HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրանյութ՝ Ռուսաստանից. էլցանցերի աշխատակիցը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության «Դեբեդ» մասնաճյուղի «Աբովյան 2» տեղամասի պետ Արայիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ առանց իրացնելու նպատակի զգալի և առանձնապես խոշոր չափերով, և երկրորդ դրվագով՝ խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու և պահելու համար:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Սարգսյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ ութ տարի ժամկետով: Դատավճիռը բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարան, սակայն բողոքը մերժվել է: Վճռաբեկ բողոք ներկայացնելու մեկամսյա ժամկետը դեռ չի լրացել:

Գործով պարզված հանգամանքներով` Արայիկ Սարգսյանն առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր և խոշոր չափերի թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու նպատակով մեկնել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաք, որտեղ «քննությամբ չպարզված անձից» իր գործածման համար ապօրինի ձեռք բերել առանձնապես խոշոր չափերի` 5.76 գրամ «կոկաին» (1 գրամը՝ 3.200 ՌԴ ռուբլով` 43.200 ՀՀ դրամով), և խոշոր չափերի` 2.51 գրամ «մեթադոն» տեսակի թմրամիջոցներ (1 գրամը՝ 3.000 ՌԴ ռուբլով` 40.500 ՀՀ դրամով):

Թմրամիջոցները աննկատ և ապահով Հայաստան տեղափոխելու նպատակով նա նշված թմրամիջոցները փաթեթավորել է պոլիէթիլենային տոպրակներիի մեջ` տեղավորելով աղինքերի լուսանցքում և «Զվարթնոց» օդանավակայանով ապօրինի փոխադրել Հայաստան:

Դատական ակտում չի նշվում, թե ինչ հիմքով են ոստիկանության աշխատակիցները Հայաստան ժամանելու օրը ձերբակալել Արայիկ Սարգսյանին: Նա բերման չի ենթարկվել անմիջապես օդանվակայանից: Ոստիկանները Սարգսյանին ձերբակալել են Էջմիածին-Աշտարակ ճանապարհին, իսկ նրա օրգանիզմում թմրանյութի առկայության մասին իմացվել է միայն այն ժամանակ, երբ մինչ ոստիակնության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն հասնելը Սարգսյանի ինքնազգացողությունը վատացել է, և «կասկածյալի տարօրինակ վարքը ստիպել է» ոստիկաններին նախ մտնել  «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:  Բժիշկը նրա աղիների լուսանցքից հանել է ընդհանուր մոտ 35 գրամ զանգված՝ փաթեթավորված մոտ 9սմ երկարության պոլիէթիլենային թափանցիկ թաղանթի մեջ:

 Դատաքիմիական փորձագետը Հայաստանում հաստատել է սակայն, որ Սարգսյանի ձեռք բերածն ամբողջությամբ թմրանյութ չէ: Փաթեթի 16 գրամանոց բաց կաթնագույն զանգվածից «մեթադոնի» քաշը կազմել է 2.51 գրամ, մնացածը եղել է «դիմեդրոլ» տեսակի դեղամիջոց:

Դատական ակտում նշվում է այն բաժանորդի ռուսական հեռախոսահամարը, որին Սարգսյանը զանգել ու հեռախոսազրույց է ունեցել թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ: Սակայն այդ բաժանորդը դատարանի համար մնացել է «քննությամբ չպարզված անձ»: Ոչ ոք չի պատժվել Սարգսյանին «կոկաին» ու «մեթադոն», ինչպես նաև խաբեությամբ մեթադոնի փոխարեն մեծ քանակությամբ «դիմեդրոլ» վաճառելու համար:

Դեպքից երկու օր անց ոստիկանները խուզարկել են Սարգսյանի՝ Վանաձորի բնակարանը: Գտնվել է խոշոր չափերի` 0.028 գրամ, «կոկաին» և զգալի չափերի` 0.283 գրամ, «մեթադոն» տեսակի թմրամիջոցներ: Նախաքննության փուլում ամբաստանյալը ցուցմունք է տվել, որ բնակարանում գտնված  այդ թմրամիջոցները պատկանել են իրեն. չի հիշում, թե երբ և ումից է դրանք ձեռք բերել, սակայն ձեռք է բերել իր գործածման համար, որի գոյության մասին մոռացել է:

Իսկ ՌԴ-ից թմրանյութ բերելու պատմությունը Ա. Սարգսյանը այսպես է մանրամասնել: Պատմել է, որ մեկնել է Մոսկվա, ապա՝ Սանկտ Պետերբուրգ, այնտեղ հանդիպել է ազգությամբ գնչու ոմն Սելային և նրանից ձեռք բերել մոտ 6 գրամ «կոկաին» և մոտ 16 գրամ «մեթադոն»: Ընդհանուր 60 հազար ՌԴ ռուբլի արժողությամբ թմրամիջոցները «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխել է Հայաստան:

Դատանարկոլոգիական փորձագետի  եզրակացության համաձայն` Արայիկ Սարգսյանը տառապում է «Հոգեկան և վարքային խանգարումներ ափիոնատիպ նյութերի գործածման հետևանքով» ախտորոշմամբ, սակայն հարկադիր բուժման կարիք չունի, քանի որ գտնվում է կլինիկական հսկողության տակ փոխարինողներով (մեթադոն):

Նյութը՝ datalex.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter