
Ազգային ժողովում թեժ է. 20 րոպե ընդմիջում
Ազգային ժողովի առաջին նիստում կրքերը թեժացան: ԱԺ հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու համար ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ խմբակցությունն առաջարկում է հանձնաժողովի կազմը՝ բաղկացած 11 պատգամավորից հետեւյալ կազմով՝ 5 պատգամավոր` ՀՀԿ-ից, 2 պատգամավոր` ԲՀԿ-ից, մեկական պատգամավորներ` մյուս խմբակցություններից:
ԱԺ ոչ իշխանական պատգամավորներն ընդդիմացան առաջարկությանը` պատճառաբանելով, որ քաղաքական մեծամասնությունը, ի դեմս ՀՀԿ-ի, որոշումներ է կայացնում պահի թելադրանքով: Այդպիսի առաջարկ ներկայացրեցին էթիկայի հանձնաժողովի ժամանակ, երբ «նեղն ընկան», հիմա էլ նույն են անում՝ նկատի ունենալով գազային պայմանագրերի վավերացման ժամանակ առաջացած խնդիրը:
Իշխանական պատգամավորներն ամենեւին էլ չթաքցրեցին իրենց նկրտումները: Մասնավորապես` Մանվել Բադեյանն ասաց, որ այսօրվա դրությամբ 4 պատգամավորներ կարող են տապալել նիստը եւ հակառակվել, օրինակ, 127 պատգամավորի կարծիքին, ինչը ճիշտ չէ:
ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանն էլ նակտեց, որ փաստորեն 2013թ. գազային պայմանագրերի ժամանակ տապալվել է նիստը, եւ այդ քվեարկությունները պետք է համարել չկայացած: Բնականաբար ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չհամաձայնեց ոչ-իշխանական պատգամավորի կարծիքին` ասելով, թե ինքը չէր կարող մտածել, որ օրը ցերեկով պատգամավորը կարող էր քվեարկության քարտերը հավաքել (նկատի ուներ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին):
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ հասկանալու բոլորի կարծիքներն ու առաջարկները:
Մեկնաբանել