
Ոստիկանության Երևանի վարչությունում կոծկում են սեփական խախտումները (տեսանյութ)
Ինչպես հայտնի է, անցալ տարվա դեկտեմբերի 20-ին «գազային» պայմանագրի դեմ բողոքող ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցան բախումներ (Բաղրամյան պողոտայի վրա): Բախումներին մասնակցող ոստիկաններից «կարմիր բերետավորները» իրենց համազգեստի վրա չունեին անհատական համարներով, այսպես կոչված, «լիչկաները»:
Մենք այդ խնդրին արդեն մանրամասն անդրադարձել ենք: Նշել ենք, որ «լիչկաների» բացակայությունը քաղաքացիներին զրկում է խախտում կատարած ոստիկաններին ճանաչելու հնարավորությունից: Սակայն, ոստիկանությունը այժմ հերքում է այդ օրը համազգեստի վրա «լիչկաների» բացակայութայն փաստը:
Հայտնենք, որ ոստիկանության Երևանի վարչության շտաբի հետաքննության բաժինը ուսումնասիրում էր 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների («կարմիր բերետավորների») համազգեստի վրա անհատական համարների բացակայության հարցը:
Այդ ծառայողական քննությունը դեռ չավարտված՝ հունվարի 9-ին Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը գրությամբ մեզ հայտնեց, որ «ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշանները այդ օրը ծառայություն իրականացնող ոստիկանների համազգեստի վրա եղել են»:
Այսինքն, ոստիկանության Երևանի վարչության պետը պնդում է մի բան, ինչի իսկությունը իր ենթակաները դեռ պարզում էին:
Այնուհետև, հունվարի 22-ին, թեև ականատեսները շտաբի աշխատակիցներին մատնացույց էին արել այդ օրը նկարահանված տեսանյութերի այն հատվածները, ուր հստակ երևում է խախտումը, ոստիկանության Երևանի վարչության շտաբը նույնպես «պարզում է», որ «լիչկաները» տեղում էին:
Ընթերցողին, կարծում եմ, պարզ է, թե ինչու են ոստիկանները պնդում, որ «լիչկաները» տեղում էին, այն դեպքում, երբ ակնհայտ է հակառակը:
Սակայն, եթե հաշվի առնենք նաև այն, որ վարչության պետը պատասխանեց դեռ մինչև շտաբի ուսումնասիրության ավարտը, կարելի է արձանագրել, որ, ենթադրաբար, այս անգամ գործ ունենք ոչ միայն օրենքի խախտման կոծկման փորձի, այլև դասական ամենաթողության հետ, երբ անգամ նույն վարչության ղեկավարը չգիտի, թե ինչով են զբաղված իր ենթակաները:
Մեկնաբանել