
Խմելու եւ ոռոգման ջրի սակագների փոփոխություն բացառված չեն
Այն պայմանագիրը, որ կառավարությունն ունի «Վիոլա» ընկերության («Երեւան ջուր») հետ, յուրաքանչյուր տարի նախատեսում է սակագների վերանայման խնդիր: ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Դոխոլյանը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց՝ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությունը կարո՞ղ է բերել խմելու եւ ոռոգման ջրի թանկացման:
Հանձնաժողովի նախագահը նշեց, որ յուրաքանչյուր տարվա մինչեւ փետրվարի 28-ը «Վիոլա» ընկերությունը պետք է հայտ ներկայացնի հանձնաժողով՝ սակագների վերանայման հարցով:
«Հիմա մենք սպասում ենք այդ հայտին: Չորս բաղադրիչներով պայմանավորված՝ նոր ինքը կարող է փոփոխության ենթարկվել: Առաջինը՝ սպառման ծավալների փոփոխությունն է, երկրորդը՝ դրամ-դոլար փոխհարաբերակցությունն է, երրորդը՝ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունները, չորրորդը՝ սղաճը: Անցած տարի որ սահմանեցինք էլեկտրաէներգիայի սակագինը, դեռեւս փոփոխված չէր, եւ էլեկտրաէներգիայի սակագինը պետք է այս տարի արտացոլենք, սղաճի խնդիր էլ ունենք, դրամ-դոլարի էլ»,- ասաց Ռ. Նազարյանը:
Նրա կարծիքով՝ եթե նույնիսկ փոփոխություն լինի, ապա 1-2 դրամի տարբերությամբ: Իսկ ինչ վերաբերում է ոռոգման ջրի սակագների բարձրացմանը, ապա դա էլ չի բացառվում, քանի որ ջուրը գյուղացուն հասցնելու համար որոշ վայրերում օգտագործվում է էլեկտրաէներգիա:
Մեկնաբանել