HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանը սպասում է նորոգման

Աննա Ավետիսյան

Այսօր լրանում է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, սանկտպետերբուրգաբնակ ճանաչված գեղանկարիչ Զաքար Խաչատրյանի 90-ամյա հոբելյանը: Չնայած տարիքին՝ վարպետը շարունակում է ստեղծագործական ակտիվ կյանքով ապրել: Հոգու բոլոր լարերով կապված է հայրենիքին, իր ծննդավայր Սիսիանին, վրձնի հարվածներն էլ կամա-ակամա հայաստանյան գույներ ու պատկերներ են վերարտադրում: Այսօր ՀՀ ժողովրդական և ՌԴ վաստակավոր նկարչի միակ երազանքն է վերանորոգված տեսնել Սիսիանում գտնվող իր տունը, որը ժամանակին ծառայել է որպես կերպարվեստի ստուդիա:

Զաքար Խաչատրյանը ծնվել է Սիսիանի շրջանի Սառնակունք գյուղում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, ավարտել Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ակադեմիան: Վերադառնալով ծննդավայր՝ հենց իր տանը բացում է կերպարվեստի ստուդիա, անվճար նկարչության դասեր տալիս սիսիանցիներին: Նրա աշակերտներից շատերը հետագայում դարձան ճանաչված նկարիչներ, իսկ Սիսիանում սկսեցին գործել գեղարվեստի դպրոցն ու պատկերասրահը, որոնք արդեն ավելի քան 50 տարվա պատմություն ունեն ու հաջողությամբ շարունակում են ձևավորված ավանդույթները:

Մինչև վերջին տարիները վարպետը գրեթե ամեն տարի այցելում էր ծննդավայր, կարոտն առնում հարազատ վայրերից, այցելում մշակութային օջախներ, իր կենսաթոշակից որոշակի գումար հատկացնում գեղարվեստի դպրոցին: «Այստեղ արևը ուրիշ կերպ է շողում, այստեղ ամեն ինչ ուրիշ համ ու հոտ ունի, երեխաներն էլ տաղանդաշատ են»,- խոստովանում էր նա: Սակայն մի քանի տարի է՝ նկարիչը Սիսիան այցելել չի ցանկանում. նեղացած է: Պատճառների մասին ցավով է խոսում:

Դեռևս 2006թ. Զաքար Խաչատրյանը և իր հանրահայտ քանդակագործ եղբայր Արտաշես Հովսեփյանը իրենց երկհարկանի առանձնատունը՝ 196,06 քառ. մ ընդհանուր մակերեսով, եւ 980 քառ. մ հողամասը նվիրաբերել են պետությանը: Կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի որոշմամբ)՝ այն ստացել էր Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղի կարգավիճակ և երկու ամսվա ընթացքում  պետք է գործեր որպես եղբայրների տուն-թանգարան: Սակայն մինչ այժմ տունն անուշադրության է մատնված: Սիսիանցիները, հատկապես Զաքար Խաչատրյանի աշակերտները, ցավում են, որ այդ ինքնատիպ երկհարկանի շինությունն արվեստի օջախ դառնալու փոխարեն քանդվում է: Զաքար Խաչատրյանը Ազգային պատկերասրահին է նվիրել նաև իր 90 աշխատանքները՝ պայմանով, որ դրանց մի մասը կցուցադրվի տուն-թանգարանում:  Սակայն…

Ազգային պատկերասրահի կայքում տեղադրված Զ. Խաչատրյանի նկարներից որոշների համար (օրինակ՝ Քաջվարդեր (1961), Չինական վարդեր (1961), Մթնշաղ (1969), Դաշտային ծաղիկներ (1978), Թերեզան վարդերի այգում. Լուսնի լույս. Անուրջներ (1964)) իբրև տեղագրություն նշված է՝ Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարան:  Դրանք իրականում այժմ պահվում են Ազգային պատկերասրահում:

Մինչև 2013-ը Զաքար Խաչատրյանի մոտ 1.5 տասնյակ աշխատանքները ցուցադրվել են Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղում: Որոշ նկարներ ժամանակին պահվում էին նաև նկարչի տանը, սակայն դրանք տեղափոխվեցին, քանի որ տանը գողության դեպք գրանցվեց: Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղում եղած նկարներն էլ տեղափոխվեցին Երևան՝ մանկավարժական համալսարանի 90-ամյակին նվիրված՝ նկարչի անհատական ցուցահանդեսի առիթով: Մասնաճյուղի տնօրեն Անուշ Մուրադյանը հույս ուներ, որ գոնե դրանցից մի քանիսը հետ կվերադարձվեն, սակայն…

Պատկերասրահ մտնող յուրաքանչյուր ոք հետաքրքրվում է վարպետի աշխատանքներով, հիասթափվում՝ դրանք տեղում չգտնելով: «Նախ՝ արտակարգ աշխատանքներ էին, եւ հետո մեր Սիսիանի արվեստասեր հասարակությունը գալիս է, հյուրերին բերում է ավելի շատ ցույց տալու Զ. Խաչատրյանի աշխատանքները: Ես ինքս ինչքան մտնեի սրահ, ոնց որ դրական լիցքեր ստանայի, հիմա շատ եմ ափսոսում»,- ասում է Անուշ Մուրադյանը:

«Առաջ դա եղել է Զաքար Խաչատրյանի անհատական հավաքածուն, էն ժամանակ որտեղ ուզեր, իր նկարները կարող էր ցուցադրել, հիմա արդեն դրանք Ազգային պատկերասրահի սեփականությունն են,- պարզաբանում է Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, ով նույնպես աշակերտել է Զաքար Խաչատրյանին: -Դուք պետք է մտածեք պրոֆեսիոնալ ձեւով. էդ նկարների ներկի շերտը, գրունտի շերտը էստեղ տարեցտարի կփչանան, ես չեմ կարող էս վիճակում բերել դրանք ցուցադրել»: Խոսքը նաև Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղի պայմանների մասին է:

Փարավոն Միրզոյանի խոսքով՝ հոբելյանի առիթով ցուցահանդես հնարավոր է կազմակերպել, սակայն որոշ նկարների մշտական ցուցադրության համար նախ տուն-թանգարանը պետք է նորոգվի: Իսկ թե դա երբ կլինի, դժվար է ասել: Ասում է՝ դիմել է բոլոր հնարավոր կառույցներին: «Մինչեւ անգամ ես վարիչ եմ ընդունել, 2 տարի աշխատավարձ եմ տվել, հիմա ափսոսում եմ…  Ես ավելի շատ եմ ցավում, քան դուք»,- ասում է Ազգային պատկերասրահի տնօրենը:

Սիսիանում, այնուամենայնիվ, հավատում են, որ հոբելյանական տարվա ընթացքում սայլը տեղից կշարժվի, և տուն-թանգարանը կհանձնվի հանրությանը... 

Նկարներ, որ պետք է ցուցադրվեին տուն-թանգարանում՝

Քաջվարդեր (1961)  

Չինական վարդեր (1961) 

Մթնշաղ (1969)

Դաշտային ծաղիկներ (1978)  

Թերեզան վարդերի այգում. Լուսնի լույս. Անուրջներ (1964)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter