
227.000 դրամ միջին աշխատավարձ՝ գազային համակարգում
«Այսօրվա սակագնի պայմաններում ձեզ հայտնի՞ է, Հայաստանի կառավարությունը շարունակու՞մ է «Գազպրոմի» հանդեպ պարտքեր կուտակել»,- հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին հարցրեց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ այդ հարցն իր իրավասությունից դուրս է, սակայն վստահեցրեց, որ իր ունեցած տեղեկություններով, լրացուցիչ պարտքեր կուտակելու երեւույթ նկատելի չէ, բացի այն, ինչ արդեն հրապարակվել է:
Պատգամավորի հաջորդ հարցը վերաբերում էր վերջին 3 տարիների ընթացքում «Հայռուսգազարդում», էլեկտրացանցերում եւ ջրի ոլորտում աշխատավարձերի աճին՝ ըստ պաշտոնի հիերարխիայի:
«Կան նորմատիվներ, որոշում ենք աշխատողների թվաքանակը, եւ կա միջին աշխատավարձի հասկացողություն, փորձում ենք մոտենալ մեր երկրում տեղի ունեցող զարգացումներին ոչ պետական սեկտորում, թե ինչպիսին է միջին աշխատավարձը տվյալ պահին, եւ մեկ տարվա կանխատեսում ենք անում: Ղեկավարվելով այդ երկու սկզբունքներով՝ սակագների սահմանման ժամանակ աշխատավարձի ֆոնդը ստացել ենք իմ ասած երկու մոտեցումների մեծությունից ելնելով: Գազի համակարգում միջին աշխատավարձը կազմում է 227 հազար դրամ, իսկ թե ինչ մեծության աշխատավարձ են ստանում տնօրենները եւ տնօրենների խորհրդի տնօրենը, դա մենեջմենթ է եւ դրա մեջ չենք մտնում»,- ասաց Ռ. Նազարյանը՝ հավելելով, որ նրանք պարտավոր են ընդհանուր աշխատավարձի ֆոնդի սահմաններում տեղավորվել, հակառակ դեպքում պետք է ծախսեն իրենց եկամուտի գումարները:
Հրանտ Բագրատյանը հետաքրքրվեց նաեւ ներկայացուցչական ծախսերի մասին, ինչին ի պատասխան Ռ. Նազարյանը նշեց, թե սակագների հաշվարկում ընդամենը 18 մլն դրամ են կազմում ներկայացուցչական ծախսերը, մինչդեռ հայտի մեջ 120 մլն դրամ էին նշել, որից հանձնաժողովը ընդունելի է համարել միայն 18 մլն դրամը:
Մեկնաբանել