HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Գաբրիել Սարգսյան. ուզում էր ֆուտբոլիստ դառնալ, խաղում է շախմատ, սակայն ամենագեղեցիկ սպորտը համարում է բիլիարդը

1989 թվական. 6-ամյա Գաբրիելը իրենց բակում ուշադիր հետեւում է Սարգիս պապիկի եւ նրա ընկերոջ շախմատային խաղին` թե ինչպես են փայտե հին ու մեծ ֆիգուրները շարժվում տախտակի վրա` ստիպելով մեկին հաղթել, մյուսին` պարտվել:

Մի օր էլ փոքրիկ Գաբին պապիկին ասաց. «Պապ, արի միասին խաղանք»: Պապիկը զարմանում է, թե այդ ինչպես` արի խաղանք, եւ ասում է. «Գաբի, բայց սա հենց այնպես խաղ չէ, պետք է խաղալ իմանաս»: Գաբին պատասխանում է. «Ես արդեն գիտեմ»: Պապիկի հին շախմատով էլ նա խաղաց իր առաջին պարտիաները: 

«Պապիկս շատ լավ էր խաղում, միշտ էլ սիրում էի հետեւել նրա խաղին»,-ասում է արդեն 25-ամյա Գաբրիելը:
 
1990-ականների սկիզբ. մի կին հաստ ու ծանր վերարկուով իր փոքրիկ տղային Քանաքեռից ոտքով տանում է Շախմատի տուն: Շախմատի գնալիս Գաբին միշտ աշխույժ էր, իսկ մայրը` տիկին Ալինան, ոգեւորվելով որդու հաջողություններով, անտեսելով ծանր սոցիալական պայմանները, պարտաճանաչ կերպով շաբաթական 4 անգամ որդուն տանում էր շախմատի: Պատահում էր, սակայն, որ հիասթափությունը այնքան մեծ էր լինում, որ ծնողները երկմտում էին` շարունակել շախմատի տանել, թե` ոչ: Բայց եւ այնպես, Գաբիի ծնողների շնորհիվ այդ ծանր տարիներին ծնվում էր նոր տաղանդ, ու նրանք ամեն ինչ արեցին, որ տաղանդը զարգանա որդու մեջ: Մայրն էլ ամեն անգամ այդ հսկայական տարածությունը ոտքով անցնելիս  միգուցե սրտի ծածուկ անկյուններում հավատում էր, որ իզուր չէ իր տանջանքը, եւ որդին կփոխհատուցի մոր նվիրվածությունը: 
 
Գաբին շատ սպասեցնել չտվեց: 1996 թվականին նա 14 տարեկանների աշխարհի չեմպիոն դարձավ: Թոռան միայն այս հաջողությունը հասցրեց տեսնել Գաբրիելի պապիկը` Սարգիս Սարգսյանը: Պապիկի հպարտությանը չափ չկար:

Գաբին իր առաջին աշխատավարձը` 300 ռուբլին, ստացավ 13 տարեկանում: «Այդ տարիներին այն գործարանը, որտեղ ամուսինս էր աշխատում, փակվեց, եւ նա անգործ մնաց: Դեռ պատանի Գաբին սկսեց մեր ընտանիքը պահել»,- պատմում է Գաբիի մայրը` տիկին Ալինան: «Մենք նրա շնորհիվ երբեք ոչ մի բանի կարիք չենք զգացել: Իմ եւ քրոջս ուսման, պարապելու, իմ ինստիտուտի վարձը, ամբողջը Գաբին է աշխատել»,-ավելացնում է Գաբիի մեծ քույրը` Սոնան: Գաբին այս առնչությամբ համեստաբար լռում է, ինչպես եւ համեստաբար լռում է իր բացառիկ շախմատային տաղանդի, հիշողության եւ աշխատասիրության մասին: Քույրերի նկատմամբ ուշադիր Գաբին երբեք դատարկաձեռն չի վերադառնում մրցախաղերից: «Գաբին որ մեզ նվեր է առնում, հենց այնպես չի գնում ձեռքի տակ ընկածը առնում, բերում: Եւ ընդհանրապես, նրա աջակցությունը` որպես եղբոր, ես միշտ զգացել եմ ու զգում եմ, ինչ էլ անում եմ, նա ինձ հետ է»,- պատմում է ավագ քույրը: Սակայն Գաբին առանձնահատուկ վերաբերմունք ունի փոքր քրոջ` Հայկուհու նկատմամբ. «Գաբին միշտ ասում էր, նույնիսկ երբ շատ փոքր էր, որ մրցախաղերի ժամանակ մենակ Հայկուհուն է կարոտում, նույնիսկ լացելու աստիճան»,-պատմում է Սոնան: Հայկուհին նույնիսկ ժամանակ չուներ պատմելու իր եղբոր մասին, որովհետեւ եղբոր սենյակի պահարաններն էր կարգավորում, քանի որ Գաբին «շատ բծախնդիր է»: Գաբիի բծախնդրության մասին «սարսափով» է պատմում նաեւ տիկին Ալինան. «Ես չեմ պատկերացնում, թե նրա խեղճ ապագա կինը ինչպես պետք է նրան դիմանա: Ճաշը ուտելիս գդալը երկար ուսումնասիրում է, հետո երկար ճաշի մեջ նայում ու, Աստված չտա, մի բան այն չլինի»: Սակայն նույնիսկ Գաբիի այս «վատ» գծին տան կանայք սիրով են վերաբերվում եւ միշտ ամեն ինչ անում, որպեսզի Գաբիի համար հարմար լինի: «Ինքը կարող է անկապ բանից շատ շուտ բորբոքվել, սակայն շուտ էլ զղջում է: Մենք էլ հասկանում ենք, որ դա նրա մասնագիտությունից է: Շախմատից նա շատ է լարվում: Իսկ նյարդերը մի տեղ պիտի թափի»,- կատակում են քույրերը: 

Գաբիի հայրը` Էդիկ Սարգսյանը, գրեթե ոչինչ չպատմեց որդու մասին: Սակայն որդու հաջողություններից փայլող աչքերն ու նրա լռությունը ասում էին ավելին, քան կասեին հպարտության ու գովեստի բազում խոսքերը:
   
Գաբրիելն այնքան քչախոս ու համեստ է, որ անհնար է որեւէ բան իմանալ նրանից: Իրեն պահում է շատ սովորական, հասարակ մարդու պես ու օլիմպիական չեմպիոն դառնալու մասին խոսում է այնպես, ասես ինքն այդ ամենի հետ ոչ մի կապ չունի. «Դե, ես տաղանդավոր չեմ, քույրերս ավելի տաղանդավոր են, քան ես,- ասում է նա, ապա, մի քիչ մտածելուց հետո, ավելացնում,- լավ է այս շախմատը կա, թե չէ ինչ էի անելու»: Իրականում անելու բան հաստատ կլիներ, քանի որ նա հիանալի ֆուտբոլ է խաղում. «Հորեղբայրս մինչեւ հիմա ասում է, թե Գաբիին պետք էր ֆուտբոլի տալ, հաստատ շատ մեծ հաջողություններ կունենար»,- ասում է քույրը: Բացի այդ, Գաբին կարդալու մեծ սիրահար է. «Մինչ այս տարի կարդում էի ռուսական եւ արտասահմանյան գրականություն, բայց այս տարի որոշեցի, որ ես պարտավոր եմ հայ գրականությունն էլ կարդալ եւ հիմա «Քաոս»-ն եմ կարդում, շատ է դուրս գալիս»,- պատմում է Գաբին:

Հետաքրքիր է Գաբիի եւ Լեւոն Արոնյանի ընկերությունը, որը սկսվել էր, երբ տղաները 18-19 տարեկան էին, չնայած ծանոթ էին 8-9 տարեկանից: 8 տարեկանում, մրցաշարերից մեկի ժամանակ, Գաբրիելը խաղում էր 9-ամյա Լեւոն Արոնյանի հետ. «Այդ ժամանակ ես Լեւոնին հաղթեցի, բայց հետո նա շատ ուժեղացավ»: Գաբին ասում է, թե Լեւոնը բոլորից առանձնանում է իր չտեսնված շախմատային տաղանդով, Լեւոնն էլ իր հերթին նշում է, որ Գաբրիելի պես տաղանդավոր չկա: Եվ ակնհայտ է, որ տղաները անկեղծ են ու հավատում եւ աջակցում են մեկը մյուսին: «Լեւոնի հետ այլ ընկերություն է, նա ինձ միշտ օգնում է` թե’ մրցաշարերի ժամանակ, թե’ կյանքում առհասարակ: Առանց Լեւոնի մեր թիմը այս արդյունքներին չէր հասնի»,- հավաստիացնում է Գաբրիելը:

«Իմ մեջ այն չեմ սիրում, որ հաճախ եմ ժամանակս անկապ ծախսում, կարող է ժամերով նստեմ հեռուստացույցի առաջ, հետո զգամ, որ անիմաստ էր: Ընդհանրապես այդքան էլ աշխատասեր չեմ»,- ասում է Գաբին, սակայն ընտանիքի անդամները հակառակն են պնդում: «Այն տարիներին, երբ, իրոք, պետք էր շատ պարապել, Գաբին օրը 6-7 ժամ պարապում էր եւ երբեք չէր ծուլանում: Հիմա արդեն ամեն օր պարապելու կարիք չկա, դրա համար էլ այդպես է ասում»,- ասում է Սոնան:

Փոքր հասակից չարաճճի, շրջապատում ակտիվ ու անհամբեր Գաբրիելը միշտ ընկերների սիրելին է: Այնպես է ստացվել, որ դպրոց շատ վատ է հաճախել բազմաթիվ մրցախաղերի պատճառով, սակայն մինչեւ հիմա էլ ընկերություն է անում իր դասարանցիների հետ, նրացն հետ միասին տոնում իր հաղթանակը: «Գաբին ազնիվ է, բարի ու ընկերասեր, սակայն մի քիչ շուտ բռնկվող է»,- այսպես են բնութագրում իրենց սիրելի Գաբիին ընտանիքի անդամները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter