HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Ոստիկանությունը տուգանում է դեկտեմբերի 2-ի ցուցարարներին

Բոլորս հիշում ենք, որ Վլադիմիր Պուտինի այցի օրը Երևանում ոստիկանությունը ուժի կիրառմամբ կասեցրեց ցույցը և բերման ենթարկեց 110 քաղաքացու: Քաղաքացիները, ըստ ոստիկանության, չէին կատարել ոստիկանության օրինական պահանջը և խախտել էին հասարակական կարգը:

Ցույցի օրը ոստիկանությունը, ի դեմս գնդապետ Վալերի Օսիպյանի, հայտարարում էր, որ բողոքի ակցիան «ի սկզբանե ապօրինի է» և «պետք է դադարեցվի»: Եվ դա հստակ երևում է տեանյութում:

Սակայն ոստիկանության իրավաբանական վարչության պետը պնդում է, որ նման որոշում չի եղել:

Այսինքն, թեև ոստիկանությունը իրականում դադարեցրել է երթը, սակայն այժմ հերքում է դա: Դա հասկանալի է, քանի որ օրինական հավաք դադարեցնելը ծանր զանցանք է:

Մի բան էլ տուգանում են

Այսպիսով, ոստիկանությունը, չհերքելով երթի օրինականությունը՝ պնդում է, որ դրա մասնակիցներից 110-ը օրենք են խախտել… Անգամ այնպիսի տպավորություն կարող է ստեղծվել, որ խուլիգանների երթ էր: Ընդ որում, ոստիկանությունը ամեն կերպ խուսափում է նշելուց, թե կոնկրետ ի՞նչ պահանջ չեն կատարել քաղաքացիները:

Կարծես, մի ամբողջ ցույց կասեցնելուց, հազարավոր մարդկանց` խաղաղ հավաքներ իրականացնելու իրավունքից ապօրինի զրկելուց և 110 հոգու անհիմն բերման ենթարկելուց հետո ոստիկանությունը պիտի «աղոթեր», որ ակտիվիստները չդիմեին դատարան` ոստիկանության ապօրինությունների դեմ: Սակայն ոստիկանությունում, ենթադրաբար, գտան, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է:

Այսօր բազմաթիվ ակտիվիստներ ոստիկանությունից նամակներով ստացել են հայցադիմումներ, որոնցում իրավապահները դատարանին խնդրում են տուգանել բերման ենթարկվածներին 50 հազար դրամով` ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար:

Օրինակա՞ն պահանջ

Այսպիսով, եկեք հպանցիկ տեսնենք, թե որո՞նք էին ոստիկանների օրինական պահանջները:

Ամիրյան փողոցի վրա ոստիկանության հնչեցրած միակ պահանջը ցույցը դադարեցնելն էր: Սակայն այդ պահանջը, ինչպես տեսանք, օրինական չէր:

Նալբանդյան փողոցի վրա ոստիկանությունը շրջապատել էր քաղաքացիներին` օրը ցերեկով բանտարկելով վերջիններիս: Ուստի այդ վայրում միակ օրենք խախտողը ոստիկանությունն էր, քանի որ այդ բացօթյա ապօրինի բանտարկությունից խուսափելը չի կարող լինել օրենքի խախտում:

Նույն կերպ Բաղրամյան պողոտայի վրա ոստիկանության կողմից 100 հոգուց պակաս քաղաքացիների կողմից ազատ տեղաշարժի իրավունքի ոտնահարումն էր խախտում, և ոչ թե քաղաքացիների` մայթով քայլելու փորձը:

Օրենք մեջբերելը հասարակական կարգի խախտո՞ւմ է

Օրինակ` ոստիկանությունը բերման ենթարկեց այն քաղաքացիներին, ովքեր փորձում էին հանգստացնել ցուցարարներին և բանակցել Վալերի Օսիպյանի հետ Ամիրյան փողոցում: Այստեղից գնդապետի հետ օրենքներ քննարկելու պահին բերման ենթարկեցին ինձ, Նարեկ Այվազյանին և Վրեժ Զատիկյանին, իսկ ապա հայտարարեցին, որ վերջիններս հասարակական կարգ էին խախտում (փաստորեն, օրենք մեջբերելը հասարակական կարգի խախտում է):

Իսկ ահա Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում իր ընկերոջ հետ դեպի տուն քայլող տնտեսագետ Հրայր Մանուկյանից ոստիկանները պահանջել են «ցրվել» և չսպասելով այդ ցրվելուն` վարկյաններ անց բերման են ենթարկել վերջիններիս: Պուտինի գտնվելու վայրից 300 մետրի վրա վարկյանական չցրվելու համար, ըստ Մանուկյանի, նրան 4 ժամից ավել պահել են բաժնում և այսօր էլ որոշել 50 հազար դրամ տուգանել:

Զավեշտալի է նաև Կենտրոնի բաժին բերված Լաուրա Գևորգյանի պատմությունը: Մի ոստիկան ասել է. «Էդ պլակատը ինչի՞ ես պահել, գնացինք բաժին», և, ըստ Գևոգյանի, ուժի կիրառմամբ նրան տարան բաժին, ըստ էության, «Դեմ ենք Մաքսային Միությանը» գրառմամբ պաստառ պահելու համար :

Հ.Գ. Գալիք օրերին մենք կանդրադառնանք դեկտեմբերի 2-ի մասին ոստիկանության տարբեր մարմինների իրարամերժ կարծիքիներին` ներկայացնելով տրագիկ կոմեդիա հիշեցնող փաստաթղթեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter