Գյումրի-Ախուրյան երթուղին սպասարկում են «փափախչիները»
Արդեն մի քանի տարի է՝ ախուրյանցիները Գյումրի հասնելու համար օգտվում են ոչ թե հանրային տրանսպորտից, այլ անհատ տաքսիստների մատուցած ծառայությունից: Մոտ 7 տարի առաջ անձը 100 դրամով ուղեւորափոխադրումներ իրականացնող անհատ տաքսու վարորդները դուրս մղեցին Ախուրյան-Գյումրի երթուղին սպասարկող միակ հանրային փոխադրամիջոցը: Վերջինս ավելի մատչելի՝ 50 դրամ սակագնով էր իրականացնում ուղեւորափոխադրումը, բայց քանի որ հաճախականությունը չէր ապահովում, ախուրյանցիները կանգառներում երկար չկանգնելու համար սկսեցին օգտվել տաքսիների ծառայությունից:
«Տաքսի ծառայություն հասկացություն Ախուրյանում գոյություն չունի, կան փողոցի «փափախչիներ», թող ներեն այս բառիս համար, որովհետեւ հոգնել ենք այս ամենից,-ասում է Ախուրյանի համայնքապետ Արծրունի Իգիթյանը,- տաքսի ծառայությունը ենթադրում է, որ պիտի լինի ներհամայնքային, ինչպես Գյումրիում է, բայց մեզ մոտ նման ծառայություն իրականացնելու անհրաժեշտություն չկա իրականում: Մեզ մոտ գործում է Գյումրի-Ախուրյան միջհամայնքային ապօրինի տաքսի ծառայություն, որի աշխատանքը կանոնակարգելու իրավասություն մենք չունենք»:
Գուցե խնդիրը չբարձրաձայնվեր, եթե այս նույն «փափախչիները» ուղեւորափոխադրման կամայական գներ չսահմանեին. 2013թ.-ի հուլիսի 7-ից՝ մեկ անձի փոխադրավարձը 100-ից դարձնելով 150 դրամ: Անհատ տաքսիստները շատ լավ էին հասկանում, որ բնակիչը որքան էլ բողոքի՝ չունենալով այլընտրանք, Գյումրի հասնելու համար օգտվելու է իրենց առաջարկած ծառայությունից: Բնակիչների բողոքներին նրանք հակադարձում էին, որ գազը թանկացել է եւ գազալցակայաններում իրենք մեքենաները լիցքավորում են խմ-ը 200 դրամով եւ ամեն մի լիցքավորման համար 1200 դրամ ավել են վճարում, քան նախկինում:
Խնդիրը կարգավորելու եւ հանրային տրանսպորտը ախուրյանցիների կյանք վերադարձնելու նպատակով համայնքապետը դիմել է մարզային իշխանություններին: «Մարզպետարանի համապատասխան բաժինն էլ, բնականաբար, շարժվում է օրենքով: Գյումրի-Ախուրյան միջհամայնքային երթուղու համար մի քանի անգամ մրցույթ է հայտարարվել, բայց, չգիտես ինչու, ցանկություն հայտնողներ չկան: Ասում են՝ գիծը եկամտաբեր չէ, բայց դա ծիծաղելի պատասխան է: Եթե եկամտաբեր չէ, ապա ինչո՞ւ է քնից շուտ արթնացողն էս գծում տաքսի քշում»,- պարզաբանում է համայնքապետը:
Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանի փոխանցմամբ՝ իրենք առաջնորդվում են Կառավարության որոշումով: Այսինքն՝ թափուր երթուղիների մրցույթներ են հայտարարում, ներկայացված հայտերի հիման վրա քննարկում երթուղին տվյալ կազմակերպությանը շահագործման հանձնելու հարցը: Այլ տարբերակով որեւէ մեկին որեւէ երթուղի շահագործման հանձնելու իրավասություն չունեն: «Հունվարի 17-ին ստացել ենք միջհամայնքային երթուղիների համար հայտարարված հերթական մրցույթին մասնակցելու 10 փաթեթ: Ախուրյան-Գյումրի, Ախուրյան-Նոր Ախուրյան երթուղու համար որեւէ մեկը առաջարկ չի ներկայացրել»,-«Հետք»-ին փոխանցեց Խաչատուր Խնձրցյանը:
Գյումրի-Նոր Ախուրյան երթուղին շահագործելու համար ավագանու որոշմամբ անցած տարի համայնքը մոտ 2 մլն դրամով «Պազ» մակնիշի մեկ ավտոբուս էր ձեռք բերել, որն աշխատում է առավոտյան 8-ից մինչեւ երեկոյան 18-ը՝ հստակ ժամանակացույցով:
«Ավտոբուսը լուծում է հիմնականում նոր ախուրյանիցների խնդիրը,- ասում է Արծրունի Իգիթյանը,- մեզ գոնե երկու հատ գազել է պետք, որ սպասարկի Գյումրի-Ախուրյան երթուղին: Ի վերջո, մոտ 10 հազար բնակչություն ունեցող համայնք է, այդքան ենթակառուցվածքներ ունի, այդքան մարդ է աշխատանքի բերումով գնում-գալիս: Մենք անցյալ տարի գտանք երկու հոգու, որ գնացին լիցենզիա հանեցին ու պիտի հոկտեմբերի 1-ից աշխատեին, բայց քանի որ մեխանիկ ու բուժքույր չունեին՝ մրցույթը չանցան: Հիմա սպասում ենք, որ էդ հարցը լուծվի»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել