
Ինչպե՞ս են հարկ վճարում Գագիկ Խաչատրյանի հետ կապ ունեցող ընկերությունները
ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի անվան հետ կապ ունեն մի շարք ընկերություններ: Դրանց սեփականատերերը կամ Գագիկ Խաչատրյանի ընտանիքի անդամներն են, կամ՝ մոտ ազգակաները: ՊԵԿ-ը հրապարակել է 2013թ. խոշոր հարկատուների ցանկը, ուստի փորձենք ներկայացնել, թե Գ. Խաչատրյանի հետ կապ ուեցող ընկերություններն ինչպե՞ս են վճարում հարկերը:
Խոշորագույն հարկատուն այդ ցանկում հեռահաղորդակցության ոլորտի «Յուքոմ» ընկերություննէ (բաժնեմասերի 41%-ը պատկանում է Գ. Խաչատրյանի հորեղբոր տղային՝ Արամ Խաչատրյանին): «Յուքոմը» 2013թ. վճարելէ 1.35 մլրդ դրամ հարկ և հանրապետության խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 89-րդ հորիզոնականը: 2012թ. համեմատ «Յուքոմը» պակաս է վճարել մոտ 200 մլն դրամ (53-րդ հորիզոնականից իջել է մինչև 89-րդ հորիզոնական): Հարկ է նշել, որ «Յուքոմի» մոտ հարկերը նվազել են ավելացված արժեքի հարկի գծով, սակայն շահութահարկի ու եկամտահարկի գծով առկա է վճարումների աճ:
Հաջորդ խոշոր ընկերությունը շոկոլադի ու սննդի ներմուծմամբ զբաղվող «Մեգաֆուդն» է, որը նույնպես պատկանում է Արամ Խաչատրյանին, սակայն 100%-ով: «Մեգաֆուդը» խոշոր հարկատուների ցանկում 138-րդ հորիզոնականում է՝վճարելով 864 մլն դրամ: Նախորդ տարվա համեմատ «Մեգաֆուդը» ավելի է վճարել մոտ 150 մլն դրամ: «Մեգաֆուդն» այն ընկերություններից է, որ շատ փոքր շահույթ է ցույց տալիս (շահութահարկի գումարը մոտ 30 մլն դրամի սահմանում է):
Գ. Խաչատրյանն ունի սննդի ներկրմամբ զբաղվող ևս մեկ ընկերություն՝ «Ապեյրոն», որը պատկանում է իր տղաներին՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններին: Այս ընկերությունն ինչ-որ առումով վերադաս է նաև նախորդին՝ «Մեգաֆուդին»: «Ապեյրոնը» 2013թ. վճարել է 452 մլն դրամ և խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 247-րդ հորիզոնականը: Նախորդ տարվա համեմատ վճարած հարկի ծավալը գործնականում չի փոփոխվել: Այս ընկերությունը 2013թ. մի փոքր ավելի շահույթ է ցույց տվել՝ վճարելով 55 մլն դրամ շահութահարկ ու եկամտահարկ նախորդ տարվա 33 մլն դրամի համեմատ:
«Միցուբիշի» մեքենաների ներկրմամբ զբաղվող «Մեգամոթորս» ընկերությունը ևս պատկանում է Արտյոմ և Գուրգեն Խաչատրյաններին: 2013-ին այս ընկերությունը վճարել է 180 մլն դրամ հարկ՝ զբաղեցնելով 585-րդ հորիզոնականը: Նախորդ տարվա համեմատ «Միցուբիշի»-ները հավանաբար ավելի վատ են իրացվել՝ հարկերի վճարումը նվազել է մոտ 25 մլն դրամով: Սակայն, շահութահարկի ու եկամտահարկի ծավալները կրկնապատկվել են՝ կազմելով 26 մլն դրամ:
Սպորտային ապրանքների իրացմամբ զբաղվող «Մեգասպորտ» ընկերությունը (պատկանում է Գ. Խաչատրյանի հորաքրոջ տղային՝ Արմեն Նազարյանին) 2013թ. վճարել է 153 մլն դրամ՝ զբաղեցնելով 665-րդ հորիզոնականը: Նախորդ տարվա համեմատ ավել է վճարվել մոտ 14 մլն դրամ՝ հիմնականում ի հաշիվ ուղղակի հարկերի, թեև դրանց տեսակարար կշիռը շատ փոքր է:
Ինչ վերաբերում է «Խրոնոգրաֆ» ժամացույցների խանութ-սրահին, ապա այն 1000 խոշոր հարկատուների ցանկում բացակայում է: Այդ ընկերությունը պատկանում է Գ. Խաչատրյանի հորեղբոր տղային՝ Հայկ Խաչատրյանին:
Այսպիսով, Գագիկ Խաչատրյանի հետ կապ ունեցող ընկերությունները 2013թ. վճարել են մոտ 3 մլրդ դրամ հարկեր՝ նախորդ տարվա համեմատ մոտ 60 մլն դրամով ավելի քիչ:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել