
Դարձյալ գազային կրքեր. ինչու՞ սպառողներին գազը մատակարարվում է գրեթե կրկնակի թանկ
Ազգային ժողովում քննարկվում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի գործունեության ծրագիրը: ԱԺ ամբիոնից հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացրեց ծրագիրը:
ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանին հետաքրքրում էր, թե համեմատած սահմանի վրա այսօրվա սակագնի հետ, սպառողներին գազը ինչու՞ է մատակարարվում գրեթե կրկնակի թանկ: Բացի այդ, արդյոք հնարավոր չէ՞ ջէկերին մատակարարվող գազի գինը վերանայել եւ հասցնել նվազագույնի:
«Եթե այդպես եք նայում, ապա նայեք նաեւ մյուս սպառողական խմբին, որտեղ 10.000 եւ ավելի գազ սպառողներ են: Այնտեղ սակագինը 277 դոլար է, որ հանենք 189-ը, դրանից էլ հանենք 52 դոլար ԱԱՀ-ն, մնում է 30 դոլար մարժա: Բայց որպեսզի մեկս մյուսին խաբս չտանք եւ խոսենք արդարացի եւ ճշմարտացի, հասկանալի եւ հանրության, եւ մեր բոլորի համար, պետք է ասեմ, որ մեթոդիկայում ամրագրված է եւ աշխարհում, եթե կա կարգավորող մարմին, գրված է՝ յուրաքանչյուր սպառողական խումբ պետք է վճարի իր ստեղծած ծախսերի համար: Բնակչությունը վճարում է իր ստեղծած ծախսերի համար, մյուսները՝ իրենց ծախսերի համար»,-ասաց Ռոբերտ Նազարյանը: Ըստ նրա՝ մինչեւ 10.000 խմ գազ վառողների համար ավելի շատ ծախս է կատարվում, քան դրանից շատ գազ օգտագործողների համար:
Հանձնաժողովի նախագահը նշեց, որ կան մի քանի երկրներ, որտեղ նույնպես սակագինը բարձր է: Օրինակ՝ Ուկրաինայում գրեթե կրկնակի ավելի թանկ է գազ վաճառվում արդյունաբերողներին, քան Հայաստանում:
Մեկնաբանել