Պատասխան «Բաց նամակ Գերմանահայոց կենտրոնական խորհրդին ու նրա անդամներին» գրությանը
Հարգելի խմբագրություն, հրատարակության խնդրանքով Ձեզ ենք ուղարկում մեր պատասխանը Ձեր էլեկտրոնային թերթում այս տարվա հունվարի 19-ին տպագրված «Բաց նամակ Գերմանահայոց կենտրոնական խորհրդին ու նրա անդամներին» գրությանը:
Հարգելի Անուշ, Հարգելի Համայնքային Վարչություն,
Մենք երկար մտածեցինք, արդյո՞ք արձագանքել Ձեր նամակին, այնուհանդերձ ուզում էինք վերջապես վերջ դնել շուռ տված ու կեղծ բամբասանքներին: Բացի դրանից, առաջին անգամն է, որ մենք սեւով սպիտակի վրա այստեղ կարդում ենք այդ պնդումները, որոնք հնչում են անձնապես Ձեր կողմից:
Ինչպես գիտեք, մենք մեծացել ենք որպես ակտիվ անդամներ «Բեռլինի Հայ Գաղութի եւ Բեռլինի Հայ-Առաքելական Եկեղեցական Համայնքի» (ի միջի այլոց` այսպես էր մեր Համայնքի ճիշտ անունը) եւ ստիպված էինք Համայնքի պառակտումը միասին ապրել:
Մենք այն ժամանակ արդեն իսկ նաեւ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ համայնք էինք (ինչպես անվանումից արդեն տեսանելի է, տես վերեւում), եւ անդամների միջեւ անհանգստություններն առաջացան այն ժամանակ, երբ այն ժամանակվա վարչությունը հանկարծ մտածեց փոխել այս իրողությունը: Անդամների մի մասը չուզեց հետեւել այս որոշմանը: Հենց այս նույն վարչությունն էր, որ ավետարանական Լուիզեն համայնքին (մեր տանտիրոջը) մի նամակով տեղեկացրեց, որ իրենք այդ պահից սկսած այլեւս եկեղեցական համայնք չեն: Լուիզեն համայնքի համար, ով մեզ այդ շինությունը նախապատվաբար վարձու էր տվել մեր եկեղեցական պատկանելիության պատճառով, փոխվել էին հետեւաբար պայմանագրային դրույթները, եւ նա որպես դրա տրամաբանական հետեւանք համայնքից պահանջել էր ազատել շինությունը:
Սերովբե վարդապետ Իսախանյանը հետեւաբար ոչ մի կերպ մեղավոր չէ ձեր կողմից շինությունը լքելու մեջ: Ընդհակառակը, երբ նա որոշ ժամանակ անց իմացավ այդ մասին, փորձեց փրկել իրավիճակը եւ Լուիզեն համայնքին խնդրեց հավասար իրավունքներով վարձակալական պայմանագիր ստորագրել երկու համայնքների հետ: Համահավասար իրավունքներով այդ պայմանագիրը սակայն Լուիզեն համայնքի փաստաբանի խորհրդով մերժվեց, այնպես որ ձեր համայնքի համար միայն մեկ տարբերակ էր մնում` շինությունը եկեղեցական համայնքի հետ օգտագործել ենթավարձակալության սկզբունքով (Տես Լուիզեն համայնքի 1998 թվի դեկտեմբերի 10-ով թվագրված նամակը): Սակայն այս տարբերակը մերժվեց նույնինքն ձեր կողմից, եւ ոչ թե, ինչպես դու ես ասում, առաջարկվել է ձեր կողմից (այս նյութի վերաբերյալ ամբողջ նամակագրությունները պետք է ձեր ձեռքի տակ լինեն, եթե
հակառակ սպասվածի չունենաք, ապա դրանք կարող եք կարդալ Բեռլինի Եկեղեցական
Համայնքի մոտ):
Այնպես որ դա արդյունք էր ձեր քայլերի, եւ «փողոցում հայտնվելը» ձեր կամավոր որոշումն էր: Դուք պատրաստ չեղաք որեւէ փոխզիջման, եւ մենք ոչ թե ստանձնել ենք ձեր տարածքը, այլ չենք կիսել մեր միասնական տարածքը լքելու ձեր որոշումը:
Դրան հաջորդեց մութգիշերային ձեր գործողությունը, որի ընթացքում դուք ձեզ հետ
վերցրեցիք շինության ողջ սարքավորումը, անգամ տախտակներն ու էլեկտրալամպերը,
այն ամենը, ինչը շինության վերանորոգության ընթացքում մենք միասին էինք ստեղծել (եւ որը ֆինանսավորվել էր բողոքական եկեղեցու սոցիալական ծառայության կողմից` նկատի ունենալով մեր անդամակցությունը Հայ Եկեղեցուն): Բացի դրանից դուք անօրինական կերպով սեփականացրեցիք բանկային մեր համատեղ հաշիվները, որոնց վրա միասին վաստակած մի քանի հազար գերմանական մարկ գումար կար: Դուք նաեւ թաղապետարանի կողմից տրամադրված զգալի գումարը, որը որպես եկեղեցական համայնք պատկանում էր մեզ, փոխանակ մեզ ուղարկելու ուղարկեցիք հետ քաղաքապետարան, որով մենք կորցրեցինք այն ապագայում ստանալու մեր իրավունքը առ այսօր:
Ձեր նորակազմ համայնքի առաջին անդամական ժողովից դուրս նետվեցին անգամ վճարող այն անդամները, որոնք երկու համայնքներում էլ անդամ էին ուզում մնալ: Աւելին, Սերովբե վարդապետ Իսախանյանի անդամության դիմումնագիրը, որը կատարվել էր որպես նշան համագործակցության եւ հաշտության, ի սկզբանե մերժվեց:
Եկեղեցին, որ պատրաստ էր գրեթե բոլոր փոխզիջումներին, երբեք չընդունեց այդ թշնամությունը եւ ձեզ նորից ու նորից ձեռք երկարեց, հաշտությունը հնարավոր դարձնելու համար: Այդ ձեռքը սակայն պարբերաբար մերժվեց, որն ակնհայտորեն երեւում է «Ապրիլ24»-ին նախորդող մշտապես կրկնվող «ներկայացման» մեջ:
Մեր գրավոր ու բանավոր հնչած տեւական առաջարկները տարիներ շարունակ մերժվեցին ձեր կողմից: Ուստի մեզ համար մանավանդ զարմանալի է, որ դուք հատկապես այս օրինակն եք բերում:
Իսկ երբ 2013 թվականի ապրիլի 24-ի համար միասնական հանձնախումբ կազմելու
առաջարկ եկավ վերջապես ձեզանից, մեր վարչությունը անմիջապես համաձայնվեց եւ
երկու վարչությունների անդամների մասնակցությամբ կազմվեց մի հանձնախումբ, որն
էլ 24-ապրիլյան միջոցառումը միասնականորեն եւ հաջողությամբ նախապատրաստեց: Սակայն այն դժբախտաբար այդպես էլ տեղի չունեցավ, քանի որ միջանկյալ
ժամանակահատվածում ձեր համայնքում ընտրվել էր նոր վարչություն, որի անդամների
առնվազն կեսը նախորդ վարչությունից էին: Բայց այնուհանդերձ միասնական հանձնախմբի նախապես ձեր կողմից ընդունված որոշումները վերջին վայրկյանին գրված մի նամակով խստորեն մերժվեցին ձեր կողմից: Այսպիսով միասնական «Ապրիլ 24»-ի հույսերն ու ձգտումները կրկին ի չիք դարձան: Նման օրինակներ շատ կան, բայց մենք ուզեցինք ըստ էության փաստերով արձագանքել միայն ձեր նշած պնդումներին:
Նաեւ ձեր զրպարտությունը, թե իբր մեր որոշումները տնօրինվելու էին Եկեղեցու կողմից, երկար տարիների փորձառությունից հետո մենք ոչ մի կերպ չենք կարող հաստատել: Ընդհակառակը, համագործակցությունը շատ լավ է գործում, իսկ Թեմն էլ մեզ աջակցում է առատորեն: Մենք շատ պիտի ուզեինք, որ բեռլինյան մեր համայնքների միջեւ համագործակցությունը գոնե մասամբ այդպես լավ լիներ:
Հարգելի Անուշ, հարգելի Վարչություն, դուք կոչ եք անում խաղաղ գոյակցության, բայց որքանո՞վ են նամակում հնչած ձեր մեղադրանքները դրան օգտակար: Եթե ավագ սերունդը ընդունակ չէ ճանապարհ հարթել մեզ համար, առնվազն նա մեզ գոնե պետք չէ խանգարի:
Մենք հուսով ենք, որ սրանով բազմաթիվ մեղադրանքները ի վերջո իրենց ավարտին կհասնեն եւ մենք կկարողանանք միասին ու ազնվորեն մեկտեղվել` մեր հայացքները ուղղելով մանավանդ դեպի 24 Ապրիլ 2015:
Լավագույն մաղթանքներով`
Աիդա Աբգարյան եւ Անժել Չափար
30 հունվար 2014
Լուսանկարում՝ Սերովբե վարդապետ Իսախանյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել