Ակնաշենցի «սկայպով պապիկը». «Մեղավորը ես եմ, որ դուրս չեմ գալիս` այս վիճակին հասցնողների գլուխը ջարդեմ»
Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքի մշակույթի տան առաջին հարկի սենյակներից մեկը դարձել է գյուղի տղամարդկանց հավաքատեղին: Առավոտից մինչ երեկո հավաքվում են միջին տարիքի ու տարեց տղամարդիկ, իսկ դրանից հետո` հերթափոխը զիջում երիտասարդներին: Մեր այցելության պահին մոտ 20-30 տղամարդ հավաքվել, նարդի, շախմատ ու թղթախաղ էին խաղում: «Ստեղ տաք, լավ, գնանք տուն ի՞նչ անենք»,- ասաց նրանցից մեկը:
Ինչպես բոլորը, այնպես էլ ակնաշենցիները, դժգոհեցին տարեցտարի իրենց սոցիալական վիճակի վատացումից, առաջընթաց չտեսնելուց եւ որ ամենավտանգավորը՝ ապագայի նկատմամբ հույս ու հավատ չունենալուց:

«Տղա ջան, էս հարցազրույցն ի՞նչ է փոխելու: Եթե մեր կարծիքն ես ուզում իմանալ, ասեմ՝ ժողովրդին սովամահ են անում: Ակնաշեն գյուղի ցանկացած ընտանիք մտի, եթե կարողանան, ոնց որ պետք է, քեզ հաց կերցնեն, ուրեմն էլ ոչ մի բանի մասին չեմ խոսի: Սա այն գյուղն էր, որ օրական 500կգ միս էր վաճառում, այսօրվա դրությամբ` 10կգ միս էլ չի վաճառվում: Բագրատյանը ոնց ասաց՝ ժողովրդի ամորձիներից բռնել են` ամենաթույլ տեղից, ու խեղճացրել են: Սպանել են ժողովրդին, գնդակահարելը ավելի լավ է, քան այն, որ տարիքով մարդը, թոռի ձեռքը բռնած, գալիս է խանութ ու չի կարողանում մի բան առնի»,- ասում է Փաշա Իբոյանը:
Նրա ասելով` վիճակը շտկելու համար իշխանությունները պետք է ժողովրդի «ամորձիներից բաց թողնեն»: «Թող թողնեն` մարդիկ ապրեն, չեն թողնում: Մեզ մտցրել են բանկեն ու կափարիչը փակել են»,-ավելացնում է Փ. Իբոյանը:
Համագյուղացու խոսքը ընդհատեց Սուքիաս Ենոքյանը: Նրա ասելով` ինքը «սկայպով պապիկ է», որովհետեւ իր երեխաներն ու թոռները Հայաստանից դուրս են ապրում: «Ինչի՞ համար պիտի իմ երեխաներն ու թոռները դրսում լինեն. մեղավորը ես եմ, որ դուրս չեմ գալիս, այս վիճակին հասցնողների գլուխը ջարդեմ: Որ ես ու դու սրանց գլուխը չջարդենք, իրենք չեն հասկանա: Հայրս ասում էր՝ տղա ջան, սրանք չեն հասկանում, որ կովը կթելու համար է, կովին չեն մորթում, ուտում, կովը պիտի կաթ տա ու կաթը ուտեն: Իսկ իրենք դրել, մորթում են բոլորիս: Այս գյուղը եւ ամբողջ պետությունը ավերակ են դարձրել»,- ասում է Ս. Ենոքյանը:
Նրա խոսքով՝ իրենք մնացել են գյուղում, որովհետեւ «մի քիչ նամուս-թասիբ» ունեն, մի մասն էլ չի կարողանում գնալ. հնարավորություն չունի: Կողքից նշեցին` եթե որեւէ մեկը բերի, անվճար ավիատոմսեր բաժանի, գյուղի մեծ մասը դուրս կգա Հայաստանից:
«Մենք էլ այստեղ հայր ու մայր ունենք թաղած, դրա համար չենք գնում, թե չէ ինչի՞ պիտի չգնայինք: Քո կարծիքով չէի ուզի՞, որ իմ թոռների, երեխաների կողքին ապրեի, իմ հրաշք թոռներն ինձանից հեռու են, դրսում են, ինչի՞ համար: Գյուղում եզակի են այն ընտանիքները, որտեղ դրսում մարդ չունենան»,- ավելացրեց Սուքիաս Ենոքյանը:
Հայրապետ Ենոքյանն էլ նշեց, որ ամբողջ գյուղը խանութներին ու բանկերին պարտք է, մարդիկ չեն կարողանում ապրել եւ ստիպված արտագաղթում են: Որպեսզի իր ասածները հաստատվի, մեզ ուղեկցեց մոտակա խանութ: Մինչ կհասնեինք, ասաց, որ 30 հազար դրամ թոշակ է ստանում եւ այդքան էլ մոտակա խանութին է պարտք, 10 հազար դրամ էլ՝ մյուս խանութին:
![]() |
| Հայրապետ Ենոքյան |
«Իրենք 30 հազար դրամով կապրե՞ն, որ ինձ այդքան թոշակ են տալիս, նույնիսկ ցամաք հացի փող չի»,- ասում է Հ. Ենոքյանը:
Նա խանութից պարտքով հաց գնեց: Մատնաքաշը դրեց կշեռքին ու ցույց տվեց քաշը՝ 335 գրամ, որն արժե 150 դրամ:
«Երկու մետրանոց բոյ ունեմ, այս հացը մի բրդուճի հաց է, սա ի՞նչ է, քանի՞ հատ հաց գնեմ, որ կշտանամ, բա սա խիղճ է»,- զայրացավ Հայրապետ պապը եւ ցույց տվեց մեկ ամբողջ մատնաքաշից հենց խանութում պատրաստած բրդուճը:
Խանութպան Գայանեն էլ հանեց պարտքերի ցուցակը՝ երկու հաստափոր տետր: Ըստ նրա՝ գյուղացիների վիճակը գնալով վատանում է, նրանք ամառ-ձմեռ պարտքով են ուտելիք գնում: Եթե ամռանը գյուղացիներից ոմանք կանխիկ գումար են ունենում, ապա ձմռան ամիսներին վաճառելու բան չունեն, եւ քչերն են կանխիկով առեւտուր անում:
«Մարդ կա, գալիս ասում է երեխես սոված է, գոնե ցամաք հաց տուր, դե արի ու պարտքով մի տուր, ո՞նց կարող ես չտալ, ի՞նչ խիղճ պիտի ունենաս, որ չտաս: Հաց է ուզում, միս չի ուզում, որ չտամ»,- նշում է տիկին Գայանեն:
Ակնաշենի համայնքապետ Միսակ Միսակյանն էլ «Հետքի» հետ զրույցում ասաց, որ համեմատած 1980-ականների հետ, ակնաշենցիները շատ վատ են ապրում, բայց հաշվի առնելով երկրի ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակը` միջին մակարդակում են:
Ի տարբերություն գյուղացիների` համայնքապետը նշեց, որ գյուղից արտագաղթողներ գրեթե չկան, տարեկան մոտ 15 սեզոնային աշխատող է գնում խոպան ու հետ գալիս:
Առաջին լուսանկարում` ակնաշենցի Սուքիաս Ենոքյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել