Քաղաքաշինական խորհուրդը չի կարող փոխարինել քաղաքաշինական կանոնադրությանը
2013թ. փետրվարի 17-ին Գյումրու Շիրակացի փողոցի 66ա շենքին կից «վուլկանացման» տաղավարի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված Թերեզա Ուղուրլյանը 4-րդ օրը մահացավ, իսկ նրա ամուսինը՝ Նաիրի Ուղուրլյանը մինչեւ օրս առողջական խնդիրներ ունի: Ամուսինները որոշել էին շրջանցել «վուլկանացման» մայթին կայանած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ու հայտնվել էին փողոցում: Հետիոտնի երթեւեկը խաթարած մեքենայի ու վրաերթի մեղավոր Կարեն Վխկրյանի վարած մեքենաների արանքում էին հայտնվել ամուսինները, որն էլ ողբերգական ավարտ էր ունեցել:
Շենքի բնակիչներից տեղեկացանք, որ «վուլկանացման» եւ ծաղկի տաղավարները տարածքում հայտնվել են 2 տարի առաջ: Խնդիրներ առաջանում են հիմնականում այցելու մեքենաների ոչ ճիշտ կայանման հետ կապված: «Հմի օր ըստեղ երկար կանգնիք, կտեսնիք, օր էկած ավտոն կելնի մայթին կկանգնի: Մյուս կողմից էլ դուրսը դրած, ծառից կախած կալոսներն, օր հեչ սիրուն չեն»,- դժգոհեց բնակիչներից մեկը:
Տարիներ շարունակ մայթերը զավթած մետաղյա տաղավարների դեմ են բողոքում Հաղթանակի պողոտայի հարեւանությամբ տեղակայված սպասարկման օբյեկտներից օգտվողները: Քաղաքի կենտրոնական այս հատվածը առավոտյան ժամը 10-ից մինչեւ երեկոյան 18-ը նմանվում է «քրջի բազարի»: Քարաշեն խանութների դիմաց ծվարած մետաղյա տաղավարները, գետնին շարած արկղերից մրգի ու բանջարեղենի առեւտրով զբաղվողները սովորական հետիտոտնին զրկում են ազատ անցուդարձից:
Նույնն է պատկերը կենտրոնական համարվող մեկ այլ փողոցում: Գյումրու ավտոկայանից Վարդանանց հրապարակ ձգվող Շիրակացի փողոցն երիզող երկու մայթերի 80%-ը գրեթե անանցանելի է հետիոտնի համար եւ շատերը գերադասում են անցուդարձ անել բանուկ փողոցով՝ շրջանցելով երթեւեկող մեքենաները: Այդ առումով քաոսային վիճակ է նաեւ նախկին կենտրոնական շուկային հարող «Լաչինի միջանցք» կոչվող հատվածում, որն արդեն 20 տարի է վերածվել է փողոցային առեւտրի կետի:
Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն, ով աշխատել է նաեւ նախորդ քաղաքապետի՝ Վարդան Ղուկասյանի օրոք, նշում է, որ մետաղյա, ժամանակավոր տաղավարները տեղադրելու թույլտվությունը տրվել են 5-ից մինչեւ 99 տարով: «Կա 3 տարով տրված, կա 10 տարով, բայց բոլորն էլ գիտեն, որ իրենց դա տրված է ժամանակավոր,- ասում է Հենրիկ Գասպարյանը,- եթե որոշենք քաղաքաշինական ծրագիր իրականացնել, դրանք միանշանակ կհանենք: Ես որպես ճարտարապետ միշտ էլ դեմ եմ եղել այդ տաղավարներին եւ չեմ կարծում, թե որեւէ ճարտարապետ կարող է կողմ լինել դրանց: Բայց էն տարիներին, որ դրանց տեղադրման թույլտվություն էինք տալիս, հաշվի էինք առնում, որ մարդիկ հացի խնդիր են լուծում: Բոլորն էլ գիտեն, որ եթե պետք լինի քաղաքի կարիքների համար մենք դրանք հանելու ենք առանց փոխհատուցման»:
Թե քաղաքաշինական ինչ ծրագիր կարելի է իրականացնել հանրային նշանակություն ունեցող տարածքներում, տվյալ դեպքում` մայթերին, որոնց միակ նշանակությունը հետիոտնին ծառայելն է, պրն Գասպարյանը չմանրամասնեց: Քաղաքի գլխավոր ճարտարապետի համոզմամբ կգա մի ժամանակ, երբ հենց տաղավարների տերերն իրենք կհրաժարվեն այդ ժամանակավոր կառույցներից:
«Եթե հիշում եք, մի ժամանակ քաղաքում տարբեր տեղերում բենզինի կետեր էին, փոքրիկ կրպակների տեսքով ու քաղաքապետարան ստացված դիմումների 80 %-ն էլ այդ կետերը բացելուն էին վերաբերում: Տեսա՞ք ինչպես վերացան, հիմա ոչ մի տեղ չեք հանդիպի: Այ, եթե մարդիկ էլ էդ տաղավարներից առեւտուր չանեն, դրանք էլ ուզեն չուզեն դուրս կգան մեր կյանքից»,- շեշտում է Հենրիկ Գասպարյանը:
Բենզինի լիցքավորման փոքրիկ կրպակներն անհետացան քաղաքից, որովհետեւ մարդիկ սկսեցին իրենց մեքենաները լիցքավորել գազով եւ մեծ տարածքների վրա գազալցակայաններ կառուցվեցին: Ներկայիս կրպակ-տաղավարաները, որոնք հիմնականում ծառայում են սննդի, կոշկեղենի, հագուստի եւ ծաղկի վաճառքի համար, նպատակային տեղադրվում են մայթերին՝ բնակչին հասանելի, այսպես ասած, «ձեռքի տակ» լինելու համար եւ իրենք իրենց դժվար թե «վերանան», ինչի հույսն ունի Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:
Վերջինս՝ անդրադառնալով քաղաքի կենտրոնական հատվածները ժամանակավոր տաղավարներից ազատելու խնդրին, նշեց, որ համալիր ծրագիր պիտի մշակվի: «Նշված հատվածներում մենք չենք կարող մեկին` հանել, մյուսին `թողնել, խոստովանեց ճարտարապետը,- պիտի բոլորին միաժամանակ հանենք: Ի վերջո, աշխատատեղ է, ինչ որ չափով մարդն իր խնդիրները լուծում է: Մենք գույքագրում կատարել ենք, թե որ կրպակները չեն աշխատում, որոնք շատ անհարմար տեղեր են դրված, որոնք խանգարում են, փորձում ենք կամաց-կամաց էդ բոլորը հանել: Հետո էլ, եթե հանում ենք, պիտի այլընտրանք առաջարկենք: Եթե ինչ որ բան արգելում ես, ապա ինչ որ բան պիտի դրա փոխարեն առաջակես»:
Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանի համոզմամբ այդ եւ մի շարք նմանատիպ այլ հարցեր համակարգային լուծումների կարիք ունեն: «Դրանք կետային տարբերակով չեն լուծվում,- ասում է Լ. Բարսեղյանը,- նույն այդ տաղավարների տեղահանման համար քաղաքային իշխանությունը պարտավոր է մշակել հայեցակարգ: Պիտի կազմվի խորհուրդ՝ բաղկացած փորձագետներից, կրպակատեր շահառուներից եւ այլն: Ի վերջո, 99 տարով վարձակալական պայմանագիր կնքողը որոշակի շահույթ է հաշվարկել, եւ նրա վնասները պիտի փոխհատուցի պայմանագիրը խզողը»:
Լեւոն Բարսեղյանը նկատում է, որ եվրոպական մի շարք երկրներում Գյումրու «Լաչինի միջանցք» կոչվող հատվածին նմանվող տարածքները վերածվել են պասաժների՝ ծածկվել են վերեւից ապակե տանիքով, պատշաճ բարեկարգում է արվել, տարածքը վերածվել է առեւտրի գոտու, որտեղ մեքենաները մուտք չունեն: «Ակնհայտորեն քաղաքային իշխանությունը չունի ոչ քաղաքականություն, ոչ ռազմավարություն, ոչ հայեցակարգ այդ խնդիրներն արմատապես լուծելու համար,-նկատում է ավագանու անդամը,- այնինչ ժամանակն է, որ ներկայիս իշխանությունները սկսեն հայեցակարգի մշակումը»:
Խնդիրը շատ ավելի մեծ է, քան թվում է առաջին հայացքից: Զրուցակիցս շեշտում է, որ ավագանին «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով պարտավոր է ընդունել քաղաքաշինական կանոնադրություն: «Դա մայր փաստաթուղթ է քաղաքաշինական հարցերը կարգավորելուն ուղղված, որն իհարկե չի կարող հակասել գործող օրենսդրությանը, քաղաքաշինության նորմերին եւ այլն,- բացատրում է Լ. Բարսեղյանը,- այդ փաստաթղթով հեշտ կառավարելի կլինի, թե որ հարցն ինչպես պիտի լուծվի: Օրինակ, վեցնենք Արագած փողոցը. Ի վերջո այն ճեմափողո՞ց է, թե՞ այնուամենայնիվ բաց փողոց է, կամ` կրպակ ասածը, կարո՞ղ է հիմնական ֆունդամենտ ունենալ, թե՞ չի կարող: Ես միշտ եմ կարեւորել քաղաքաշինական կանոնադրությունը եւ մի քանի անգամ ավագանու նիստերի ժամանակ առաջարկ եմ արել ու ինձ պատասխանել են, թե գոյություն ունի քաղաքաշինական հարցերով զբաղվող խորհուրդ»:
Լեւոն Բարսեղյանի համոզմամբ` քաղաքաշինական խորհուրդ ասվածը չի կարող փոխարինել կանոնադրությանը, որը մայր փաստաթուղթ է եւ նույն այդ խորհուրդը պիտի հետեւի դրան՝ որոշումներ ընդունելիս: Խորհուրդը մանդատ չունեցող մարմին է: Քաղաքապետը խորհրդի անդամների հետ կարող է խորհրդակցել, օրինակ, որեւէ նշանավոր անձի արձանը քաղաքում տեղադրելու հարցի շուրջ, իսկ կանոնադրությունը, դա փաստաթուղթ է, որով պետք է առաջնորդվեն նույն այդ արձանը տեղադրելու վայրն ընտրելիս:
Այլ հարց է, թե ովքեր պետք է մշակեն այդ կանոնադրությունը: Լ. Բարսեղյանի համոզմամբ` Տարածքային կառավարման նախարարությունը մասնագետներ ունի եւ կարող է օգնել, պետք է մասնակցեն նաեւ ճարտարապետներ ու նկարիչ-քանդակագործներ: «Ես վստահ եմ, որ նման փաստաթուղթ ստեղծելու ցանկություն Գյումրու ներկայիս ղեկավարների մոտ կա,- ասում է Լ. Բարսեղյանը,- բայց նաեւ հասկանում եմ, որ տարբեր խնդիրների առկայությունը նրանց մոտ կարող է վախ առաջացնել՝ կապեր են, տարբեր տեսակի ծանոթ-բարեկամություն է, 99 տարով տարածք տրամադրել եւ այլն: Ներկայիս իշխանությունը, եթե որոշի մեկ օրում հանել բոլոր կրպակները՝ պատերազմ կսկսվի: Կարծում եմ, որ լուծման տարբերակ կլինի, եթե հարկման մեխանիզմը փոխեն այդ տարածքներում գտնվող տաղավարների տերերի նկատմամբ, ասենք ավելի խստացնեն, սանիտարահիգիենիկ վիճակի հետ կապված խստացումներ մտցնեն եւ այլն: Չի կարելի մեկը մյուսին մատնացույց անելով կրկնել քաղաքաշինական նույն սխալները, ընդհակառակը՝ պետք է փորձել ձերբազատվել տարիներ առաջ հաստատվածներից»:
Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի ասելով` քաղաքապետ Սամվել Բալսանյանի ընտրվելուց հետո մայթերին ժամանակավոր տաղավարների տեղադրման թույլտվությունների տրամադրումն արգելվել է: Նախկինում, եթե քաղաքաշինական, ճարտարապետական խնդիրները լուծվում էին միանձնյա, ապա ներկայում 9 անձից բաղկացած քաղաքաշինական խորհրդի անդամներն են զբաղվում այդ հարցերով: «Այլեւս ոչ մեկին նմանատիպ թույլտվություն չի տրվում,- վստահեցրեց Հ. Գասպարյանը,- դե, իսկ եղածը հանելու համար էլ փորձում են ծրագրեր մշակել»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել