HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Մերաբ Սուսլովի փաստաբանը հայտարարում է. «Նրան գերի են վերցրել»

Այս օրերին Ուկրաինայի իրադարձություններին հետեւող մամուլը հաճախակի է առիթներ ունենում զուգահեռներ անցկացնելու ֆաշիստական Գերմանիայի եւ Ուկրաինայի իրավապահների միջեւ: Հանրությունը ցնցված է ընդդիմադիրներին առեւանգելու եւ 20 աստիճան սառնամանիքին խոշտանգելուց հետո մորեմերկ անտառի խորքերում թողնելու պատմություններից: Այդ պատմություններն ու տեսանյութերը եթե չլինեին (որոնց տարածողները նաեւ ոստիկաններն են), թերեւս չափազանցված համարեինք կալանավոր Մերաբ Ալոյան-Սուսլովի նամակներում նկարագրված դաժանությունները:

Կիեւի Լուկյանովսկի բանտում արդեն երեք տարի կալանքի տակ գտնվող Հայաստանի քաղաքացին Հայաստանի նախագահին եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներին գրած նամակներում պատմում է իր եւ իր հարազատների նկատմամբ դրսեւորվող անօրինականությունների, խոշտանգումների, դաժան եւ անմարդկային վերաբերմունքի մասին:

«Խցում չկա բնական լույս, պատուհանը փակված է տախտակով, որը թույլ չի տալիս օդ ներթափանցել, չկա սեղան, աթոռ: Խուցը շուրջօրը հսկվում է տեսախցիկներով, հսկվում են բոլոր անձնական տարածքները, այդ թվում՝ զուգարանը: Ինձ հարկադրում են ստորանալ, խոշտանգում են, սպառնում են սպանել բանտում»,- գրել է Մերաբ Սուսլովը:

Մերաբ Ալոյան-Սուսլովը, նրա փաստաբաններն ու հարազատները Ուկրաինայի եւ Հայաստանի իշխանություններին հղած բազմաթիվ գրություններով տեղեկացրել են, որ նրա կյանքը լրջորեն վտանգված է: Հայտնել են, որ նրան թունավորելու փորձ են արել՝ անհայտ անձից նրա անունով ուղարկված սննդի միջոցով եւ միայն պատահականության շնորհիվ է ողջ մնացել:  Նրա նկատմամբ շարունակաբար հնչում են սպառնալիքներ բանտի աշխատակազմի եւ ղեկավարության կողմից, ովքեր նրա դեմ հրահրում են նաեւ այլ կալանավորների: Հարցաքննության, բաղնիք կամ դատարան են ուղեկցում դիմակներով քողարկված հատուկ զինվորականներ, որոնք աչքի են ընկնում առանձնահատուկ կոպտությամբ եւ անհարկի ֆիզիկական ուժ կիրառելու նախատրամադրվածությամբ:

Խցից դուրս տեղաշարժվելիս նրանք, որպես կանոն, կալանավորին ձեռնաշղթա են հագցնում, եւ ձեռքերը մեջքի կողմից բարձր վիճակում պահելով ստիպում են տեղաշարժվել դեմքով եւ մարմնով հատակին կքած վիճակում, որն անասելի ցավ է պատճառում, ինչպես նաեւ նվաստացնում են կալանավորի արժանապատվությունը: Դատարանի ճաղավանդակում նստեցնում են ձեռնաշղթաներով, մեկ անգամ էլ դատարան են տարել պարկը գլխին հագցրած: Դահլիճում պարկը հանելուց հետո Մ. Սուսլովը տեսել է, թե ինչպես են տուժողի հարազատները ծիծաղելով լուսանկարում իրեն բջջային հեռախոսներով: Մեկ այլ դեպքում՝ բանտի աշխատակիցը Մ. Սուսլովի վզից պոկել է նրա կրոնական համոզմունքը արտահայտող սիմվոլը եւ նետել զուգարանը:

Մ. Սուսլովի փաստաբան Մարինա Զայցեւան 04.10.2013թ.-ին ՀՀ Օմբուսմենին հղած նամակում ասում է, որ մտացածին պատճառներով նա պատժախցում անցկացրել է երկու շաբաթ, հետո նրա նկատմամբ կիրառվել է մեկ այլ պատժատեսակ՝ երեք ամսով տեղավորել են մենախուց՝ կտրելով բոլոր կապերը արտաքին աշխարհի հետ։ «Սուսլովը հացադուլ է սկսել եւ փաստաբան է պահանջում: Յուրաքանչյուր օրը նրա համար հիմա տանջանք է եւ կարող է վերջինը լինել: Ի՞նչ է կատարվում նրա հետ հիմա, որ ոք չգիտի... Նրան լիովին մեկուսացրել են արտաքին աշխարհից, նրան գերի են վերցրել»,- ասվում է նամակում:

Ռուսաստանում եւ Ուկրաինայում հայտնի գործարարը իր նկատմամբ դրսեւորվող անմարդկային, դաժան վերաբերմունքը պայմանավորում է իր ձեռնարկատիրական գործունեությամբ: «Ուկրաինայի բարձրաստիճան չինովնիկները համառորեն պահանջում են, որպեսզի որդիս՝ Ռոման Սուսլովը, հրաժարվի Ուկրաինայում ունեցած իր սեփականությունից, որը միլիոնավոր դոլարներ արժե եւ որի համար ինձ վրա սարքեցին այս սպանությունը»,- նշում է նա իր դիմումներում (որդուն թույլ չեն տալիս մուտք ունենալ Ուկրաինա-հեղ.):

2013թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված դիմումում Մ. Սուսլովը ներկայացրել է իր հարազատների նկատմամբ դրսեւորվող դաժանությունները: «Դատարանի շենքում ծեծել են իմ հարազատներին ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, ովքեր ոչ միայն չեն հակազդել նրանց, այլեւ ուժով հորս քաշ են տվել զուգարան, որպեսզի լվանալով մաքրեն արյան հետքերը: 76 տարեկան հորս 11 ատամները ջարդել էին, կոտրել էին քիթը եւ ուղեղի ցնցումով հոսպիտալացրել նրան: Մի քանի օր հետո ծեծել էին իմ 75-ամյա մորը, որից հետո նա ոտքի բաց կոտրվածք ունեցավ: Քանի որ մայրս շաքարային դիաբետ ունի, վերքը չլավացավ եւ ոտքը անդամահատեցին: Արդեն մեկ տարի է իմ հարազատներին չի հաջողվում քրեական գործ հարուցել ծեծի փաստով: Ոստիկանությունն ու դատախազությունը կատարյալ անգործություն են ցուցաբերում: Նրանք սարսափով վերադարձան Հայաստան՝ ինձ միանգամայն միայնակ թողնելով այստեղ»,- հայտնել է Սուսլովը:

Հայաստանի բարձրաստիճան ղեկավարությանն ու հանրապետության նախագահին ուղղված դիմուներով Մերաբ Ալոյան-Սուսլովը, նրա ծնողները, որդին, փաստաբանները, «Հայաստանի եզդիների ազգային միության» նախագահ Ազիզ Թամոյանը խնդրել են, որ Հայաստան պետությունը անտարբեր չգտնվի իր քաղաքացու նկատմամբ: «Մեր որդին՝ Մերաբ Ալոյանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Նա ԱՊՀ երկրներում հայտնի ձեռնարկատեր է: Նրան շատ լավ գիտեն Հայաստանի Հանրապետություն գործարար շրջանակներում, քանի որ ներգրավված է եղել մի շարք խոշոր պետական ծրագրերում, օրինակ, Իրան-Հայաստան գազի ներկրման խոշոր ծրագրում»,- հիշեցրել են նրանք: Մ. Սուսլովին խոշտանգումներից ազատելու եւ նրա անվտանգությունն ապահովելու համար հորդորել են, որ Ուկրաինայում Հայաստանի հյուպատոսը այցելի նրան բանտում:

Տասնյակներով գրված դիմում-խնդրանքներին ընդառաջելով մեկ անգամ հյուպատոսության աշխատակիցն այցելում է Մ. Սուսլովին, որից հետո ՀՀ արտգործնախարարության հյուպատոսական վարչության պետի պարտականությունները կատարող Վլադիմիր Կարմիրշալյանը պատասխանում է «Հայաստանի եզդիների ազգային միության» նախագահ Ազիզ Թամոյանին: «... դեսպանության աշխատակիցն այցելել է կալանավայրում Մերաբ Սուսլովին: Այցելության ընթացքում Մ. Սուսլովն իր անհամաձայնությունն է հայտնել ուկրաինական դատարանի կողմից իր նկատմամբ կայացված դատավճռի կապակցությամբ, ինչպես նաեւ տեղեկացրել է, որ վերջին ամիսների ընթացքում քննչական մեկուսարանի պայմանները եւ դրա աշխատակիցների վերաբերմունքն իր նկատմամբ բարելավվել են»:

Ըստ էության ոչինչ չստանալով այդ այցից, Մ. Սուսլովը հետագայում դարձյալ ՀՀ նախագահին ուղղված գրության մեջ ասում է. «Այդպիսի դիվանագիտական ձեւակերպումը ոչ միայն ոչինչ չի ասում իմ բողոքների մասին, որոնք ես հայտնել էի դեսպանատան աշխատակցին, այլեւ ամբողջովին խեղաթյուրում է իմ խնդրանքով կայացած այդ հանդիպման նպատակը: Ստացվում է, որ ես ՀՀ դեսպանատան աշխատակցին խնդրել եմ այցելել ինձ միայն այն բանի համար, որ պատմեմ, թե ինչպես են <բարելավվել> քննչական մեկուսարանում իմ պահման պայմանները  եւ աշխատողների վերաբերմունքը իմ նկատմամբ: Եթե դեսպանատան աշխատակիցը, իրոք, հայտնել է վերոհիշյալի մասին, ապա դա նշանակում է, որ նա միտումնավոր խեղաթյուրել է իրականությունը եւ այդպիսով որպես պաշտոնատար անձ կատարել կեղծիք»,- հայտնել է նա՝ պահանջելով հյուպատոսական բաժնի աշխատակցի երկրորդ այցը, որին կփոխանցի բանտում իր ֆիզիկական անվտանգության եւ կեցության մասին  տեղեկատվությունը:

Մ. Սուսլովի ծնողները ՀՀ նախագահին խնդրել են կրկին աջակից լինել իրենց եւ հրահանգել Հայաստանի իրավասու մարմիններին, որ միջոցներ ձեռնարկեն պարզելու համար իրենց որդու գտնվելու վայրը եւ ապահովեն նրա անվտանգությունը: Տեղեկացրել են, որ մի քանի մահափորձեր են տեղի ունեցել նրա նկատմամբ այլ կալանավորների կողմից, ում հրահրում է կալանավայրի ղեկավարությունը: «Քանի որ մեր որդին իր իրավունքների համար պայքարելով նրանց համար դարձել է մեծ խնդիր, ցանկանում են ազատվել նրանից եւ այդ պատճառով էլ որոշել են նրան ուղարկել այլ կալանավայր, որտեղ հնարավոր չի լինի վերականգնել նրա հետ կապը: Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանատան աշխատակիցներն այցելեն նրան նոր կալանավայրում: Ուկրաինայի իշխանությունները եթե տեսնեն, որ նրանով հետաքրքրվում են Հայաստանի իշխանությունները, նրանք չեն կարող Մերաբի կյանքին սպառնալ: Խնդրում ենք փրկել նրա կյանքը»,- գրում են ծնողները:

Հյուպատոսարանի աշխատակցի երկրորդ այցն այդպես էլ տեղի չի ունենում: Ուկրաինական մամուլը պարբերաբար տեղեկացրել է, որ Մ. Սուսլովը շարունակաբար ենթարկվում է խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի, Հայաստանի հյուպատոսությունը տեղեկացված էր այդ ամենին, սակայն չի հետաքրքրվել իր քաղաքացու ճակատագրով:

Մերաբի ծնողները շարունակում են իրենց որդուն փրկելու եւ նրան Հայաստան արտահանձնելու ուղիներ որոնել, որպեսզի, եթե նա դատապարտվի Ուկրաինայում, այնուամենայնիվ, պատիժը կրի Հայաստանում։ ՀՀ արդարադատության եւ արտաքին գործերի նախարարներին խնդրել են միջոցներ ձեռնարկել դատապարտումից հետո նրա արտահանձնումը կազմակերպելու համար: ՀՀ արտգործնախարարությունը 10.07.2013թ. հորը՝ Օթար Ալոյանին փոխանցել է, որ Ուկրաինայում դատապարտված Մերաբ Սուսլովին Հայաստան տեղափոխելու վերաբերյալ՝ դատապարտյալի փոխանցման մասին դիմումները պետք է ուղարկվեն հայցվող պետության արդարադատության նախարարության կողմից: Պատասխանները պետք է փոխանցվեն միեւնույն ուղիներով: Առաջարկում ենք դիմել համապատասխան իրավասու մարմնին՝ ՀՀ արդարադատության նախարարությանը:

Հ.Գ. Մերաբ Ալոյան-Սուսլովի նամակներում նկարագրված դաժանություններն ինձ հիշեցրին Գերմանիայի ազատազրկման վայրեր այցելած հայաստանցի փաստաբանների պատմություններից մեկը: Բանտի բարեկեցիկ պայմաններից զարմացած փաստաբաններին գերմանացի աշխատակիցն այսպես էր պատասխանել. «Մենք նրանց զրկել ենք ազատությունից, չենք զրկել արժանապատվությունից»: Մինչդեռ, Ուկրաինայում այսօր զրկում են ե՛ւ ազատությունից, ե՛ւ արժանապատվությունից: