HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պնդում ենք, որ դիարանը հագեցած չէ անհրաժեշտ սարքավորումներով

«66 մլն դրամ արժողությամբ դիահերձարանը չեն շտապում գործարկել» հոդվածի հրապարակումից հետո «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրենի պաշտոնակատար Ն. Զուլոյանը «Հետք»-ի լրագրողին իր առարկությունն է ներկայացրել հոդվածում նշված` «դիարանի համար դեռեւս ձեռք չեն բերվել անհրաժեշտ սարքավորումներ» արտահայտության վերաբերյալ: Ն. Զուլոյանը նշել է նաեւ, որ «Գորիս բժշկական կենտրոն»-ը դիարանի գործարկման համար արտոնագիր ստանալու անհրաժեշտություն չունի:

Համաձայնելով ԾԻԳ-ի տնօրենի վերջին դիտարկման հետ` հարկ ենք համարում նշել, որ արտոնագիր ունենալու պարտադիր պայմանի մասին նշել էր «Գորիս բժշկական կենտրոն»-ի տնօրենը: «Դիարանն անհրաժեշտ սարքավորումներով հագեցած լինելու» փաստին մենք ենք առարկել եւ դրանում կրկին համոզվելու համար երեկ այցելեցինք նորակառույց դիարան: Այնտեղ հանդիպեցինք Վրեժ անունով մի երիտասարդի, ով նշեց, որ ինքը «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի տնտեսական հարցերով տեղակալն է եւ մեզ թույլ չի տա լուսանկարել:

Փորձեցինք համոզել նրան, որ մեզ հետաքրքրում է, թե ինչ սարքավորումներ են տեղադրված շենքում, սակայն երիտասարդն անդրդվելի մնաց եւ նյարդայնացած մեզ դուրս հրավիրեց: Միայն ԾԻԳ-ի տնօրենի հեռախոսազանգի միջամտությամբ մեզ հաջողվեց դիարանը լուսանկարել, որից հետո Վրեժը շարունակեց, մեղմ ասած, դժգոհել, որ «իր տարածքը» լուսանկարում ենք: «Տուք հո՞ւ եք, հի՞նչ ա, վեր լրագրող եք, ամեն ինչ կարաք, ծեզ նմաններին գուդում եմ, տուք հո՞ւ եք, վեր օզում եք խալադելնիկ նկարեք, գործիքներ ...»,- զայրութը չէր կարողանում զսպել երիտասարդը:

Չնայած մեր այցելությունը ցանկալի չէր «տեղակալին», այնուամենայնիվ մեզ հաջողվեց լուսանկարել դիահերձարանը, որտեղ մեկ սառնարանից ու սեղանից բացի ոչինչ չկար: Տեղում լինելով` մեկ անգամ եւս համոզվեցինք, որ դիարանը հագեցած չէ անհրաժեշտ սարքավորումներով: Կարծում ենք, լուսանկարները դիտելուց հետո «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ  տնօրենի պաշտոնակատար Ն. Զուլոյանը նույնպես կհամոզվի, որ դիարանի` ժամանակակից սարքավորումներով հագեցած լինելու, ուսուցումներ կազմակերպելու հավաստիացումները իրականությանը չեն համապատասխանում: Ո՞ր օղակում, ով` ումից է ճշմարտությունը թաքցնում, հարցի մեկնաբանությունը թողնում ենք պատասխանատուներին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter