HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

1 մլն դրամ աշխատավարձով վստահություն չվայելող դատավորներ

2011 թ. առաջին եռամսյակում Հայաստանի թվով 25 դատավորներ ամսական ստացել են 800.000 դրամ եւ ավելի բարձր աշխատավարձ: Նրանցից 8-ի աշխատավարձը գերազանցել է 1մլն դրամը: Բարձր աշխատավարձ ստացող դատավորների թիվն այս տարի ավելացել է: Նախորդ տարի նրանք եղել են 23-ը, որոնցից 1 մլն եւ ավելի բարձր աշխատավարձ ստացել է 7-ը:

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 2009 թ. հունվարից գրեթե կրկնակի բարձրացվեց 216 դատավորների աշխատավարձը: Կողմ քվեարկող կոալիցիոն պատգամավորները հայտարարում էին, թե աշխատավարձերի բարձրացումը կնվազեցնի կոռուպցիայի մակարդակը  համակարգում: Թե որքանով է կոռուպցիան համակարգում նվազել, հայտնի է բոլորիս: Դրա վառ օրինակը Կառավարության պատվերով «Էյ Փի Էս Սի» քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի՝ այս տարեսկզբին անցկացրած սոցիոլոգիական հարցումն է: Հարցվածների 19.2 տոկոսի կարծիքով՝ դատաիրավապահ համակարգում կոռուպցիան նվազել է, 46.7 տոկոսն ասել է, որ այն մնացել է նույնը, իսկ 29.8 տոկոսի հավաստմամբ՝ աճել: Միայն 4.2 տոկոսն է վստահ ասել, որ համակարգում կաշառակերություն չկա:

Միեւնույն ժամանակ, հարցվածների 22.8 տոկոսի կարծիքով՝  դատաիրավապահ համակարգում գոյություն ունեն ոչ միայն կաշառակերության դրսեւորումներ, այլեւ՝ համակարգի վատ աշխատանք, օրենքի բացակայություն, չկիրառություն, մարդու իրավունքների խախտում, խտրականություն եւ այլն:

Դատարանները շարունակում են հասարակության համար մնալ անվստահելի, իսկ դատավորներն ամենեւին էլ արդարադատի համբավ չունեն:

Ընդհակառակը, հաճախ հենց դատարաններում են խախտվում մարդու իրավունքներն ու ազատությունները: Այդ կարծիքին է հարցված քաղաքացիների 63.1 տոկոսը: Ըստ նույն հարցման՝ օրենքի խախտման միջին գնահատականը դատաիրավապահ համակարգի համար 6 է, ինչն ամենաբարձրն է մնացած ոլորտների համեմատությամբ: «Արդարադատություն» իրականացնող դատավորները նպաստ-թոշակ ստացող քաղաքացիների վճարած հարկերի հաշվին ամեն ամիս  կլորիկ աշխատավարձ են ստանում:

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ամենաշատ վարձատրվող դատավորը եղել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, դատավորների էթիկայի հանձնաժողովի նախագահ Դավիթ Ավետիսյանը: Նա ամեն ամիս ստանում է 1 մլն 238 հազ. 684 դրամ աշխատավարձ: Դ. Ավետիսյանի նախորդ տարվա աշխատավարձը կազմել է 1 մլն 234 հազ. 434 դրամ:

Ցուցակում երկրորդը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մարգո Սիմոնյանն է՝ ամսական 1 մլն 161 հազ. 860 դրամ աշխատավարձով: Մ. Սիմոնյանի նախորդ տարվա աշխատավարձը ընդամենը 500 դրամով է պակաս եղել այս տարվա ստացածից:

Միլիոնատեր դատավորների թվում է նաեւ Վճռաբեկ դատարանի դատավոր Հովհաննես Ղուկասյանը՝ 1 մլն 110 հազ. 644 դրամ աշխատավարձով: Նախորդ տարվա նրա աշխատավարձը եղել է 1 մլն 106 հազ. 394 դրամ:

Ամեն ամիս 1 մլն 74 հազ. 793 դրամ աշխատավարձ են ստանում վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Եվա Դարբինյանն ու Ռազմիկ Ազարյանը: 2010-ի համեմատ Ե. Դարբինյանի աշխատավարձն ավելացել է 500 դրամով, իսկ Ռ. Ազարյանինը 4500 դրամով նվազել է:

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը ստանում է 1 մլն 59 հազ. 428 դրամ աշխատավարձ:

Վերաքննիչ քաղաքացիական  դատարանի դատավոր Նոյեմ Հովսեփյանի ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 13 հազ. 212 դրամ, իսկ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Լարիսա Սոսյանինը՝ 1 մլն 8 հազ. 212 դրամ: Վերջինս այս տարի է հայտնվել «միլիոնատեր» դատավորների ցուցակում: Նախորդ տարի Լ. Սոսյանը ստացել է ամսական 985 հազ. 518 դրամ աշխատավարձ:

Համեմատության համար նշենք, որ ՀՀ նախագահի աշխատավարձը կազմում է 400.000 դրամ, իսկ ԱԺ նախագահինը եւ վարչապետինը՝ 340.000-ական դրամ:

Նույն «Էյ Փի Էս Սի»-ի հարցումների համաձայն՝ Հայաստանում քաղաքացիների 46 տոկոսի ամսական ընտանեկան եկամուտը 40-130 հազ. դրամ է: Միայն 3.6 տոկոսի մոտ է այն գերազանցում է 421 հազ. դրամը, որոնց մեջ, փաստորեն, մտնում են նաեւ դատավորները: 

Մեկնաբանություններ (2)

Մարատ
Ուրիշ բան, որ լավ կլիներ, որ բոլոր դատավորները լինեին արժանի դատավորի բարձր կոչմանը:
TK
Այն, որ հրաշալի կլիներ, որ բոլորը, անկախ պաշտոն ունենալուց կամ դրա բարձրությունից, ունենային բարեկեցիկ ապրելու հնարավորություն, կասկածից վեր է: Ինչ վերաբերում է դատավորների աշխատավարձին, որը Հայաստանում բարձրերից է, պատահական ու օդից վերցրած չէ: Եվրոպայի պահանջներից է բխում: Ասեմ նաև, որ բոլոր քաղաքակիրթ, զարգացած, օրինակելի և անկախ դատական համակարգ ունեցող երկրներում, որոնց ի դեպ փորձում ենք նմանվել, ամենաբարձրը հենց դատավորներների աշխատավարձն է: Ուրեմն նույնիսկ չարժեր դատավորի աշխատավարձը համեմատել որևէ այլ պաշտոնյայի աշխատավարձի հետ որևէ այլ ենթատեքստում: Այո, դատավորը պետք է բարձր վարձատրվի նաև նախագահից ու վարչապետից: Ուրիշ բան, որ լավ կլիներ, որ բոլոր դատավորները լինեին արժանի բարձր աշխատավարձի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter