HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ տատի ձեռագործ տիկնիկները

Վոլոդյա Հովսեփյան

Դսեղցի Անահիտ Աթոյանը պարապ մնալ չի սիրում. ձեռքին անընդհատ աշխատանք կա: Ասեղնագործում է, շյուղերով կենդանացնում Կոմիտասին, Սայաթ-Նովային, Թումանյանին ու նրա հերոսներին՝ Ձախորդ Փանոսին, Անուշին, Սարոյին...

Մութ ու ցուրտ տարիներն անգամ Անահիտ տատի այս զբաղմունքին չեն խանգարել: «Ընտանիքս շատ լավն է, եթե ես նստեցի իմ անկյունում՝ գործելու, ոչ մեկը չի խանգարում»: 

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի հարևանությամբ նա տարածք է ձեռք բերել, որտեղ էլ շարունակում է իր 55 տարվա աշխատանքը: Ինքնուս է, ոչ մեկից չի սովորել ասեղնագործել, բայց այսօր ունի բազմաթիվ մեծ ու փոքր գործեր: Կարում է նաև հագուստներ, որոնց նմանը հագել են Անուշն ու Սարոն:

Անահիտ Աթոյան

«Ինձ պատիվ է վիճակվել, որ Թումանյանի թանգարանին կից աշխատեմ: Թանգարան մտնելով՝ մարդիկ ծանոթանում են Թումանյանի ամեն ինչին, բայց որ այստեղ մտնում են կերպարի մեջ, դա արդեն հոգու մի ուրիշ հանգստություն է, չգիտեմ ինչ բավականություն է»,- նշում է Անահիտ տատը:

Թումանյանի 140-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, ներկայանալով երկու տասնյակի հասնող ցուցանմուշներով, Անահիտ տատը տեղում ստանում է Ժողովրդական վարպետի կոչում: «Եթե կարդում ես Թումանյան, մի քանի անգամ չկարդաս ու չմտնես նրա աշխարհը, երբեք էսպիսի աշխատանք չես անի: Հլա «Հին օրհնությունը» նայեք, իրա ծառը, իրա ծերունիները՝ նստած ծառի տակ, գավաթը ձեռքներին գինի են խմում: Դա մինչև չկարդաս, չես հասկանա, թե ինչքան անես, ոնց անես»,- ասում է Անահիտ տատը: Հաճախ նա ցուցանմուշները ներկայացնող փոքրիկ մակագրությունները վերցնում է ցուցանմուշների մոտից, որպեսզի այցելու երեխաներն իրենք ճանաչեն հերոսներին, իսկ եթե չեն ճանաչում, կարդան ու ճանաչեն նրանց:

«Երբ վարչապետը եկավ Դսեղ, ինքը, կարելի է ասել, հրամայական տվեց, որ «էս կինը հետը տանելո՞ւ է: Ժամեր տվեք, թող էս կինը պարապի»,- ասում է Անահիտ տատը: Խոստացան, գյուղի ակումբում ժամեր տվեցին, հիմա այնտեղ երեխաներին է գործել սովորեցնում: 8 աշակերտ ունի ու կարծում է, որ նրանց թիվը դեռ կավելանա: Հարցնում եմ՝ եթե ասեղնագործում եք, ենթադրում եմ, որ նաև նկարում եք: «Շրջվեք, նայեք Մասիսին, ծիծեռնակին, ծաղիկները...Դրանց պատկերներն ինքս եմ նկարել ու հանձնել թելին»,- ասում է Անահիտ տատը:

Տիկնիկների վաճառքից գոհ չէ. ասում է՝ հայ այցելուները ճանաչում են, գիտեն Թումանյանին, բայց մեծ գնումներ չեն անում, հիմնականում մանր գործերն են վաճառվում, իսկ դրսից եկած զբոսաշրջիկները չեն ճանաչում նրա հերոսներին:

Հերթով ցույց է տալիս տետրերը, որոնցում տարբեր մարդկանց կարծիքներն են իր գործերի մասին: Ամենատպավորիչն, ըստ Անահիտ տատի, 9-ամյա մի երեխայի կարծիքն է, ով գրել է, որ նրա գործերը ոչնչի հետ չի փոխի: Արվեստի մի շարք ներկայացուցիչներ՝ Երվանդ Մանարյանը, Սոս Սարգսյանը, Ցոլակ Կանթեղը, Վահրամ Թաթիկյանը և այլք ևս իրենց բարձր կարծիքն են հայտնել Անահիտ տատի աշխատանքի մասին: «Եթե ժողովրդի հետ խոսում եմ, ժողովուրդն ինչ-որ ձևով, թեկուզ մի փոքր ինձ գնահատում է, ոգևորող խոսք է ասում, դա ինձ համար պլյուս է: Էն աշխատանքը, որն անում եմ 4-5 օրում, կարող է ոգեշնչվեմ ու մի օրում անեմ»,-ասում է Անահիտ տատը:

Չնայած երկար տարիների փորձին, չի դադարում սովորել: «Դեռ սովորում եմ: Սովորում եմ մեծերից: Փոքրերը կոմպյուտերի հետ են: Դրա համար ես ասում եմ՝ մշակույթ, մշակույթ, մշակույթ: Աշխատեք երեխեքին ամեն ձևով կապել մշակույթին»:

 

Մեկնաբանություններ (1)

zohrab
i have been there i have seen real good very talented lady will come again soon

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter