«Հայացք» օրաթերթ. դե եկ ու մի խենթանա...
Երբ վարչապետն արտագաղթի մասին սխալ տեղեկություններ է ներկայացնում
Հայաստանն արտագաղթի ու դրանից բխող հետևանքների առումով աղետի շեմին է, եթե, իհարկե, աղետի մեջ չէ արդեն: Բնական է, որ այս իրողությունից հրճվում է թշնամին: Սակայն անկախ դրանից, արտագաղթի աղետալի կամ առնվազն տագնապալի մասշտաբների մասին պետք է հնարավոր բոլոր միջոցներով ահազանգել, երկրի նախագահի և համապատասխան այլ պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել հիմնախնդրի վրա ու նրանցից գործ պահանջել:
Ընդհակառակը` երկրի ազգային անվտանգությանն սպառնացող այս լրջագույն վտանգը թաքցնելը, այդ վտանգի մասին լռելը կամ այն մեղմ գույներով ներկայացնելը կնշանակի լռել, երբ մեր ընդհանուր տանը հրդեհ է, բթացնել վտանգի զգացողությունը, այսինքն` առնվազն ջայլամի քաղաքականություն վարել: Հենց դա է, որ ձեռնտու է Ադրբեջանին` մինչև Հայաստանն անաղմուկ կդատարկվի այնքան, որ կհամարձակվեն հարձակվել:
Անշուշտ, դեմ ենք նաև իրականությունը չափազանցնելուն (օրինակ` հայտարարելուն, թե այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստանը լքել է 45000 մարդ), դեմ ենք նաև այն պատճառով, որ դրա կարիքը բոլորովին չկա. իրականությունն առանց դրա էլ, եթե նկատի ունենանք վերջին 3 տարիների վերաբերյալ ՀՀ նախագահի հրապարակած պաշտոնական վիճակագրության թվերը, բավականաչափ տագնապալի է:
«Վերջին տարիների ընթացքում Հայաստան չվերադարձածների թվաքանակը կազմել է 23-29 հազար մարդ»,- միգրացիոն քաղաքականությանը նվիրված ս. թ. հուլիսի 20-ի խորհրդակցության ընթացքում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` չգիտես ինչու մեջբերված թվերից առաջ մոռանալով նշել «տարեկան» բառը, այսինքն` ոչ թե վերջին տարիների ընթացքում Հայաստան չի վերադարձել 23-29 հազար մարդ, այլ վերջին 3 տարում չի վերադարձել տարեկան միջինը մոտ 28000 մարդ:
Եթե արտագաղթի մասշտաբները նույնիսկ չավելանան և այս ընթացքը շարունակվի, ապա դժվար չէ հաշվարկելը, թե վերջին մարդը երբ «կմարի «Զվարթնոցի» լույսերը» ու կհեռանա Հայաստանից: Համենայն դեպս պարզ է, որ դա կլինի ոչ թե հեռավոր, այլ մոտ ապագայում: Ինչ վերաբերում է 2011 թ. առաջին կիսամյակի տվյալներին, ապա Հայաստանից մեկնողների թվաքանակը, ինչպես նույն խորհրդակցության ընթացքում ՀՀ նախագահը տեղեկացրեց, առաջին 6 ամիսներին 67000 մարդով գերազանցել է ժամանողներինը: Թե մինչև տարեվերջ նրանցից քանիսը կվերադառնան, դժվար է ասել (Աստված տա` բոլորը վերադառնան): Արտագաղթի վերջին տարիների ընթացքը և աճի դինամիկան նկատի ունենալով` կարելի է ընդամենը ենթադրել, որ դարձյալ մոտ 30000-ը չի վերադառնա:
Այս տարվա փետրվարի 25-ին հայաստանյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով արտագաղթի վերաբերյալ տրված հարցին և հայտարարելով, թե «Միանշանակ մենք տիրապետում ենք իրավիճակին», նաև ասաց. «Բայց մենք տեսնում ենք ըստ այդ վիճակագրության, որ հրապարակված է, որ դինամիկան արտագաղթի նվազում է տարիների ընթացքում...»: Թե ո՞ր տարիների, վարչապետը խորամանկորեն չնշեց, չորոշակիացրեց: Ճիշտ է, եթե դիտարկենք արտագաղթի վերջին 10 տարվա ընթացքը, ապա արտաքին միգրացիայի բացասական սալդոյի (Հայաստանից մեկնած և Հայաստան վերադարձած անձանց բացասական տարբերության, այսինքն` չվերադարձածների) ամենաբարձր ցուցանիշը` 60389 մարդ, 2001 թվականինն է: Սակայն, կարծում ենք, հասկանալի է, որ 2001 թ., ինչպես նաև 2000 թ. բարձր ցուցանիշները հիմնականում պայմանավորված էին հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ, երկրում դրան հաջորդած ընթացքով ու բարոյահոգեբանական գործոնով:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն` Հայաստանից մեկնածների և ժամանածների բացասական տարբերությունը 2002 թ. կազմել է 2719, իսկ 2003 թ.` 10161 մարդ: 2004 թ. արձանագրվել է արտաքին միգրացիայի դրական սալդո` 2060 մարդ, 2005 և 2006 թթ. նույնպես տարբերությունը դրական է եղել` համապատասխանաբար 12520 և 21756 մարդ: Սակայն սկսած 2007 թվականից, երբ Հայաստան չի վերադարձել 3223 մարդ, տարբերությունը դարձյալ բացասական է:
Ավելին` 2008 թվականից, երբ կառավարությունը սկսեց Տ. Սարգսյանը գլխավորել, արտաքին միգրացիայի սալդոն ոչ միայն բացասական է, այլև շարունակաբար աճել է. 2008 թ. բացասական տարբերությունը կազմել է 23053, 2009 թ.` 24978, իսկ 2010 թ. արդեն` 29860 մարդ: 2001 թվականից հետո սրանք արտագաղթի ակնհայտ աճի մասին վկայող ամենաբարձր ցուցանիշներն են: Ընդ որում, եթե 2001-2007 թթ. արտաքին միգրացիայի բացասական սալդոն կազմել է 40156 մարդ, ապա Տ. Սարգսյանի վարչապետության շրջանում` 77891 մարդ: Վերոնշյալ թվերը միաժամանակ նշանակում են, որ վերջին տասը տարում (2001-2010 թթ.) Հայաստանից մեկնածներից Հայաստան չի վերադարձել 118047 մարդ: Ընդգծենք, որ այս եզրակացությունը պաշտոնական տվյալների հիման վրա է կատարված:
Ս. թ. հուլիսի 22-ին Արագածոտնի մարզ կատարած այցելության շրջանակներում Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրեվանքում հանդիպելով մտավորականներին և անդրադառնալով արտագաղթի առնչությամբ մի խումբ մտավորականների մտահոգություններին, ներկայացնելով կառավարության առջև դրված առաջնային խնդիրները` վարչապետն ասել է. «Տնտեսական աճի ցուցանիշների հետ զուգահեռ, երբ որ մենք տեսնում ենք, դիտարկում ենք աշխատավարձի աճի դինամիկան, ապա տեսնում ենք, որ աշխատավարձն ինչքան ավելի արագ է աճում, այնքան արտագնա աշխատանքի մեկնողների թիվը նվազում է և վերադարձողների թիվն ավելանում է, այսինքն` կառավարության առջև կանգնած կարևորագույն խնդիրը աշխատատեղերի ստեղծման խնդիրն է, ընդ որում` բոլոր մարզերում» (ի դեպ, Տ. Սարգսյանի ելույթի մեջբերված հատվածը ՀՀ կառավարության պաշտոնական կայքում զետեղված նրա ելույթի շարադրանքից, թերևս միտումնավոր, դուրս է թողնված):
Բնականաբար, հարց է առաջանում` վարչապետը սթա՞փ էր ելույթ ունենում, թե՞ «ձեռ էր առնում» հասարակությանը, նախևառաջ այն մտավորականներին, որոնց առջև հանդես էր գալիս: Նախ` աշխատավարձի աճի այդ ի՞նչ դինամիկայի, այն էլ գնալով ավելի արագ աճի մասին է խոսքը: Եթե նույնիսկ կա այդ աճը, ապա ահավոր գնաճի պարագայում ի՞նչ արդյունք կարող է ունենալ աշխատավարձի չնչին աճը, ինչպե՞ս կարող է այն արտագնա աշխատանքի մեկնողների թվի նվազման և վերադարձողների թվի ավելացման հանգեցնել: Եվ ամենակարևորը` վարչապետն ինչո՞ւ է հրապարակավ ստում, երբ, համենայն դեպս, 2010 և 2011 թթ. փաստական տվյալները ճիշտ հակառակն են վկայում:
Ավելին` ՀՀ նախագահն ընդամենը օրեր առաջ իր հիշյալ ելույթում նշեց Հայաստանից 2011 թ. արտագնա աշխատանքի մեկնողների թվաքանակի աճի մասին: Ի վերջո, նույն վարչապետն ինքն էլ օշականյան նույն ելույթի ընթացքում, հակասելով իր ասածին, արձանագրել է Հայաստանից 2010 թ. արտագնա աշխատանքի մեկնողների թվաքանակի աճը.
«2010 թ. ՌԴ-ում իրավիճակի բարելավման հետևանքով կրկին վերսկսվել են նման հոսքերը, կտրուկ ավելացել է արտագնա աշխատանքի մեկնողների թիվը,- ասել է Տ. Սարգսյանը:- Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներկայում տարեկան կտրվածքով մեր երկրից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը հասնում է 60 հազարի: Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում արձանագրել ենք, որ այս առումով վերականգնվել է 2007 թ. ցուցանիշը»:
Անկեղծ ասած` այն տպավորությունն է, թե այս երկիրն արդեն բացարձակապես անտեր է, նախագահը կորցրել է իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը, քանզի պաշտոնյաներից ում խելքին ինչ փչի` ասում կամ անում է և այդ ամենի համար պատասխան չի տալիս: Այլապես հիշյալ խորհրդակցության ընթացքում հենց իր ներկայությամբ Ս. Սարգսյանի հայտարարածից հետո, թե «վերջին տարիների ընթացքում Հայաստան չվերադարձածների թվաքանակը կազմել է 23-29 հազար մարդ», վարչապետն ինչպե՞ս կհամարձակվեր ընդամենը 2 օր անց հրապարակավ ստել և ասել. «2007-ից կրկին արձանագրվել է բացասական սալդո` տարեկան կտրվածքով այդ ցուցանիշը տատանվելով 4-5 հազարի շրջանակներում»: Ինչպես ասում են, «Դե եկ, վարդապետ, ու մի խենթանա...»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել