HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատասենյակներում գրվող վճիռների մասին

Հուլիսի 14-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում գումարի բռնագանձման պահանջով երկու գործ էր նշանակված քննության: Աբովյանի զբաղվածության տարածքային կենտրոնի ներկայացրած հայցերի մասին դատարանի պատին փակցված տեղեկատվական վահանակում ծանուցում չկար:

Առհասարակ, դատավոր Նելլի Գալստյանի, ում վարույթում գտնվում են հիշյալ գործերը, օրվա դատական նիստերի ժամանակացույցը բացակայում էր: Իհարկե, առաջին հայացքից դա դեռ ոչինչ չի նշանակում, սակայն դատական կարգադրիչն ինձ ասում է, որ նշված հայցերով կողմերից ոչ ոք չի հարցրել, առաջին նիստին նույնպես կողմերը չեն ներկայացել (նշված հայցերն առաջին անգամ քննության էին նշանակվել հունիսի 28-ին): Ժամը 10:00-ին եւ հաջորդաբար 10:30-ին նշանակված դատական նիստերն այդ օրը տեղի չունեցան:

Հայցվոր կողմը` Աբովյանի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Հրայր Հակոբյանը, նույն ժամին իր աշխատավայրում էր եւ մեր հարցին, թե ինչո՞ւ չեն մասնակցում իրենց ներկայացրած հայցերի քննությանը, պատասխանեց, որ հուլիսի 14-ին նշանակված դատական նիստերի մասին տեղեկացված չեն, դատարանից ծանուցում չեն ստացել:

Տնօրենի ասելով` իրենց ներկայացրած հայցերով առաջին ծանուցումն ստացել են հունիսի 28-ին նշանակված դատական նիստի համար, սակայն այդ օրը աշխատանքի տոնավաճառ էին կազմակերպել մարզկենտրոն Հրազդանում եւ գրությամբ դատարանին հայտնել են, որ իրենց մասնակցությունը հնարավոր չէ: Հետո տեղեկացել են, որ այդ օրը դատական նիստը հետաձգվել է: «Իսկ այսօրվա մասին մեզ ոչինչ չի ասվել»,- շեշտեց Հրայր Հակոբյանը:

Աբովյանի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենը կարծիքով՝ չծանուցելու պատճառն այն է, որ իրենց ներկայացրած փաստարկները դատարանը բավարար է համարել: «Եթե այլ փաստաթղթի անհրաժեշտություն լիներ` կասեին»,- համոզված է նա: Կարծում է, որ դատարանը, հավանաբար, հաշվի է առել նաեւ իրենց նախորդ գրությունը, այդ պատճառով ծանուցում չի ուղարկել:

datalex.am կայքում հիշյալ հայցերի մասին տեղադրված շատ աղքատիկ պատմությունից տեղեկանում ենք, որ դատարանը հուլիսի 14-ին նշանակված դատական նիստի մասին կողմերին ծանուցել է հունիսի 28-ին: Դրանք կարելի է պատշած ծանուցում համարել, թե` ոչ եւ, թե իրականում որքանով են հավաստի նշված ծանուցումները` պարզ դարձավ տնօրենի հետ զրույցից: Հետեւաբար, համոզված չենք, թե պատասխանողներին պատշած ծանուցելու մասին կայքում արված գրառումները համապատասխանում են իրականությանը:

Պատասխանողները` Աբովյան քաղաքի բնակիչ Արտակ Խաչատրյանը եւ Նաիրա Եղիազարյանը (կայքում նշված  հասցեով` բնակվում է Կոտայքի մարզի Բջնի գյուղում), կենտրոնում գրանցվել են որպես գործազուրկներ, սակայն առժամանակ հետո պարզվել է, որ նրանք աշխատում են: Զբաղվածության կենտրոնի տնօրենի ասելով նշված անձինք եզակի չեն, ամսական այդպիսի 7-10 դեպք է հայտնաբերվում: Վերահսկող կառույցից տեղեկությունն ստանալով գործազուրկ գրանցվածին հրավիրում են եւ ասում, որ պարտավոր էր տեղյակ պահել աշխատանքի անցնելու  մասին: «Չէ՞ որ մենք ժամանակ առ ժամանակ նրան հրավիրում ենք կենտրոն` աշխատանքի առաջարկ ներկայացնելու եւ նա պարտավոր էր մեզ տեղեկացնել իր զբաղվածության մասին»,- ասում է տնօրենը:

Հ. Հակոբյանն ասում է, որ վերջին տարիներին աշխատելու փաստը շուտ է հայտնաբերվում` առաջին սոցվճարը վճարելուց հետո բացահայտվում է զբաղվածությունը, եւ գումարը բռնագանձվում է անձի զբաղված լինելու օրվանից մինչեւ հայտնաբերման օրը: Այդ իսկ պատճառով ֆինանսական խախտումը մեծ գումար չի կազմում եւ շատ հեշտությամբ կամավոր վերադարձնում են բյուջե: Իսկ նրանք, ովքեր թաքցրել են զբաղված լինելու հանգամանքը, հայտնաբերվելուց հետո էլ հրաժարվում են վերադարձնել գումարը` դիմում են դատարան:

Տնօրենն ասում է, որ հայցերը հիմնավորված են, եւ երբեւէ պատասխանողները չեն առարկել ներկայացված հայցերի դեմ: Հ. Հակոբյանը նշում է, որ հայտնաբերված անձանց մոտ 95%-ը կամավոր վերադարձնում է գումարը: «Մարդիկ կան, ովքեր ձգձգում են` չգիտես ինչի վրա հույսը դնելով, բայց հնարավոր չէ հերքել: Մենք նրանց մանրակրկիտ բացատրում ենք եւ եթե չի ուզում հանձն առնել` նույնիսկ զանգում ենք գործատուին եւ այդպես հիմնավորում: Ժամանակացույց ենք կազմում եւ մարդկանց ճնշող մեծամասնությունը ժամանակացույցով վերադարձնում է գումարը»,- ասում է նա:

Նշված դատական հայցերով պատասխանողներ ճանաչված Արտակ Խաչատրյանն ու Նաիրա Եղիազարյանը, ըստ ներկայացված հայցի, թաքցրել են իրենց աշխատելու փաստը: Տնօրենը հայտնեց, որ հայտնաբերվելուց հետո Ա. Խաչատրյանին հրավիրել են կենտրոն եւ պահանջել վերադարձնել ստացած գործազուրկի նպաստը: Վերջինս խոստացել է վերադարձնել, սակայն այդպես էլ չի վերադարձրել, իսկ Ն. Եղիազարյանին գտնել չի հաջողվել: «Ստիպված դիմել ենք դատարան, որ դատարանը զբաղվի»,- հայտնեց տնօրենը:  Ըստ այդմ`  Արտակ Խաչատրյանից հօգուտ պետբյուջեի պետք է բռնագանձել 45.000 դրամ, իսկ Նաիրա Եղիազարյանից` 65.000 դրամ:

«Ժամանակները փոխվել են, 8-10 տարի առաջ դժվար էր վերահսկելը, քանի որ անձը կարող էր ունենալ մի քանի աշխատանքային գրքույկ, մեկը` ներկայացներ զբաղվածության կենտրոն եւ գրանցվեր որպես գործազուրկ, իսկ մյուսով` աշխատանքի մեջ գտնվեր»,- ասում է Հրայր Հակոբյանը: Վերջինս նշում է, որ նախկինում նման դեպքերը շատ էին` ամսական մոտ 20 դեպք: Սակայն վերջին 10 տարիներին, երբ համակարգչային տեխնիկան կատարելագործվեց, բազաները ստեղծվեցին, շատ հեշտությամբ է բացահայտվում զբաղված լինելու փաստը:

Մարդիկ արդեն գիտակցում են, որ 21-րդ դարն է, ամեն ինչ հնարավոր չէ թաքցնել եւ ավելի քիչ են դիմում խաբեությունների: «Եթե ձեւակերպվեց որեւէ կազմակերպությունում, ընդամենը գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելով նրա տվյալները մուտքագրվում են տեղեկատվական բազայում եւ տվյալ անձից սոցվճարներ են գանձվում, ապա սոցիալական քարտով հեշտությամբ բացահայտվում է»,- բացահայտման մեխանիզմն է ներկայացնում տնօրենը:

Հ.Գ. Առաջին հայացքից թվում է, թե արտասովոր ոչինչ չկա, հայցը հիմնավորված է` մարդիկ խաբեությամբ պետբյուջեից գումարներ են ստացել, դեպքը բացահայտվել է, եւ նրանք պարտավոր են վերադարձնել գումարը: Դատարանն էլ կողմերին պատշաճ ծանուցելուց հետո իրավասու է գործը քննել նրանց բացակայությամբ: Սակայն, նշենք, որ նման օրինչափությունները հատուկ են պետական կառույցների ներկայացրած հայցերին` հայցը ներկայացվում է` մնացյալը կանի դատարանը, կողմերի մասնակցությունը կարեւոր չէ:

Օրերս նույն մարզի Հրազդանի նստավայրում ունկնդիր եղա մի դեպքի, երբ Ռաֆիկ անունով տարեց մի մարդ դատական կարգադրիչներից հետաքրքրվում էր «դատարանում նստող» փաստաբանի մասին: Մարդը հայտնեց, որ մեկ տարի առաջ «Հայջրմուղկոյուղին» խմելու ջրի վարձը չմուծելու համար իր դեմ դատական հայց է ներկայացրել գումարի բռնագանձման պահանջով, ինքն էլ դատարանի փաստաբանին ներկայացրել է իր մուծումների անդորրագրերը, որոնք իրենից վերցրել է եւ ասել գնա` խնդիր չունես: Սակայն, մեկ տարի հետո, երբ գնացել է փոստ` թոշակ ստանալու, հրաժարվել են թոշակը վճարել ասելով, որ իրենից մոտ 500 հազար դրամ գումար բռնագաձելու պահանջ է ներակայացվել:

Երկար բացատրություններից հետո դատարանից ձեռնունայն հեռացող մարդու հետեւից դատական կարգադրիչներից մեկը դուրս եկավ եւ հայտնեց, թե պարզել են, որ նրա անունով վճիռ կա դատարանի արխիվում, եւ ամեն ինչ լավ է լուծվել: Սակայն արխիվի աշխատակիցը տեղում չէ, երբ տեղում լինի` կարող է գալ ու վճիռը վերցնել: Ահա այսպիսի «հիմնավորված հայցերից» մեկի վերջաբանը, երբ դատավորը վճիռը գրում է իր աշխատասենյակում, իսկ «պատշած ծանուցվածներն» այդ մասին իրազեկվում են դատական ակտերի հարկադիր կատարման բռնագանձման մասին որոշումն ստանալուց հետո միայն:

Լիլիթ Աբրահամյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter