HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Փոխադարձ վիրավորանքներ՝ «Որոտան» համակարգի վաճառքի շուրջ

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ «Որոտան ՀԷԿՀ» ՓԲԸ-ի վաճառքին: Պատգամավորի խոսքերով՝ գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրից հանված «Որոտան ՀԷԿՀ»-ի հարցը հիմնավորվում էր նաեւ սոցիալ-տնտեսական զարգացման անհրաժեշտությամբ: «Հիմա թե ինչ նոր հրամայական է առաջացել, դա պետք է երեւար ծրագրում, հակառակ դեպքում այն, ինչ արել է կառավարությունը, Քաղաքացիական օրենսգրքի 306 հոդվածով նախատեսված շինծու գործարք է՝ խուսափելու համար մասնավորեցման ընթացակարգով անցնելուց, ինչը նշանակում է գալ պառլամենտ եւ ներկայացնել բոլոր հիմնավորումները»,- ասաց պատգամավորը::

Արծվիկ Մինասյանը ընթերցեց նաեւ Քրեական օրենսգրքի 304 հոդվածը, որը վերաբերում է վնասարարությանը, ինչը, ըստ Արծվիկ Մինասյանի, առկա է այդ գործարքում: Այդ հոդվածով նախատեսվում է, որ այն գործողությունը կամ անգործությունը, որը պետությունը թուլացնելու նպատակով ուղղված է արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, դրամական համակարգի, առեւտրի կամ տնտեսության այլ ճյուղերի, ինչպես նաեւ կազմակերպությունների կամ պետական մարմինների գործունեության քայքայմանը, եթե այդ արարքը կատարվել է կազմակերպություններն օգտագործելու կամ դրանց բնականոն աշխատանքին խոչընդոտելու միջոցով, ինչի համար նախատեսված է պատասխանատվություն:

Թեման շարունակեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը: 

«Կառավարությունն արդյո՞ք վաճառել է «Որոտան ՀԷԿՀ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը, թե՞ ոչ: Ոչ: Կառավարությունը ոչինչ չի վաճառել: Կառավարությունը կարող է ունենալ սեփականություն կամ բաժնետոմսերի ձեւով, կամ գույքի ձեւով. չի կարող կառավարությունը նույն գույքի հետ կապված ունենալ եւ բաժնետոմս, եւ գույք: Գույքը վաճառել է «Որոտան ՀԷԿՀ» ՓԲԸ-ն եւ վաճառել է ոչ թե ամբողջ գույքը, այլ գույքի մի մասը եւ դրա իրավունքն ուներ»,- ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ հավելելով, որ այդ ընկերության արժեթղթերը շարունակում են գրանցված մնալ պետության անունով, իսկ այդ գումարները մուտքագրվելու են «Որոտան ՀԷԿՀ» ՓԲԸ-ի հաշվեհամարին:

Լեւոն Զուրաբյանը «լիակատար դեմագոգիա» որակեց Հրայր Թովմասյանի պատասխանը, հավելելով, որ օրենքում հստակ գրված է «պետական գույքը չի կարող մասնավորեցվել այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգով»՝ անկախ նրանից, թե այդ գույքն ինչ կարգով է տնօրինում կառավարությունը:

«Դուք եթե իրավաբանորեն այդ տեքստը չեք ընկալում, գոնե բովանդակային առումով հասկացեք, որ եթե հնարավոր լիներ օրենքի ձեր մեկնաբանությունը, դա կնշանակեր մի բան, ով ինչ ուզեր կաներ, ցանկացած գույք, ցանկացած սեփականություն՝ առանց օրենքների պահպանման, Ազգային ժողովի հավանության կվաճառեր: Իսկապես դա այն է, ինչ դուք անում եք, բայց դա հանցագործություն է, որի համար երբեւէ պատասխանատվություն կրելու եք»,- ասաց Լ. Զուրաբյանը:

Պատգամավորի այս խոսքերը հունից հանեցին արդարադատության նախարարին: Վերջինս արձագանքեց, որ ԱԺ ամբիոնից անհեթեթություն ասելը որեւէ մեկին պատիվ չի բերում եւ տարրական իրավաբանական գիտելիքների պակասն էլ որեւէ պատգամավորի պատիվ չի բերում:

«Կարդալ հասկանալն է, եթե Դուք չեք հասկանում, չի նշանակում, որ այդտեղ տրամաբանություն չկա, եթե Դուք այդ տրամաբանությունը չունեք այդ ամբողջը հասկանալու եւ ընկալելու համար: Եթե Դուք այդքան լսելու ունակություն էլ չունեք Ձեր տված հարցի պատասխանը լսելու, ապա ասում եմ՝ Դուք կընկնեք շատ անհեթեթ վիճակում, երբ որ հակառակը կլինի, երբ որ պետությունը մեկ շկաֆ վաճառի եւ Ձեր թույլտվությունը ստանա՝ վաճառել, թե չվաճառել: Եթե Ձեր համար կորպորատիվ իրավունքի տարրական, էլեմենտար գիտելիքներն ընկալելի չեն, թե ինչ է նշանակում բաժնետոմս, ինչ է նշանակում բաժնետոմսով ապահովված ապրանք, որ չի կարող նույն գույքը երկու ձեւով սեփականություն լինել, դա Ձեր մեղքն է եւ մեր երկրի դժբախտությունը, որ այս ամբիոնից կարող եք նման հարցեր բարձրացնել»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Նախարարի խոսքերից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կոռեկտության կոչ արեց պատգամավորներին եւ կառավարության անդամներին: «Չի կարելի, հանրությունը ձեզ է լսում»,-ավելացրեց ԱԺ նախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter