Գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին:
Շնորհավորելով նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարարն անդրադարձավ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առկա զարգացումներին, ներկայացրեց գյուղում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը: Ոլորտի առաջնահերթությունների շարքում նախարարը հիշատակեց հողերի լիարժեք և արդյունավետ մշակման, գյուղատնտեսական կոոպերացիայի համակարգի ներդրման, սննդամթերքի անվտանգության կարողությունների ուժեղացման, անասնաբուծության և տոհմային գործի բարելավման, սերմարտադրության զարգացման հարցերը:
Դեսպան Վասիլեն պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանի և Ռումինիայի գյուղատնտեսության նախարարությունների միջև կապերի սերտացմանը:
Հանդիպման ավարտին դեսպանը ՀՀ գյուղատնտեսության նախարարին փոխանցեց Ռումինիայի գյուղատնտեսության և գյուղի զարգացման նախարար Դ. Կոնստանտինի 2014 թվականի ապրիլի 1-4-ը Բուխարեստում կայանալիք ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /ՊԳԿ/ եվրոպական տարածաշրջանային 29-րդ համաժողովին և ՊԳԿ-ի գյուղատնտեսության եվրոպական հանձնաժողովի 38-րդ նստաշրջանին մասնակցելու հրավերը:
Հայտնում են Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել