչու են Ուկրաինայի արևմտյան շրջանների պետ. ադմինիստրացիաները (մարզպետարանները) ընդդիմադիրների կողմից գրավված, կենտրոնական շրջանների ադմինիստրացիաները` գրավման վտանգի տակ, իսկ հարավ-արևմուտքում, հակառակը, հակամայդանյան ցույցեր են` «Եվրոպան գեյեր են» կարգախոսներով:

Առաջին լուսանկարը՝ http://newsradio.com.ua/rus-ից

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Մի բան կարելի է անկասկած համարել - ցանկացած ցնցում առաջին հերթին բերում է մեծ ավերածությունների: Հետո էլ աստված գիտե թե ինչ է հետեւում: Լարվածության ու ցնցումների իսկական պատճառը սոցիալական աննորմալ անհավասարությունն ու խոր անարդարությունն է, որից էլ օգտվում ու սպեկուլյացիա են անում բոլոր կողմերը՝ զանազան մեկնաբանումներով ու անհիմն խոստումներով: Ուկրաինան հավանաբար կավերվի երկար ժամանակով: Ռուսների վիճակը խիստ կդժվարանա, դրա հետ կապված մյուս պոստ-սովետ երկրներինը նույնպես: Ցանկացած երկրի հաջողության համար հարկավոր են ընդհամենը 3 - պարզ մանրունքներ՝ 1. ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, 2. ԱՇԽԱՏԱՆՔ, 3.ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter