HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Լեւոն Արոնյան. «Ամեն պարտությունից հետո մտածում եմ, որ այլեւս չեմ կարող շախմատ խաղալ»

Հետք -Նոյեմբերի 25-ին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում Շախմատի համաշխարհային 38-րդ օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի հավաքականը երկրորդ անգամ դարձավ Օլիմպիական չեմպիոն: Հայաստանի  հավաքականը ներկայացնում էին գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը եւ Արտաշես Մինասյանը: Ստորեւ ներկայացնում ենք Հետքի թղթակիցների պատրաստած ակնարկները շախմատիստների մասին:

«Լեւոնը համեստ է, ընկերասեր: Դժվար է այդքան հաջողություններ ունենալ ու այդքան հասարակ մնալ, ինքը չնայած մեծություն է, բայց նրա հետ շատ հեշտ է շփվել»,- այսպես բնորոշեց Շախմատի օլիմպիական չեմպիոն Լեւոն Արոնյանին նրա թիմակից, Շախմատի օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանը:

Իսկ ամեն ինչ Լեւոնի համար սկսվեց այնպես, ինչպես բոլոր շախմատիստների համար: Նա ունեցավ առաջին մարզիչ` գրոսմայստեր Մելիքսեթ Խաչատրյան: Լեւոնը նրան շատ է գնահատում: Մանուկ հասակում հիմնականում բլից-շախմատ էր խաղում Մ. Խաչատրյանի առաջադրանքով: Ամենակարեւորը, սակայն, որ ստացավ Լեւոնը իր առաջին մարզչից` սովորեց արագ մտածել, սակայն, ինչպես ինքն է նշում. «Մեկ-մեկ տարվում եմ ու շատ արագ եմ խաղում, որը վնաս է բերում ինձ»: 

Հետո Լեւոնի համար սկսվեց շախմատի աշխարհում նոր բացահայտումների ժամանակաշրջանը, ինչին նպաստեց Արշակ Պետրոսյանը. «Նա ինձ օգնեց հասկանալ, թե ինչն է այդ խաղում իմը, ինչը` ոչ»,-ասում է Լեւոնը: Մարզիչներից բացի Լեւոնի շախմատային կարիերային նպաստող մյուս եւ ամենակարեւոր գործոնը քույրն էր. «Ես քրոջս հետ Բելառուսում էի` շախմատի մրցումների, բայց քույրս էր մրցողը: Նա տեսավ, որ ձանձրանում եմ ու որոշեց ինձ էլ շախմատ սովորեցնել, այդպես էլ առաջացավ իմ հետաքրքրությունը շախմատի նկատմամբ»: Մինչդեռ Լեւոնի հայրը` մասնագիտությամբ ֆիզիկոս, նաեւ մայրը` մասնագիտությամբ ինժեներ, յուրաքանչյուրը ցանկանում էր, որ Լեւոնն ընտրի իր մասնագիտությունը: 

Եթե նրանք ինչ-որ հույսեր ունեին, ապա դրանք մարեցին, քանի որ ժամանակը առաջ էր ընթանում, իսկ մարդիկ` փոխվում. «Երբ շատ ես խաղում ու ամեն անգամ ավելի ու ավելի լավ, ապա փոխվում է վերաբերմունքդ շախմատի նկատմամբ: Ես ընթացքում սկսեցի մտածել ոչ միայն իմ, այլ նաեւ մրցակցիս քայլերի մասին»: 

Մինչեւ մրցակցի հետ խաղը սկսելը, Լեւոնը հուզվում է, հատկապես, երբ խաղը թիմային է. «Հուզվում եմ նաեւ այն ժամանակ, երբ խաղից առաջ պարտություն եմ կրում. ամեն պարտությունից հետո մտածում եմ, որ այլեւս չեմ կարող շախմատ խաղալ»: Որպեսզի չպարտվես, պետք է շատ մարզվես, սա սպորտի օրենքն է, բայց Լեւոնն այս հարցում մի քիչ ծույլ է. «Առանց մարզվելու հաջողություն չես ունենա, բայց ես ավելի շատ մարզվում եմ, երբ ազատ ժամանակ եմ ունենում:  Տանը քիչ եմ մարզվում, բայց մրցաշարերից առաջ օրական 4-5 ժամ մարզվում եմ»,- ասում է օլիմպիական չեմպիոնը: Գաբրիելն էլ նկատում է. «Ինքը ծույլ չի, բայց շախմատ քիչ է պարապում, փոխարենը անընդհատ կարդում է, երաժշտություն է լսում, միշտ մի հետաքրքիր բանով է զբաղվում»: Երաժշտություն լսելն էլ պարտադիր է. «Խաղից առաջ պարտադիր  երաժշտություն եմ լսում, լինում է` դասական, լինում է` ջազ»,- կիսվում է Լեւոն Արոնյանը: Նա, ի դեպ, փոքր ժամանակ դաշնամուրով էր զբաղվում, իսկ հիմա... «Չէ... (ժպտում է), հիմա չեմ զբաղվում, նախընտրեցի շախմատը»:  

Ըստ Լեւոնի` փոքր ժամանակ ինքը շատ «հանգիստ երեխա էր», եւ մանկության միակ խենթությունը գիրք կարդալն էր, որը  փոքրուց բնավորության գիծ դարձավ. «Ինչ տանը գտնում էի, կարդում էի, բայց առանց հասկանալու»:

Գուցե Լեւոնի համար մարզվելն այդքան էլ կարեւոր չէ. չէ որ նա շախմատին մոտենում է որպես արվեստի, թեեւ «Հաղթում է նա, ով սպորտային մասն է գնահատում»: Արոնյանը շախմատում կարեւորում է նաեւ հիշողությունը, ինչը, ըստ նրա, փոխհատուցում է շախմատային տեսությանը. «Բայց ես լավ հիշողություն չունեմ, այլ ձեւով եմ յոլա տանում»: Այլ ձեւը, թերեւս, վստահությունն է սեփական ուժերի նկատմամբ, որը տարիների աշխատանքի արդյունքն է. «Սկզբում մտածում էի, որ ոչ ոքին էլ վատ չէ, բայց երբ հաղթանակներ ես ունենում, սկսում ես ավելի վստահ վերաբերվել քեզ շրջապատող ամեն բանի»: Հաղթանակները Լեւոնին վստահություն են տալիս, այդպես է նաեւ այս անգամ` Դրեզդենի 38-րդ օլիմպիադայից հետո. «Հաղթանակը ինձ տվեց նոր վստահություն, նոր ձեւի նայեցի թիմին` մեր թիմի տղաները հզոր են»: Իսկ թիմի տղաները Լեւոնից ավելին են սպասում, քանի որ գիտեն նրա անգերազանցելի  մտավոր ունակությունները. «Այս անգամ խաղում էր վստահ, բայց նրա պոտենցիալը ավելին է, կարող է ավելի բարձր միավորների քանակ բերել»,- ասում է Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը: Թիմակիցները Լեւոնով հպարտանում են. «Ուրախ եմ, որ մի թիմում նրա հետ խաղում եմ»,- ասում է Օլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանը: 

Լեւոնը, ինչպես ինքն է նշում, երբեք լավ ընկերների պակաս չի զգացել: Ընկերները միշտ կողքին էին, այդ է, որ նրան ուժ տվեց 2001 թ. տեղափոխվելով Երեւանից Գերմանիա` դիմակայել կյանքում միանգամից ծառացած մի քանի խնդիրների. «Սկզբից դժավար էր: Չգիտեի` շախմատ պիտի խաղամ, թե չէ, ես մի բանի կհասնեմ, թե չէ: Ես չէի տեսնում իմ կյանքի ուղիղ ճանապարհը: Երբ սկսեցի Գաբրիելի հետ խաղալ, հասկացա, որ կարող եմ մի բանի հասնել, հավատացի, դրանից հետո իմ կյանքը հեշտացավ: Հետո` Գերմանիան իմ հայրենիքը չէ, ես շատ եմ կարոտում, այսքան ընկերներ ունեմ Երևանում ու ամեն անգամ բաժանվելիս ներքին դժվարություններ եմ հաղթահարում»: Իսկ թե որն էր ընտանիքով Գերմանիա տեղափոխվելու պատճառը, Լեւոնը նախընտրում է չհիշել, միայն. «Լինում է, որ մարդիկ արդարացի չեն վարվում քեզ հետ, ու դու ստիպված ես լինում փոխել քո վարքագիծը»:

Ապրելով Գերմանիայում` Լեւոնը գիտակցում է, թե ով է ինքը եւ որտեղ են իր արմատները, ուստի իր կյանքում շատ մեծ ու կարեւոր տեղ է տալիս ընտանիքի գաղափարին, բայց դեռեւս չի պատրաստվում ընտանիք կազմել, քանի որ ընտանիքը նվիրում ու ժամանակ է պահանջում: Գնահատելով ընտանեկան ջերմությունը` Լևոնը կախված է ժամանակից. «Շատ կախված եմ ժամանակից, չեմ կարող ինձ թույլ տալ չխնայել ժամանակս»: Նրա ընկերուհին` Արիան Քվոյլին, դեմ չէ ոչինչ չպարտադրող հարաբերություններին: Արիանը գնահատում է Լեւոնին եւ բնութագրում նրան երկու բառով. «Ինտելիգենտ է եւ հրապուրիչ»:

Լեւոն Արոնյանը գոհ է իր կյանքից, այն իրավիճակից, որը հիմա տիրում է: Նա գոհ է նույնիսկ իր շախմատային աշխատավարձից, որը թույլ է տալիս նրան ունենալ այն ամենը, ինչի կարիքն ունի…չմոռանանք, որ Լեւոնը համեստ է: Չեմպիոնը կյանքում կարեւորում է բարձր տրամադրությունը, որը թույլ է տալիս ամեն բան հաճույքով անել, իսկ Լեւոնի տրամադրությունը բարձրանում է ինչպես լավ լուրից, այնպես էլ. «Հաճախ լինում է, որ ես էլ չեմ հասկանում, թե ինչից է տրամադրությունս բարձրանում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter