
Պատգամավորների աշխատավարձից կուտակային ֆոնդերին գումար չի փոխանցվել
Ազգային ժողովի թվով 27 պատգամավորներ եւս պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից են: Նրանք ամեն ամիս իրենց եկամուտի 5%-ը պետք է կուտակեն ֆոնդերում, որպեսզի կենսաթոշակային տարիքում ունենան «ապահով ծերություն»:
Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Հետքին» տեղեկացրին, որ պատգամավորները հունվար ամսվա աշխատավարձը ստացել են փետրվարի 3-ին եւ 27 պատգամավորներից որեւէ մեկի աշխատավարձից կուտակային ֆոնդերին գումար չի փոխանցվել, սակայն 5%-ները պահվել են:
Նշենք, որ պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր կարգով կարող են մասնակցել նաեւ մինչեւ 1974թ. ծնված քաղաքացիները, սակայն այս պահի դրությամբ որեւէ պատգամավոր կամավոր մասնակցելու ցանկություն չի հայտնել:
Փաստորեն, «կուտակայինին» միանալու ցանկություն չունեն նույնիսկ այն պատգամավորները, ովքեր կուրծք են ծեծում պարտադիր կուտակային համակարգին անցում կատարելու համար: Ինչ է, այդ պատգամավորները չե՞ն մտածում իրենց բարեկեցիկ ծերության համար, թե՞ չեն հավատում այդ բարեկեցության մասին կառավարության խոստումներին:
Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ 50 աշխատակից, որոնց աշխատավարձերը վճարվել են 5% պահած, գրավոր դիմել են ԱԺ աշխատակազմի ղեկավարին, որպեսզի իրենց աշխատավարձից կուտակային վճարումներ չկատարվեն:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանը, ով պարտադիր բաղադրիչի մասնակից է, «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ինքը կենսաթոշակային ֆոնդ եւ ֆոնդի կառավարիչ չի ընտրել: Պատգամավորի խոսքով՝ ինքը ընտրություն չի կատարել, որպեսզի իր փոխարեն կենսաթոշակային ֆոնդի ընտրությունն ավտոմատ կարգով կատարի մասնակիցների ռեեստրը վարողը:
Երբ նշեցինք, որ Սահմանադրական դատարանը հունվարի 24-ին կասեցրել է օրենքի այդ մասի («Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք, հոդված 86, 3-րդ մաս,-հեղ. ) գործողությունը, Հովհաննես Սահակյանը արձագանքեց. «Հա՞, այ դա չգիտեի»:
ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը նույնպես դեռ ֆոնդ ու կառավարիչ չի ընտրել:
Ստորեւ ներկայացնում ենք պարտադիր բաղադրիչի մասնակից պատգամավորների ցանկը.
«Հանրապետական» խմբակցություն
- Էդուարդ Շարմազանով
- Հովհաննես Սահակյան
- Կարեն Ավագյան
- Արթուր Գեւորգյան
- Հայկ Գրիգորյան
- Արտակ Զաքարյան
- Նաիրա Կարապետյան
- Արփինե Հովհաննիսյան
- Մարինե Մարաբյան
- Լեւոն Մարտիրոսյան
- Արման Սահակյան
- Արթուր Ստեփանյան
- Սամվել Ֆարմանյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն
- Բազմասեր Առաքելյանը
- Վահան Բաբայան
- Մարտուն Գրիգորյան
- Վահե Էնֆիաջյան
- Հայկ Խաչատրյան
- Վահե Հովհաննիսյան
- Տիգրան Ուրիխանյան
- Մուշեղ Պետոյան
- Էլինար Վարդանյան
- Դավիթ Քոչարյան
«Հայ Ազգային կոնգրես» խմբակցություն
- Նիկոլ Փաշինյան
«Օրինաց երկիր» խմբակցություն
- Կարեն Բոթոյան
- Լեւոն Դոխոլյան
Անկախ պատգամավոր
- Էդմոն Մարուքյան:
Մեկնաբանել