
Մեզ հաջողվեց բացահայտել քաղաքացուն բռունցքով հարվածող ոստիկանին (տեսանյութ)
Մենք արդեն գրել էինք, որ դեկտեմբերի 20-ին Ազգային ժողովի դիմաց «գազային» պայմանագրի դեմ բողոքող քաղաքացիներից մեկը` Անտոն Իվչենկոն, բերման ենթարկվելու պահին բռնությունների ենթարկվեց:
Նրա քիթը ամբողջովին արյունլվա էր արվել, ինչն էլ պատճառ հանդիսացավ, որ Իվչենկոն հանցագործության մասին հաղորդում տա, որն այժմ քննվում է Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ): Սակայն, անհասկանալի պատճառներով, ՀՔԾ-ն դեռևս քրեական գործ չի հարուցել:
Թե՛ Իվչենկոն, թե՛ ՀՔԾ-ն չգիտեն, թե ով է եղել հարվածողը: Ոստիկանության մասին մեր հետաքննություններից մեկը կատարելիս մենք նաև բացահայտեցինք այդ օրը Իվչենկոյին հարվածող ոստիկանին:
Մասնավորապես, ուսումնասիրելով Civilnet առցանց հեռուստատեսության այդ օրը իրականացրած ուղիղ եթերի տեսագրությունը, մեզ հաջողվեց «բռնացնել» քաղաքացուն հարվածելու պահը:
Տեսանյութում հստակ երևում է, որ Իվչենկոն չի դիմադրում, իսկ իրեն բերման է ենթարկում Ոստիկանության Երևանի վարչության 4-րդ գումարտակի («հրեշտակների») մի ամբողջ ջոկ: Շատ պարզ է նաև բռունցքով դեմքին հարվածելու պահը:
Մեզ հետ զրույցում Անտոն Իվչենկոն, հաստատելով տեսանյութում երևացող հարվածի փաստը, նաև հայտնեց, որ ոստիկանների կողմից մեկական հարված է ստացել նաև այդ պահից առաջ և հետո, սակայն դրանք տեսանյութում չեն երևում: Ըստ նրա՝ քիթը արյունլվա անող հարվածը ժամանակագրական առումով վերջինն էր` տեսանյութում պատկերված հարվածից հետո և ոստիկանական մեքենա մտնելուց անմիջապես առաջ, երբ ոստիկանները մեջքով փակում են տեսախցիկի տեսադաշտը:
Իվչենկոն համոզված չէ, որ իր քիթն արյունլվա անող այդ վերջին հարվածի հեղինակը տեսանյութում պատկերված իրեն հարվածող ոստիկանն է, թեև գտնում է, որ վերջինս էլ պետք է պատժվի:
Այնուամենայնիվ, հույս ենք հայտնում, որ այս հրապարակման շնորհիվ քաղաքացուն հարվածող ոստիկանը, ում դեմքը երևում է, կպատժվի:
Ոստիկանները սիրո՞ւմ են բռունցքով քթին հարվածել
Այս պատմությունից ստացվում է, որ նույն օրը, նույն քաղաքացուն երկու անգամ են բռունցքով քթին հարվածել… Եվ չի բացառվում, որ հարվածողները տարբեր ոստիկաններ էին:
Ու թեև բռունցքով քթին հարվածելը որևէ կերպ չի կարող տեղավորվել ոստիկանի գործողությունների օրինականության մեջ (առավել ևս, երբ քաղաքացին չի դիմադրում), ըստ ամենայնի, դա բազմաթիվ ոստիկանների սիրած հարվածն է:
Շատերս ենք հիշում, թե ինչպես տեսախցիկների առաջ հատուկ գումարտակի ծառայող (կարմիր բերետավոր) Արթուր Ղազարյանը անցյալ տարվա ապրիլի 9-ին բռունցքով հարվածեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի քթին:
Էլ ավելի թարմ են օգոստոսին Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած դեպքերը, երբ բերման ենթարկվելիս, իր պնդմամբ, ոստիկանների կողմից դեմքին հարվածներ էր ստացել ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը: Ու թեև այդ հայտարարությանն ի պատասխան՝ Կիվիրյանի դեմ սուտ մատնության հոդվածով գործ հարուցվեց, միևնույն է, հանրությունը հակված է կարծելու, որ Կիվիրյանին ոստիկաններն են ծեծել:
Հոգեբանության ու սոցիոլոգիայի մի առանձին ուղղություն է պետք բացել ոստիկանների կողմից քթին հարվածելուն հակված լինելը և նման հակումով մարդկանց ոստիկանությունում հայտնվելը բացատրելու համար:
Այնուամենայնիվ, պարզ է, որ քանի դեռ նման մարդիկ ոստիկանությունում ծառայում են, որևէ մեկը ապահովագրված չէ առանց դիմադրության բերման ենթարկվելու ընթացքում բռունցքով քթին հարված ստանալուց:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել