
Մնացել են հայի աչքերը և պատառներ հայերենից
Լարիսան կովը դեպի կանաչ տարածություն է ուղարկում և հատուկ մտնում հարևան Մզիայենց տուն, որ նրանց հյուրընկալած հայերին տեսնի, որովհետև ինքն էլ է հայ: Դրա մասին ուրախ-ուրախ խոստովանելուց անմիջապես հետո տխրում է. «Շատ եմ ամաչում, երբ հայերը խոսում են, իսկ ես ոչինչ չեմ հասկանում»: Նա հայերեն իմացել է, երբ ապրել է Ախալքալաքում, բայց հիմա հայերենից պատառիկներ են մնացել հիշողության մեջ` «ոնց ես», «ինչ կուզես» և նման մի քանի այլ բառակապակցություններ:
Լարիսան ծնունդով ախալքալաքցի է: Նրա հայրն է հայ, մայրը` վրացուհի: Հոր մահից հետո` 7 տարեկան հասակում, մոր հետ տեղափոխվել են Աջարիայի ծովափնյա Քոբուլեթ քաղաք: Այստեղ էլ ամուսնացել է տեղացի երիտասարդներից մեկի հետ, և մինչ օրս Քոբուլեթում են ապրում:
Լարիսան ասում է, որ Քոբուլեթում ապրուստը հեշտ չէ, աշխատատեղեր չկան: Այստեղ յուրաքանչյուր երկրորդը կամ առևտուր է անում, որ կարողանա ընտանիք պահել, կամ ծովափում եկամտաբեր որևէ զբաղմունք է գտնում, կամ մեկնում է հարևան Թուրքիա` արտագնա աշխատանքի:
Վերջին 3 տարիներին Քոբուլեթից շատերն են Թուրքիա մեկնում` շինարարություն, ճանապարհաշինություն և բանվորական այլ գործեր անելու: Լարիսան երկու որդի ունի: Ավագն էլ է մեկնել Թուրքիա: Կրտսերը ծովափում «բանան» կոչվող նավակով է փող աշխատում: Ինչ աշխատում են` ամռան այս ժամանակաշրջանում են կարողանում միայն, իսկ ձմռանը կրկին անգործ են մնում: Լարիսան ինքը անասուններ է պահում, մի կտոր էլ հող ունեն` կարտոֆիլ է մշակում:
Լարիսան իր սեփական տունն էլ չունի դեռ: Ապրում են ամուսնու եղբոր ընտանիքի տանը` վերևի հարկում: Այս տարի դեռ նոր են իրենց տան հիմքը գցելու: Հույս ունի, որ երկու տարում գոնե կհասցնեն ավարտել:
Մեր զրույցի ընթացքում մի քանի անգամ շեշտում է, որ հայաստանցի հայերը հարուստ են: Նա այդ ամենում համոզվել է` արդեն մի քանի տարի պարբերաբար հայ հանգստացողներին տեսնելով: Ասում եմ` այնքան էլ հարուստ չեն, պարզապես ծով չունեն, գալիս են այստեղ: «Ծով չունեն, բայց փող ունեն»,- կեսկատակ հակառակում է ինձ:
Լարիսան ծովափին շատ մոտ է ապրում: Ընդամենը գլխավոր մայրուղին է բաժանում նրանց տունը ծովից ու մոտ 100 մետր կանաչապատ տարածությունը, բայց ծովափ` լողալու գրեթե չի գնում: Ասում է` տեղացի կանայք չեն գնում: «Ամոթ է, բա որ հանկարծ հարևան Մուրադը հանդիպի»: Լուսանկարվելուց էլ է հրաժարվում:
Քիչ անց Լարիսան երկար նայում է աչքերիս, դառնում դեպի վրացի հարևանուհին` Մզիային և վրացերեն ասում. «Նայի, մեր աչքերն նման են, հայի աչքեր են»:
Արևն արդեն մայր է մտնում ծովի հետևում: Լարիսայի կովը բառաչում է Մզիայենց բոստանի մոտ: Լարիսան վեր է կենում, որ կովին ախոռ տանի: «Վաղն էլ կգամ»,- ցանկապատից այն կողմ անցնելով` ասում է ու հեռանում:
Մեկնաբանել