
Փաստաբան Շարբաթյանի գործով վկան դատարանում պնդեց իր նախաքննական ցուցմունքը
Հունվարի 30-ին Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 2012թ. նոյեմբերի 18-ին Լոռու մարզի Շահումյան գյուղի «Մուշ» ռեստորանում սպանված փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով դատաքննությունը: Դատարանում պաշտպանական կողմի և ամբաստանյալների մոտ խուճապ առաջացրին գործով ներգրավված վկա Վոլոդյա Պետրոսյանի ցուցմունքները: Վկան դատարան էր ներկայացել առանց անձը հաստատող փաստաթղթի: Նա դատարանից 10-15 րոպե ժամանակ խնդրեց անձնագիրը տնից բերելու համար: Դատավոր Նարինե Հովակիմյանը հայտարարեց 15 րոպե ընդմիջում:
Վկա Վոլոդյա Պետրոսյանի՝ անձնագրով դատարան ներկայանալուց հետո դատական նիստը շարունակվեց: Դատարանում վկայի տված ցուցմունքները հակասական էին: Նա ասաց, որ 2012թ. նոյեմբերի 18-ին՝ Ս. Շարբաթյանի սպանության օրը, ընկերոջ` Արեն Հովհաննիսյանի հետ աշխատել են իրենց թաղամասում, ասաց, որ չի հիշում՝ կոնկրետ ում տանն են աշխատել, սակայն հիշեց, որ գործը ավարտելուց հետո տանտերը հաց է սարքել, որտեղ մի բաժակ խմելուց հետո որոշել են խմելը շարունակելու համար գնալ «Մուշ» ռեստորան: «Մտանք ռեստորան, տեսանք ռեստորանի բակում հավաքված 30-40 տարեկան տղամարդիկ: Զրուցում էին»,- ասաց վկան: Վոլոդյա Պետրոսյանը այլևս ընկերոջ հետ չի մտում ռեստորան: Զրուցողների մեջ տեսնում է Էդիկ Խլղաթյանին. «Ասեցի Ազատիչին (Է. Խլղաթյանին) տեսնեմ, բարևեցի, հետո կանգնած մնացի էդ խառնաշփոթի մեջ: Որ ասեմ մի բան լսել եմ, էդ էլ չեմ լսել»,- հայտնեց վկան:
Դատավոր Նարինե Հովակիմյանի հարցին, թե ինչու՞ չի մտել ռեստորան հաց ուտելու, ի՞նչը խանգարեց, վկան պատասխանեց, որ ռեստորանի բակում խառնաշփոթ էր, ցանկացել է տեսնել՝ ինչով է ավարտվում խառնաշփոթը: Իսկ թե ինչով է վերջացել խառնաշփոթը, Վոլոդյա Պետրոսյանը միանշանակ ասում էր, որ չգիտի, ինքը ոչ մի բան չի տեսել. «Ես տեսա նորմալ կանգնած զրուցում են»,- ասաց նա: Զրույցի մասին էլ չի հետաքրքրվել, քանի որ այդ բնավորությունը չունի: Ի պատասխան մեղադրող Տոնոյանի հարցի՝ վկան հայտնեց, որ վարույթն իրականացնող քննիչն իրեն հարցաքննել է 2անգամ: «Դուք ներկայացնում եք մի իրավիճակ, որը իրականությանը չի համապատասխանում»,- վկային ասաց մեղադրողը: «Պարոն Տոնոյան, չի համապատասխանու՞մ իրավիճակին»,- իր հերթին մեղադրողին հարցրեց վկան: Վերջինս այնուհետև ասաց, որ իր ներկայությամբ ռեստորանում եղել են հայհոյանքներ. «Մի կին եկավ, ասացին՝ սպանվածի քույրն է, նա էր հայհոյում: Այդ տիկինը Դիլոյանի անունն էր տալիս»: Տուժողի իրավահաջորդ Հասմիկ Մանուչարյանը վկային հակադարձեց, որ այդ կինը ինքն է եղել: «Ես չեմ հայհոյել, ես անիծել եմ»,-ասաց տիկին Հասմիկը: «Դուք ասացիք, որ քննիչը Ձեզ հարցաքննել է երկու անգամ, կհիշե՞ք՝ որտեղ է հարցաքննել»,- հարցրեց պաշտպան Ռուբեն Հակոբյանը: Վկան պատասխանեց, որ հարցաքննվել է Գուգարքի բաժնում: Այսուհանդերձ, վկան հայտարարեց, որ քննիչին տված իր ցուցմունքները ինքն է գրել՝ 6-7 թերթ, իրավաբանական տերմինները քննիչի կողմից բացատրելուց հետո: Ի պատասխան Ռուբեն Հակոբյանի հարցի՝ Վոլոդյա Պետրոսյանն ասաց, որ երկրորդ ցուցմունքը երևի մի 10-15 օր հետո է տվել: Հետո ասաց, որ առաջին ցուցմունքը հիշում է, բայց 2-րդը չի հիշում. «Ե՞րբ եմ գրել, իրոք չեմ հիշում»: Մեղադրող Տոնոյանը վկային հորդորեց. «Եթե չեք հիշում, մի հորինեք»: «Կարելի է պատասխանել, որ ես 2-րդ ցուցմունքը չեմ հիշում»,- մեղադրողի հորդորին պատասխանեց վկան:
Դատավոր Նարինե Հովակիմյանը հրապարակեց վկա Վոլոդյա Պետրոսյանի 2013թ. ապրիլի 13-ի նախաքննական ցուցմունքը: Ցուցմունքում վկան հայտնել էր, որ ինքն ու իր ընկեր Արեն Հովհաննիսյանը իրենց տնից, որը գտնվում է «Մուշ» ռեստորանից մի 300-400 մետր հեռավորության վրա, քայլելով ու զրուցելով գնացել են «Մուշ» ռեստորան: Երբ մոտեցել են ռեստորանի բակին, լսել են տղամարդկանց խոսակցությունների, հայհոյախառն արտահայտությունների, վիճաբանության ձայներ: Ռեստորանի բակում կանգնած մեքենաների մոտ նկատել է հավաքված, իրեն անծանոթ 10 հոգի «Նրանք խումբ-խումբ էին կանգնած, ռեստորանի մուտքից ձախ»,- հայտնել է վկան: Ավելի մոտենալով` վկան այդ խմբի մեջ հստակ տեսել է Էդվարդ Խլղաթյանին, ով տեղում բարձր գոռգոռալով, նաև հայհոյանքներ տալով՝ ջղայնանում էր հավաքվածների վրա: Ցուցմունքում վկան բառացի չի հիշել Է. Խլղաթյանի ասածները: «Տեսա, որ հավաքվածները 30-35 տարեկան մի տարիքի տղաներ էին, և իրենք էլ իրենց հերթին ինչ-որ բան էին բացատրում Խլղաթյանին»,- հայտնել է վկան: Ըստ ցուցմունքի՝ մինչև վկան ու ընկերը մոտեցել են Էդիկ Խլղաթյանին, այդ երիտասարդները նստել են իրենց երկու ավտոմեքենաները ու հեռացել: «Դրանց հեռանալուց հետո մեկ էլ լսվեց մի տղայի լացի ձայն, ով քեռի, քեռի ասելով՝ մոտեցավ պատուհանի տակ ընկած մարդուն: Այդ ընկած մարդու մոտ իմ՝ այնտեղ հասած պահին մարդ չկար, առաջինը մոտեցավ այդ լացող տղան: Խլղաթյանը մեզ ձայն տվեց, որ օգնենք այդ ընկած մարդուն ներս տանենք: Ես ու Արենը մոտեցանք և միանալով Խլղաթյանին՝ գրկեցինք նշածս մարդուն ու մի կերպ տարանք պահակի սենյակ, այսինքն՝ մուտքի դռան դեմի սենյակ: Ես կարծում եմ, որ տեղափոխելու պահին այդ մարդը արդեն մահացած էր: Խլղաթյանը, բարձր հայհոյելով, դուրս եկավ միջանցք: Նա հայհոյանքներ էր տալիս ինչ-որ Դիլոյանի հասցեին»,- նախաքննական ցուցմունքում հայտնել է վկա Վոլոդյա Պետրոսյանը:
Վոլոդյա Պետրոսյանը հայտարարեց, որ ճիշտը դատարանում հրապարակված ցուցմունքն է:
Սամվել Դիլոյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանը դատարանում վկայի տված սուտ ցուցմունքի համար դատավոր Հովակիմյանից պահանջեց քրեական պատասխանատվության ենթարկել վկային: Ամբաստանյալ Սամվել Դիլոյանը վկայից մեկնաբանություն պահանջեց նախաքննական մարմնին իր՝ երկու ցուցմունք տալու հայտարարության շուրջ: Վկան դատավորի ընթերցած ցուցմունքը մոտիկից նայելուց հետո ասաց, որ ցուցմունքը գրված է իր ձեռագրով, քննիչին էլ տվել է միայն հրապարակված ցուցմունքը: Տուժողի իրավահաջորդ Հասմիկ Մանուչարյանը շնորհակալություն հայտնեց վկա Պետրոսյանից իր նախաքննական ցուցմունքներից չհրաժարվելու համար: Պաշտպան Ռուբեն Հակոբյանը պահանջեց դատարանից վկա Վոլոդյա Պետրոսյանին ենթարկել դատահոգեբուժական փորձաքննության: Դատարանը չքննարկեց պաշտպանի միջնորդությունը: Պաշտպանը նախատեց գործի վարույթն իրականացնող քննիչին`ականատես վկային դեպքից շուրջ 5 ամիս հետո հարցաքննելու համար: «ՀՀ քրեադատավարական օրենսգրքի համաձայն՝ քննիչն ինքն է որոշում իր գործողությունները»,- պաշտպանին պատասխանեց դատավոր Նարինե Հովակիմյանը:
Դատարանում ցուցմունքներ տվեցին նաև վկաներ Գուրգեն Փուլոյանը և Տիգրան Պետրոսյանը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 11-ին:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել