Արտեմ Ասատրյանը կամավոր է միացել կուտակային կենսաթոշակին
Ազգային ժողովում պարտադիր կուտակային կենսաթոշակներին վերաբերող կրքերը դեռ չեն հանդարտվել: Առիթից օգտվելով` ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց ՍԴ որոշման եւ այս օրերին տիրող իրավիճակի հակասությամբ:
«Եթե մարդը պատասխանատվության չի ենթարկվում որեւէ բան չանելու համար, նշանակում է` դա պարտադիր չի անել: Հիմա, փաստորեն, ձեր կառավարությունը գործատուներին պարտադրում է անել գործողություն, որը ՍԴ-ն որոշմամբ համարել է, որ պարտադիր չէ: Կարո՞ղ եք այս իրավիճակը պարզաբանել, մարդիկ շփոթության մեջ են: Ստացվում է, որ փաստացի ստացած աշխատավարձերն արդեն իսկ առանց բացառությամբ ստացվում են կուտակային բաղադրիչի պահումով: ՍԴ-ն ինչո՞ւ է կասեցրել, եթե որեւէ կասեցում չկա»,-հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, թե արդյոք հաստատու՞մ է նախարարը, որ կուտակային վճարումներ չկատարելու դեպքում գործատուները կպատժվեն այլ օրենքներով, ինչպես արդեն հայտարարել են հարկային մարմինների աշխատակիցները:
Նախարար Ա. Ասատրյանն ասաց, որ ՍԴ-ն կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մեկ հոդված ամբողջությամբ եւ մեկ հոդվածի մեկ մասը, եւ պարտադիր կուտակային վճարներն ուժի մեջ են մտել այս տարվա հունվարի 1-ից եւ այդ առումով որեւէ հոդված կամ դրույթ կասեցված չէ:
«Պարտաճանաչ գործատուները բնականաբար օրենքով սահմանված իրենց պարտավորությունները կատարում են, եւ դա, կարծում եմ, որ ճիշտ է: Օրենքի դրույթների կատարումը չպետք է պայմանավորված լինի բացառապես չկատարման համար համապատասխան տույժեր սահմանված լինելու հանգամանքով»,-նշեց նախարար Արտեմ Ասատրյանը:
Ըստ նրա՝ կան մարդիկ, ի դեմս իրեն, որոնք կամավոր միացել են կուտակային կենսաթոշակային համակարգին, եւ նրանք նույնպես պարտավոր են կատարել վճարումներ, գործատուներն էլ պարտավոր են կատարել այդ փոխանցումները:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ ասաց, որ չի կարծում, որ նախարարը ճիշտ միտք է արտահայտում, եւ իրենք, լինելով նախարար կամ պատգամավոր, իրավունք չունեն մեկնաբանել ՍԴ-ի որոշումները: «Նա ասում է` մի վճարեք եւ վերջ, մենք փորձում ենք փրկել օրենքը, ի՞նչ եք ուզում»,-ասաց Հ. Բագրատյանը:
Արտեմ Ասատրյանն էլ պատասխանեց, որ ինքը որեւէ ձեւով չի մեկնաբանել ՍԴ որոշումը եւ իր հերթին Հ. Բագրատյանին հորդորեց, որպեսզի նա էլ չմեկնաբանի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել