Հայկական եվրաբոնդերը թանկացել են
Միջազգային ֆինանսական շուկայում հայկական եվրաբոնդերի նկատմամբ պահանջարկն աճել է: Այդ մասին այսօր հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Անցյալ տարի սեպտեմբերին հայկական եվրաբոնդերը տեղաբաշխվեցին 6,25 % եկամտաբերությամբ, իսկ այսօր ներդրողները պատրաստ են դրանք ձեռքբերել 5.8 % եկամտաբերությամբ: Ներդրողները պատրաստ են ավելի քիչ եկամուտ ստանալ բոնդերի դիմաց, իսկ դա վստահության նշան է: Եթե հաշվի առնենք այն խայտառակ վիճակը, որ ձևավորվել է ուկրաինական և բելառուսական բոնդերի շուրջ, ապա հայկական բոնդերն անշուշտ շահեկան վիճակում են: Վերջին տվյալներով՝ ուկրաինական եվրաբոնդերը գնանշվում են մոտ 9 %-ի մոտ, դա էլ՝ շնորհիվ Ռուսաստանի ֆինանսական աջակցության և վարչապետ Ազարենկոյի հրաժարականի: Այդ հրաժարականը ներդրողների մոտ բարձրացրել է Ուկրաինայի հեղինակությունը: Չմոռանանք, որ«Մուդիսը» Ուկրաինային շնորհել է «աղբային» C վարկանիշ՝ երկիրը շատ մոտ է դեֆոլտ հայտարարելուն:
Սակայն, եթե հանենք ուկրաինական ու բելառուսական «շեղումները», ապա պարտատոմսերի միջազգային շուկաները վերելքի փուլում են, ինչը նպաստել է հայկական բոնդերի նկատմամբ պահանջարկի աճին: Նշենք, որ ՀՀ կառավարությունում համարում էին, որ եթե Հայաստանն ուշացնի եվրաբոնդերի թողարկումը, ապա միջազգային շուկայում ավելի անբարենպաստ միջավայրի կհանդիպի: Սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ ներկայում միջազգային շուկան շատ ավելի բարենպաստ է, քան 2013-ի սեպտեմբերին էր:
Բացի այդ՝ առաջին թողարկումների նկատմամբ միշտ էլ վստահությունն ավելի բարձր է: Մեր բոնդերը մարվելու են 7 տարի անց, իսկ Հայաստանն առայժմ չունի խիստ բացասական կանխատեսումներ: Սակայն եթե Հայաստանը ևս մի քանի թողարկում անի, ապա կարող է բախվել պահանջարկի անկման հետ:
Եվրաբոնդերի թողարկման ամենադրական հետևանքներից մեկը ներքին շուկայում պետական պարտատոմսերի եկամտաբերության զգալի նվազումն էր: Մինչ եվրանբոնդերի թողարկումը միջինժամկետ պետական պարտատոմսերն իրացվում էին 14-45 % եկամտաբերությամբ՝ կրկնակի ավելի, քան եվրաբոնդերը: Ստացվում է, որ եվրոպացի ու ամերիկացի ներդրողներն ավելի շատ են վստահում մեր կառավարությանը, քան տեղական բանկերն ու ներդրումային ընկերությունները: Սակայն խնդիրը ոչ այնքան վստահությունն էր, որքան այն սպեկուլյատիվ խաղերը, որ բանկերի օգտին կատարվում էին մեր ֆինանսական շուկաներում, ու որի համար վճարում էին մյուս հարկատուները: Բարեբախտաբար՝ ֆինանսների նախարարությունն անցյալ տարվա վերջերից տեղական պարտատոմսերի եկամտաբերությունը նվազեցրեց 4-4,5 %-ով: Սակայն նույնիսկ այդ պարագայում դրանք շատ ավելի բարձր են, քան եվրաբոնդերինը: Օրինակ՝ 5 տարի մարման ժամկետով պարտատոմսերը ներքին շուկայում իրացվում են 9,998 % եկամտաբերությամբ՝ 4,2 տոկոսային կետով ավելի բարձր, քան եվրաբոնդերը: Ճիշտ է՝ ֆինանսների նախարարությունն ընդունում է, որ դոլարային ու դրամային պարտատոմսերի միջև պետք է համաչափություն լինի, տոկոսադրույքները պետք է էապես չտարբերվեն, սակայն միթե՞ 4 տոկոսային կետը էական տարբերություն չէ:
Ի դեպ՝ Սահմանադրական դատարանի վերջին որոշումը, որով փաստորեն հետաձգվեց կենսաթոշակային ֆոնդերի կառավարչների գործունեությունը, այնքան էլ դրական չի անդրադառնում պետական պարտատոմսերի եկամտաբերության վրա: Գաղտնիք չէ, որ այդ ֆոնդերի միջոցների զգալի մասն ուղղվելու է դեպի պետական պարտատոմսեր, իսկ դա պետք է նպաստի այդ պարտատոմսերի եկամտաբերության նվազմանը: Այդ գործընթացը սպասվում էր փետրվարից, սակայն ՍԴ որոշումից հետո ակտիվացում կարելի է սպասել առնվազն ապրիլից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել