
Տավուշի խնդրով ՀՀ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ին կարող է, պետք է դիմի
Նարեկ Սէֆէրեան
Տավուշի մարզի ուղղությամբ կրակելով՝ Ադրբեջանի Հանրապետությունը միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ է հանդես գալիս, ու Հայաստանի Հանրապետությունը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, լիիրավ օժտված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու այս հարցով:
Միջազգային իրավունքի առանցքային կետը պետությունների միջեւ ուժի կիրառման կարգավորումն է: Երկրորդ աշխարհամարտի դաժան իրականությունից ելնելով, ՄԱԿ-ի Կանոնադրությամբ արգելվեց պետությունների ուժի կիրառումը մեկը մյուսի նկատմամբ:
Կան երկու բացառություն հենց այդ փաստաթղթում: Մեկը՝ Անվտանգության խորհրդի հավանությունն է: Եթե ԱԽ-ը որոշում ընդունի ըստ Կանոնադրության 7-րդ գլխի, պետությունները կարող են ու անգամ պարտավոր են ուժ օգտագործել՝ միջազգային խաղաղությունը վերահաստատելու համար:
Երկրորդ բացառությունը ինքնապաշտպանությունն է կազմում: Սակայն դա եւս կարող է տեղի ունենալ միայն ԱԽ-ին անհապաղ տեղեկացմամբ, «քանի դեռ Անվտանգության խորհուրդը չի ձեռնարկի միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման միջոցառումներ» (ՄԱԿ-ի Կանոնադրություն, Հոդված 51):
Վերջին տասնամյակի ընթացքում մի երրորդ բացառություն եւս ի հայտ է եկել՝ մարդասիրական միջամտությունը, երբ ակնհայտ մարդկային աղետ կանխելու համար է ուժ կիրառվում պետությունների կողմից: Դրա օրինակներից մեկը մի քանի տարի առաջ Լիբիայի դեմ ռազմական գործողություններն էին: Սակայն այս հանգամանքը դեռեւս վիճահարույց է մնում, ու մեր պարագայում դեր չի խաղում:
Մեր պարագայում կա հստակ սահման Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջեւ, որ ոչ միայն միջազգայնորեն է ճանաչված, այլ ե՛ւ Երեւանի, ե՛ւ Բաքվի կողմից է ընդունված:
Խոսքը Արցախի ու Ադրբեջանի շփման գծի մասին չէ: Երբ այնտեղ կրակոցներ են արձակվում՝ ցավոք շատ հաճախ, դա կարելի է բացատրել դեռեւս չլուծված տարածքային բախումից: ՄԱԿ-ում, ամեն դեպքում, կասեին որ Լեռնային Ղարաբաղի խնդրով արդեն միջազգային մանդատով զբաղվում է ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը:
Երբ, սակայն, փամփուշտները հատում են Տավուշի միջազգային սահմանները՝ ինչպես վերջերս դարձյալ շատ հաճախ է տեղի ունենում, դա արդեն կարելի է որակել որպես միջազգային իրավունքի անմիջական խախտում: Հետեւելով ՄԱԿ-ի Կանոնադրության Հոդված 2(4)-ին, ուժի գործադրումը կամ դրա սպառնալիքը Հայաստանի Հանրապետության Տավուշի ու Գեղարքունիքի մարզերի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության Ղազախ, Աղսթաֆա, Թովուզ, Գեդեբեյ, ու Դաշքեսեն շրջաններից Միավորված ազգերի նպատակներին անհարիր է: Նույնը, իհարկե, Հայաստանի Արարատ, Վայոց ձոր, ու Սյունիք մարզերի, ու Ադրբեջանի էքսկլավ՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանն է վերաբերվում:
Ահա եւ սա է էական տարբերությունը պաշտոնական սահմանի ու կոնֆլիկտի առարկա շրջանի զինվորական դիրքերի միջեւ: Գուցե ողջամիտ խոհեմություն է պատասխան կրակոցներով հանդես չգալը Տավուշում, որպեսզի չբորբոքվի լարվածությունը, թեեւ այդ նույն խոհեմությունը Արցախում չի ցուցադրվում: Համենայն դեպս Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի է եւ պետք է կոնկրետ այս փաստարկով հանդես գա ՄԱԿ-ում ու միջազգային ասպարեզի այլ դաշտերում (ՀԱՊԿ-ի շրջանակներում, օրինակի համար), որ երաշխավորվի Տավուշի սահմանամերձ բնակիչների առօրյա անվտանգությունը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել