
Ի՞նչ է կատարվում ՏՄՊՊՀ-ում
«Հետքը» նամակ է ստացել ընթերցողներից մեկից, որտեղ մեղադրանքներ են հնչեցվում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հասցեին (ՏՄՊՊՀ): Նամակում արծարծված փաստերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով հարցեր էինք ուղարկել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձաժողով: Հարցերն ու ՏՄՊՊՀ-ից ստացած պատասխանները ներկայացնում ենք ստորև.
-Պրն Շաբոյան, նամակում նշվում է, որ ՏՄՊՊ հանձնաժողովի աշխատակիցների գրեթե 90 տոկոսը չեն գտնվում հաստիքների վրա, այսինքն` չեն հանդիսանում քաղծառայողներ և հանձնաժողովում անօրինական ձևով են ընդունվում աշխատանքի՝ որպես փորձագետներ: Արդյունքում նրանք ստանում են քաղաքացիական ծառայողից ավելի քիչ աշխատավարձ, և այդ աշխատակիցների աշխատավարձերի հաշվին կատարված խնայողությունները բաշխվում են Ձեր հայեցողությամբ:
-Տեղեկատվությունը ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը, հանձնաժողովում գոյություն չունի ոչ մի ուռճացված հաստիք: Յուրաքանչյուր մասնագետ գտնվում է իր տեղում և բարեխղճորեն կատարում է իր աշխատանքային պարտականությունները: Բոլոր այն մասնագետների հաստիքները, որոնց համար պահանջվում է քաղծառայության որակավորում, համալրված են մրցույթը հաջողությամբ հաղթահարած աշխատակիցներով: Անշուշտ, հանձնաժողովում կան նաև հայեցողական պաշտոններ, որոնց նշանակման և ազատման կարգը չի կարգավորվում Քաղաքացիական ծառայության մասին օրենքով և որոնց աշխատավարձի հստակ չափը նախատեսված է ՀՀ պետբյուջեով հանձնաժողովին հատկացվող միջոցների շրջանակում:
-Նամակում նաև ասվում է, որ հանձնաժողովում տարիներ շարունակ գրանցված են եղել 5-7 աշխատակիցներ, որոնց երբևէ որևէ մեկը չի տեսել հանձնաժողովում, սակայն հանձնաժողովի բյուջեից նշված աշխատակիցները ամսական ստացել են իրենց հասանելիք աշխատավարձը` յուրաքանչյուրին մոտ 120 000 դրամ:
-Նախորդ տարի ՀՀ Վերասկիչ պալատը ինչպես շատ այլ պետական մարմիններում, այնպես էլ ՀՀ ՏՄՊՊՀ-ում իրականացրել է լայնածավալ ուսումնասիրություն, որի արդյունքում որևէ խախտում չի հայտնաբերվել: Հանձնաժողովի բոլոր մասնագետները իրենց տեղում են և մասնագիտական բարձր որակներով ապահովում են ՀՀ ՏՄՊՊՀ աշխատանքի արդյունավետությունը:
-Քանի՞ մեքենա ունի ՏՄՊՊՀ-ն, և ովքե՞ր են օգտագործում դրանք:
-ՏՄՊՊՀ-ը ունի 5 ծառայողական ավտոմեքենա, այդ թվում նաև ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի և տեղակալի ավտոմեքենաները: Մի մեքենան ՏՄՊՊՀ նախագահն է օգտագործում, մյուսը` տեղակալը, մեկը օգնականինն է, չորրորդը աշխատակազմի ղեկավարի մեքենան է, հինգերրորդն էլ հերթապահ ավտոմեքենա է, որն այս պահին անսարք է. սպասարկում էր հանձնաժողովի անդամներին:
-2012-ին հանձնաժողովի նիստում «ՍԻ ՓԻ ԷՍ» ընկերության նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար նշանակվեց տուգանք 100 մլն դրամի չափով: Ինչո՞ւ է հետո ընկերության նկատմամբ նշանակված տուգանքը անվավեր ճանաչվել:
- «Սի Փի Էս» ընկերության նկատմամբ կայացված որոշումը ընկերությունը բողոքարկել է դատարանում: Դատական գործընթացի ժամանակ «Սի Փի Էս»-ը ներկայացրել է այնպիսի փաստաթղթեր և տեղեկատվություն, որոնք չեն համապատասխանել վարչական վարույթի ընթացքում ներկայացված տեղեկատվությանը: Հանձնաժողովը, հիմք ընդունելով ընկերության կողմից դատարանում ներկայացված հաշվապահական փաստաթղթերը, պարզել է, որ վարչական վարույթի ընթացքում հանձնաժողով է ներկայացվել ոչ հավաստի տեղեկատվություն: Եւ, քանի որ օրենքով հանձնաժողովը տնտեսվարողի մոտ փաստաթղթային ուսումնասիրություն իրականացնելու իրավասություն չունի, կեղծիքը հնարավոր չէր բացահայտել ի սկզբանե: Այս ուղղությամբ աշխատանքները դեռևս շարունակվում են, սակայն տեղեկացնենք, որ կեղծ տեղեկատվություն ներկայացնելու համար ընկերությունը կրկնակի անգամ ենթարկվել է պատասխանատվության՝ 5 մլն դրամի չափով, որը տվյալ դեպքում օրենքով սահմանված ամենախիստ պատասխանատվությունն է:
-Ձեզ մեղադրում են նաև այն բանի համար, որ աշխատանքից ազատել եք գործին քաջատեղյակ բազմաթիվ բանիմաց աշխատակիցների` նրանց փոխարինելով Ձեր մտերիմներով, ընկերների, գործընկերների հարազատներով:
Վերջին մեկ-երկու տարիներին ՏՄՊՊՀ-ի աշխատակազմը համալրվել է բանիմաց և մրցակցային ոլորտին քաջատեղյակ աշխատակիցներով: Որևէ մեկը չի հանդիսանում ՏՄՊՊՀ նախագահի բարեկամը, ազգականը կամ, ինչպես Դուք եք նշում, գործընկերների և ընկերների հարազատը: Հանձնաժողովում աշխատանքի են ընդունվում բացառապես մասնագիտական բարձր որակներ ունեցող անձինք, որոնք բոլորն էլ պատշաճ ժամկետներում մասնակցում են քաղծառայողների համար նախատեսված համապատասխան քննություններին և ապահովում են բարձր արդյունքներ:
-Ինչո՞ւ չկա աշխատակազմի ղեկավար, և ի՞նչն է պատճառը, որ 9 վարչություններից և բաժիններից միայն 3-ն ունեն պետ:
- ՀՀ ՏՄՊՊՀ աշխատակազմի ղեկավարը 2 ամիս առաջ սեփական դիմումի համաձայն ազատել է զբաղեցրած պաշտոնը՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՏՄՊՊՀ իրավաբանական վարչության պետ Հայկ Կարապետյանը: Հանձնաժողովն այդ մասին տեղեկացրել է ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդին: Խորհրդի կողմից թափուր պաշտոնի համալրման նպատակով արդեն իսկ հայտարարվել է մրցույթ, որը կկայանա փետրվարի 17-ին: Ապատեղեկատվություն է նաև այն, որ հանձնաժողովում 6 վարչություններ և բաժիններ չունեն ղեկավար: Այս պահին վարչության պետի հաստիքը թափուր է միայն 2 վարչություններում՝ օբյեկտիվ պատճառներով: Միջազգային վարչության նախկին պետ Կարինե Փոլադյանը ՀՀ Նախագահի հրամանագրով մի քանի օր առաջ նշանակվել է ՏՄՊՊՀ անդամ, իսկ Մեթոդաբանության վարչության պետն օրերս ազատվել է աշխատանքից, ինչը պայմանավորված է քաղծառության համար սահմանված առավելագույն տարիքով:
Մեկնաբանություններ (17)
Մեկնաբանել