
Բանտը իմ տունը չի դառնա. հոգիս այստեղ չէ
Մհեր Ենոքյան
«Հետք» կայքի թղթակիցը բանտում
Հիմա փորձում եմ է՛լ ավելի պատասխանատու մոտենալ գրածս ամեն տողին: Պարտավորեցնող է, երբ քեզ վստահում են մամուլում գրելու գործը: Մասնագիտությամբ լրագրող չեմ, թեպետ կուզեմ լրագրության մասին սկսնակների համար նախատեսված որոշ ուղեցույցներ կարդալ:
Մի քանի օրից կհանձնեմ վերջին երեք քննություններն ու կտեղափոխվեմ երկրորդ կուրս: Լինելով 38 տարեկան տղամարդ՝ 17-ամյա ուսանողի պես ամեն անգամ հուզվում եմ, երբ դասախոսները գալիս են բանտ, և ես հանձնում եմ բանավոր քննություններս:
Երբ անցան ամանորյա ոչ աշխատանքային օրերը, ու դարձյալ սկսեցի համակարգչի սենյակում իմ երեքժամյա պարապմունքները, դուռը բացվեց, ներս մտավ ցմահ դատապարտյալներին ամեն հինգշաբթի այցելող Տեր Գրիգորը: Նրա հետ եկեղեցու ևս երեք սպասավորներ էին, մեկուսարանի չորս աշխատակից, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական բաժնի աշխատակցուհին: Սենյակի մեջտեղի կլորավուն սեղանին դրվեց հաց, աղ և ջուր: Մեկուսարանի աշխատակիցների համար Տնօրհնեքի արարողություն պիտի կատարվեր: Մինչ այդ, Տեր Գրիգորն արդեն այցելել էր բանտարկյալներին, մտել ամեն խուց, շնորհավորել Սուրբ ծննդի կապակցությամբ:
Ես, անձամբ, տարանջատում եմ հավատն ու կրոնը: Կրոնն ինձ համար հոգևոր քաղաքականության տեսակ է, որը հիմնված է մարդկանց «հոգևոր բնազդի» վրա, իսկ հավատը` մաքուր, պարզ զգացողություն է, որում կա հզոր դրական էներգիա, լիցք: Տեր Գրիգորի հետ երկու անգամ զրուցել ենք նաև այս անվերջանալի թեմայի շուրջ: Խնայելով ընթերցողի համբերությունը՝ առավել մանրամասն չեմ շարադրի իմ պատկերացումները կրոնի, հավատի տարանջատման մասին:
Տեսնելով արարողության պատրաստությունը՝ անջատեցի համակարգիչս և պատրաստվում էի վերադառնալ խուց: Ցմահ բանտարկյալների բաժնի պատասխանատուներից մեկն ասաց. «Մհե՛ր, մի՛ գնա, համարյա մի ընտանիք ենք: Դու էլ ամեն օր երեք ժամ այս աշխատասենյակում ես սովորում»: Հետաքրքիր մի իրավիճակ. սեղանի շուրջ միասին կանգնած էինք մեկուսարանի աշխատակիցներ, ցմահ բանտարկյալ և հոգևորականներ: Բոլորս միասին աղոթեցինք, իսկ երբ արտասանեցինք «Հայր մերը», Տեր Գրիգորը օրհնեց հացը, աղը, ջուրը՝ կատարելով Տնօրհնեքի ողջ արարողությունը: Դրանից հետո բոլորս միասին աղ ու հաց կիսեցինք:
Իրապես, Աստծո առաջ հավասար ենք թե՛ դատապարտյալ, թե՛ բանտի աշխատակից: Կուզեի, որ որևէ մեկս չմոռանար այս մասին: Բանտապահների համար էլ բանտը յուրահատուկ տուն է դառնում, քանի որ այստեղ նրանք անցկացնում են իրենց օրվա մեծ մասը: Եվ ինչպես կալանավորներն են ասում՝ առավոտյան նրանք կամովին բանտարկվում են, իսկ ուշ երեկոյան՝ ազատվում, որպեսզի հաջորդ օրը նորից վերադառնան բանտ:
Սեղանի շուրջ կանգնած՝ երբ աղոթում էինք միասին և աղ ու հաց կիսում, հաճելի զգացողություններ էին: Բայց բանտը երբեք իմ տունը չի դառնա, քանի որ 18 տարի շարունակ հոգիս, միտքս ու սիրտս այս պատերից դուրս են՝ իմ իսկական տանը, հարազատներիս հետ: 18 տարվա համառ պայքար հանուն արդարաԴԱՏության և ոչ՝ արդարության: Արդարության զգացողությունն ապրում է մեր ներսում, իսկ արդարադատությունն իրականացվում է հասարակության անունից՝ հանուն պետության:
Փաստորեն, ո՛չ արդարադատություն, ո՛չ գթասրտություն… անգամ 2001թ., երբ Հայաստանում տոնում էին քրիստոնեության՝ որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակը, որևէ անդրադարձ չկատարվեց պատժի առավելագույն չափի դատապարտվածներին, անտեսվեց նաև այն, որ այս մարդիկ մինչև 2001-ը անցել են իսկական դժոխքի միջով, որ 20-րդ դարի քաղաքակրթության պայմաններում մարդկանց պահել են կենդանիների պես՝ ծեծի, սովի, սարսափի մեջ: Ցմահ բանտարկյալներն, այնուամենայնիվ, մեծ հավատով ու հույսով սպասում էին, որ 2001-ին Վեհափառի և ՀՀ նախագահի կողմից գթասրտություն կցուցաբերվի նաև դատապարտյալների այս խմբի նկատմամբ: Ավա՛ղ…
Ասում են՝ հույսը մահանում է վերջում, հավատը մարդու նկատմամբ նույնպես կարող է մահանալ, երբ չկա սեր: Եվ թող Հավատն ու Սերն առ Աստված պահպանի մարդու մեջ ՄԱՐԴՈՒՆ:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել