Ոգեշնչող պատմություններ
Մարինե Հարությունյան` Վարդենիսի շրջանի Ծովակ գյուղի դպրոցի ուսուցչուհի
Ծովակը մի փոքրիկ գյուղ է, որն իր սահմանները Սևանա լճին շատ մոտ է ձգել: Հայաստանը ցամաքով շրջապատված երկիր է, բայց, այնուամենայնիվ, հնում հայերը Սևանա լիճն անվանել են «Գեղամա ծով»`ելնելով լիճը շրջապատող Գեղամա լեռնաշղթայի անվանումից: Սևանա լիճն արժանացել էր «ծով» կոչվելու պատվին շնորհիվ իր մեծության: Ահա թե ինչպես է Ծովակ գյուղը ստացել իր անվանումը:
Ապրելով Երևանից հեռու (Ծովակը գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանում)` ծովակցիները շատ հպարտ են իրենց շրջակա միջավայրով` Գեղամա լեռնաշղթայով, Սևանա լճով և այն շրջապատող անտառներով: Նրանք նույնիսկ հյուրընկալ ժպիտով պնդում են, որ Սևանա լիճն ավելի գեղեցիկ է իրենց կողմից:
Հարուստ և գեղեցիկ շրջակա միջավայրը նաև ձևավորում է կարիք` այն պաշտպանելու համար: Բացի ջրի աղտոտումից և անտառահատումից, կա մեկ այլ խոշոր բնապահպանական խնդիր ևս, որ սպառնում է Ծովակին, այն է` աղբի ոչ պատշաճ կառավարումը: Հայաստանի շատ քաղաքների և գյուղերի նման Ծովակում նույնպես չկա սանիտարական աղբավայր, այդ իսկ պատճառով աղբը կուտակվում է աղբանոցներում, որոնք հաճախ գտնվում են ճանապարհների եզրերին:
Ահա թե ինչու Հայկական բնապահպանական ցանցը (AEN) կարևորեց բնապահպանական կրթությունը Վարդենիսի շրջանում` ոչ միայն Ծովակում, այլև 15 այլ գյուղերում: Երևանի Վ. Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանի Շրջանավարտների միության և Այրուձի ՀԿ-ի հետ համագործակցությամբ AEN-ը իրականացնում է «Վարդենիսի բնապահպանական կրթության նախաձեռնություն» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Մոսկվայում Նորվեգիայի թագավորական դեսպանության կողմից: Ծրագրի շրջանակներում AEN-ը ներկայացնում է իր` շրջակա միջավայրին վերաբերող կրթական նյութերը, որոնց առանցքային մասն է կազմում աղբի կառավարումը:
Մարինե Հարությունյանը մեր ծրագրին մասնակցող ուսուցիչներից է: Նա ծրագրի կողմից առաջարկված նյութերը դասավանդում է 33 աշակերտներից բաղկացած իր 7-րդ դասարանում. 7-րդ դասարանի աշակերտները մեր ծրագրի թիրախային խումբն են կազմում: Ստորև ներկայացված են տիկին Հարությունյանի տպավորությունները, որ նա կիսել է մեզ հետ.
«Բնապահպանական կրթությունը մեծ կարևորություն է ներկայացնում մեր գյուղում: Ես կարծում եմ, որ ամենամեծ խնդիրներից մեկը, որ մենք այսօր ունենք, աղբի ոչ պատշաճ կառավարումն է: Մարդիկ մեծամասամբ վառում կամ հորում են աղբը, ինչը կարող է աղետալի հետևանքներ ունենալ շրջակա միջավայրի և հասարակության առողջության վրա:
Ես դասավանդել եմ առաջին դասընթացի (ծրագրի շրջանակներում անցկացվող դասընթաց դասընթացավարների համար) ժամանակ տրամադրված դասարանային պլանները և կարող եմ ասել, որ նյութերը շատ արդյունավետ ձևով են կազմված. թեմաները լրացնում են մեկը մյուսին` տրամաբանական կապի շնորհիվ աշակերտներին ուղղորդելով բնապահպանական տարբեր խնդիրների արահետով: Աշակերտները շատ ոգևորված են և պատրաստ են կիսել իրենց ձեռք բերած գիտելիքներն իրենց ծնողների և ընկերների հետ: Արդյունքն ակնհայտ է: Համոզված եմ` աշակերտները կկիրառեն այն, ինչ սովորում են այս դասերից, քանի որ նրանք շատ ոգևորված են: Եթե տեսնեիք նրանց ոգևորվածությունը, անշուշտ կհամաձայնվեիք ինձ հետ (այս խոսքերը նա արտաբերում է հիացմունքով):
Շնորհիվ կրթական նյութերի հիմքում ընկած մեթոդոլոգիայի նույնիսկ ամենապասիվ աշակերտները իրենց ավելի ակտիվ էին դրսևորում, քան դասարանի սովորաբար ակտիվ աշակերտները: Շատ հաճախ ակտիվ աշակերտները սովորում են լավ գնահատական ստանալու համար, բայց այս դեպքում բոլորը ձգտում ունեին տեղեկացված լինելու, որպեսզի կարողանան անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրենց շրջակա միջավայրը պահպանելու համար: Աշակերտներն այնքան հետաքրքրված են այս թեմաներով, որ երբեմն մտածում եմ, որ եթե դասի թեման փոխեմ, նրանք ինձ այլևս չեն լսի. նյութերի դոզան չափազանց բարձր է (այս կարծիքն արտահայտելիս տիկին Հարությունյանը ծիծաղում է): Ես այս մեթոդը (սոկրատեսյան մեթոդը, որը AEN-ը ուսուցիչներին ներկայացրել է` որպես իր կրթական նյութերի բաղկացուցիչ մաս) կիրառում եմ նաև այլ առարկաներ դասավանդելիս` հնարավորինս փորձելով մյուս աշակերտներին` ոչ միայն 7-րդ դասարանցիներին, ևս ներկայացնել այս թեմաները և դրանց հետ կապված կարևոր փաստերը, գոնե թե 5 րոպեով, քանի որ ականատես եմ եղել այս կրթական նյութերի արդյունավետությանը և շատ կցանկանայի, որ մյուս աշակերտները նույնպես ծանոթանան դրանց:
Իմ կարծիքով, շաբաթը մեկ անգամ այս դասերն անցկացնելը բավարար չէ. լավ կլիներ, եթե դասաժամերն ավելի շատ լինեին: Այդ դեպքում դրանց արդյունավետությունն ավելի կայուն կլիներ և աշակերտներն ավելի շատ կկիրառեին իրենց սովորածը»:
Մենք շնորհակալություն ենք հայտնում Մարինե Հարությունյանին մեր ծրագրում իր ունեցած մասնակցության և AEN-ի կողմից տրամադրված կրթական նյութերը իր դասարանում դասավանդելու համար: Դպրոցի հաջողվածությունը մեծապես կախված է ուսուցիչներից, և եթե մենք չունենայինք տիկին Հարությունյանի կամքն ու եռանդը, մենք նման արդյունքներ չէինք ունենա: Թող որ ամեն ծովակցի ճաշակի այս հաջողված պատմության պտուղներից, որոնք կօգնեն նրանց ձևավորել առավել զգոն և պատասպանատու վերաբերմունք իրենց շրջակա միջավայրի հանդեպ:
Արմենուհի Նիկողոսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել