
Մաքսային միությունն ու թանկացումները
Երբ ձևավորվեց Մաքսային միությունը, Ղազախստանում բոլորին զարմացրեց այն, որ պարենը, ավտոմեքենաներն ու վառելիքն անմիջապես թանկացան: Նույնը սպասվում է նաև Հայաստանում: Էկոնոմիկայի նախարարության գնահատականով՝ այդ գնաճը ընդհանուր գնաճի վրա մինչև 1,5%-ի ազդեցություն կթողնի: Գուցե դա այդպես է, սակայն որոշ կարևոր ապրանքախմբերում գնաճը կկազմի 10-15%, այդ թվում՝ կաթնամթերք, մսամթերք, շաքարավազ:
Դա պայմանավորված է հետևյալ հանգամանքով: Մաքսային միությունն իրականացնում է ուժեղ արտահայտված պրոտեկցիոնիստական (ներքին շուկայի պաշտպանության) քաղաքականություն: Այն ճյուղերը, որոնք զարգացած են Մաքսային միությունում, հատուկ պաշտպանվում են բարձր մաքսային դրույքաչափերով: Դա ինչ-որ արտառոց բան չէ. բազմաթիվ երկրներում կիրառվում է, այդ թվում՝ մեր հարևան Թուրքիայում ու Իրանում: Զարգացած երկրները ներքին շուկայի պաշտպանության համար օգտագործում են այլ մեթոդներ՝ տեխնիկական կանոնակարգերն ու սանիտարական պահանջները: Մաքսատուրքն ավելի կոպիտ մեթոդ է ու օգտագործվում է ոչ այնքան զարգացած երկրներում:
Ինչևէ, Մաքսային միությունը կիրառում է սակագնային պաշտպանության մեթոդը, քանի որ որակի վերահսկողության համակարգերն այնքան էլ ուժեղ զարգացած չեն: Բելառուսն ու Ռուսաստանն ունեն լավ զարգացած ճյուղեր՝ ավտոմոբիլաշինություն, մսամթերքի, կաթնամթերքի արտադրություն և այլն: Այդ պատճառով էլ պաշտպանության տակ են առնվել այդ ճյուղերը: Որպես գործիք` կիրառվում է հիմնականում 25% մաքսատուրքը, թեև կան նաև ավելի ցածր դրույքաչափեր: Իսկ Հայաստանը ներկայում կիրառում է 0 կամ 10% մաքսատուրք, հետևաբար՝ որոշ ապրանքների գծով մենք կբախվենք առնվազն 10-15% գնաճի:
Սակայն դա այն դեպքում, եթե ապրանքը ներկրվի այլ երկրներից, այլ ոչ թե Մաքսային միությունից: Օրինակ՝ Ռուսաստանում արտադրվում են «Տոյոտա» ֆիրմայի մարդատար ավտոմեքենաներ, հետևաբար՝ այդ մեքենաների ներմուծումը կիրականացվի առանց մաքսի, այսինքն՝ 10%-ով կէժանանա, քանի որ հիմա Ռուսաստանից ներկրումները ազատված չեն մաքսատուրքերից: Փոխարենը կթանկանան Վրաստանից կամ Եվրոպայից բերվող ավտոմեքենաները, ընդ որում՝ զգալիորեն: Եթե հայկական շուկան վերակառուցվի այնպես, որ ներկրումները հիմնականում իրականացվեն Մաքսային միությունից, ապա թանկացումներն այնքան էլ զգալի չեն լինի: Սակայն այնպես է դասավորվել, որ պարեն, վառելիք ու մեքենաներ հիմնականում ներկրում ենք ոչ Մաքսային միության երկրներից: Դժվար թե հայկական բիզնեսը կարողանա կարճ ժամանակահատվածում վերակողմնորոշվել դեպի Ռուսաստան ու Բելառուս: Սա, ի դեպ, վերաբերում է խոշոր օլիգարխներին, որոնք Ուկրաինայից, Եվրոպայից ու Հարավային Ամերիկայից զգալի քանակությամբ պարեն ու վառելիք են ներկրում:
Այսպիսով՝ Մաքսային միությանն անդամագրվելու դեպքում թանկացումների աստիճանը մեծապես կախված է նրանից, թե բիզնեսը ինչ արագությամբ կվերակողմնորոշվի:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել