HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Տիգրան Պետրոսյան. «Կարելի է փորձել տեղափոխվել երրորդ տախտակ»

Շախմատի օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյան կրտսերը ազգակցական ոչ մի կապ չունի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հետ:

Չնայած` ժամանակին վերջինիս հաղթանակն ու շախմատային գերազանց խաղը որոշիչ դարձավ Լեւոն Պետրոսյանի ապագա որդու անվան ընտրության համար. «Հայրս, լինելով շախմատի սիրահար, երազել է որդի ունենալ, եւ քանի որ ազգանունը Պետրոսյան էր, Տիգրան անվանակոչել եւ շախմատ խաղալ սովորեցնել: Ստացվեց»,- ասում է չեմպիոնը: Տիգրանի հայրը` Լեւոն Պետրոսյանը, իր հինգ տարեկան որդու առաջին «մարզիչը» դարձավ` օգնելով նրան կատարել իմաստուն խաղի առաջին քայլերը: Այնուհետեւ 6 տարի Տիգրանը բացահայտում էր շախմատի գաղտնիքները մարզիչ Գագիկ Սարգսյանի օգնությամբ. «Նա իմ  շախմատային ապագայի հիմքն է դրել, որը հետագայում ոչ մի մարզիչ չէր կառուցի»: Տիգրանը 17 տարեկանից առանց մարզչի է, սակայն նրա հետ է հայրը. «Հաղթանակից հետո գրեթե միշտ  առաջինը հայրիկս է զանգահարում, այս անգամ էլ այդպես եղավ»: 

Տիգրանը իր շախմատային կյանքում գրանցված բազում հաղթանակներ ունի` 1998 թ. 14 տարեկանների չեմպիոն, ապա տիտղոսը պահպանեց նաեւ 2002 թ.` 18 տարեկանների խմբում, 2004 թ. մեկնեց Հնդկաստան` աշխարհի 20 տարեկանների մրցաշարին մասնակցելու համար եւ վերադարձավ արծաթե մեդալով, 2005 թ. Տիգրանը առաջին տեղը գրավեց Իրանում եւ Բաթումիում  կայացած միջազգային մրցաշարերում... Կարելի է երկար թվարկել, բայց, ինչպես չեմպիոնն է նշում, այս բոլոր հաղթանակների զգացողությունները անհամեմատելի են վերջինի` Դրեզդենում կայացած Շախմատի համաշխարհային 38-րդ օլիմպիադայի հաղթանակի հետ. «Ես մեծացել եմ եւ այլ կերպ եմ ամեն ինչ ընդունում` հպարտություն ու ոգեւորվածություն եմ ապրել այս հաղթանակից, հատկապես, երբ հայրենիք եմ վերադարձել եւ զգացել ժողովրդի ուրախությունը, դա շատ մեծ բան է»: Ժողովրդի, հայրենիքի պատիվը բարձր պահելը Տիգրանի համար շատ կարեւոր է, ուստի, նկատի առնելով արդյունքի կարեւորությունը, նա ամբողջությամբ պայքարի մեջ էր ընկղմվել եւ մոռացել ստեղծագործելու մասին. «Շախմատում արվեստը դրսեւորվում է անհատական խաղի  ժամանակ, անհատականը ավելի հեշտ է, որովհետեւ ամեն ինչ քեզանից է կախված եւ պարտավորվածություն քո առջեւ ես զգում, իսկ թիմային խաղերում քո ելույթը կանդրադառնա ամբողջ թիմի վրա, եւ դու քեզ ճնշված ես զգում, ուրեմն` Օլիմպիադայում իմ մեջ շախմատը դրսեւորվեց սպորտի տեսանկյունից»: Թեեւ շախմատում Տիգրանը սիրում է ստեղծագործել, բայց երբ կարեւորում է արդյունքը` «ավելի անհետաքրքիր շախմատ է խաղում». «Եթե ստեղծագործում ես, պետք է պատրաստ լինես պարտության, բայց այս դեպքում էլ հաճույք ես ստանում խաղից»:

Տ. Պետրոսյանը խոստովանում է, որ Օլիմպիադայի առաջին տուրերի ժամանակ հուզում կար, չնայած հակառակորդներն այդքան ուժեղ չէին. «Բայց տղաների եւ մարզիչի օգնությամբ մերվեցի իրավիճակին եւ հասկացա, թե ինչպես է պետք խաղալ: Հատկապես լարված էի Ադրբեջան, Ռուսաստան, Չինաստան պարտիաներում, բայց հաղթահարեցի»: Շախմատում ցանկացած դժվարություն հաղթահարելու համար, ըստ Տիգրանի, պետք է ունենալ լավ հիշողություն, լինել աշխատասեր եւ օժտված` շախմատ խաղալու բնածին տաղանդով. «Հիշողության տեսանկյունից չեմ համեմատվի Վլադիմիր Հակոբյանի հետ, նա  ֆենոմենալ հիշողություն ունի, բայց ես էլ չեմ դժգոհում»:

Աշխատասիրությունը շախմատում դրսեւորվում է մարզվելու ձեւով` ինչքան շատ ես մարզվում, այնքան բարձրանում է շախմատային աշխատասիրության գործակիցդ: Տիգրանն ասում է, որ շատ չի մարզվում. «Շաբաթը երկու օր կարող է բաց թողնեմ ու չմարզվեմ, բայց երբ տուն եմ գալիս, շախմատը բացում եմ ու կես ժամ խնդիրներ լուծում»: Այս ջանքերի արդյունքն ակնհայտ է. Տիգրանը Չինաստանի հետ պարտիայում հավաքականին բերեց հաղթական միավորը, թեեւ համեստություն է անում. «Ես չէի ասի, որ դա հաղթական միավորն էր, քանի որ թիմային մրցում է, մեր տղաների հավաքած միավորների գումարը մեզ հաղթանակ բերեց»: Տիգրանի թիմակիցը` Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը, բարձր է գնահատում Տիգրանի ավանդը. «Տիգրանը զարմացրեց այս անգամ, բոլորին թվում էր, թե Թուրինում թիմն ավելի ուժեղ էր, բայց Տիգրանը ցուցաբերեց շատ հասուն եւ ուժեղ խաղ, նրա  դիրքերը գրեթե բոլոր պարտիաներում բարդ էին եւ ծանր: Հատկանշական է, որ հաղթական միավորը ինքը բերեց թիմին»: 

Չպետք է անտեսել նաեւ տրամադրվածությունը խաղի նկատմամբ: Տիգրանին  պարտիայից առաջ դրական տրամադրությամբ հանդես գալուն օգնում է կես ժամանոց արարողությունը. «Ունեմ իմ սիրած երգերը, որոնք պարտիայից առաջ պետք է լսեմ  ու ոգեւորվեմ, կես ժամ է տեւում արարողությունը, եւ կա կոնկրետ ցանկ` 10 երգից բաղկացած. Քրիստինա Ագիլիերայի երգերից է մեծամասնությունը, շատ եմ սիրում նրա արվեստը»: Բայց այս փաստը կախվածության դրսեւորում չէ, քանի որ Տիգրանը ոչնչից կախված չէ. «Կախված եմ միայն ծնողներից, այն առումով, որ  ուզում եմ միշտ կողքիս լինեն` մինչեւ կյանքիս վերջը»: Հնարավոր է` մարդկային հարաբերություններում Տիգրանը նոր կախվածության պատճառ ունենա` երկրորդ կեսը, բայց քանի որ նա դեռեւս չի հայտնվել... «Անձնական կյանքս հանգիստ է ընթանում` առանց նորությունների /ժպտում է/, ինձ թվում է` ամեն ինչ դեռ առջեւում է»: Եթե ինչ-որ մեկը Տիգրանի սիրտը շահելու մտադրություն ունի, ուրեմն, ինչպես եւ նա, կյանքում պետք է կարեւորի պարզ մարդկային հարաբերությունները, ընկերությունն ու ազնվությունը (միայն աղջիկների համար` Տիգրանը սիրում է խաշ, տապակած ճուտ եւ ձուկ, եթե վստահ եք, որ տղամարդու սիրտը կարելի է գերել խոհարարական հմտություններով): 

Տիգրանը փոքր ժամանակ չարաճճի էր, սիրում էր բակում խաղալ, ինչպես եւ բոլոր երեխաները, նույնիսկ մի անգամ «լավ պրծավ». «Հեծանիվով որոշել էի աստիճաններով իջնել, ընկա ու վնասվեցի, բայց առանց լուրջ հետեւանքների»: Նա հիմա էլ է խաղում. «Երեւանում միշտ չեմ լինում, բայց երբ այստեղ եմ, Սիցիլիա ակումբ եմ հաճախում, որի անդամն եմ, ի դեպ, եւ այնտեղ «Մաֆիա» եմ խաղում` իմ սիրելի խաղն է»:

Չորորդ տախտակը, որի վրա խաղում էր Տիգրան Պետրոսյանը, նրան հաջողություն բերեց, ինչն էլ թույլ է տալիս շախմատում առաջ քաշել նոր նպատակներ ու ձգտումներ. «Չեմ կարող ասել` ինչպես կխաղայի  2-րդ կամ 3-րդ տախտակին, երբեք չեմ խաղացել, քանի որ այդ տախտակներին խաղացող  մրցակիցները ավելի բարձր արդյունքներ ունեն: Ինձ թվում է, որ  իմ արձանագրած արդյունքը` «+4», լավն էր, ուրեմն կարելի է փորձել տեղափոխվել 3-րդ տախտակ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter