HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալիֆոռնիայում ձմեռվա կեսին երաշտ է սկսվել

Դիանա Դանիելյան 

Նահանգապետ Ջերրի Բրաունն արտակարգ իրավիճակ է հայտարարել 

Երեք օր առաջ Կալիֆոռնիայի ջրային ռեսուրսների վարչությունը որոշում ընդունեց  ամբողջությամբ դադարեցնել նահանգի ջրամատակարարումը նահանգի State Water Project-ի պահեստարաններից: Դա նշանակում է, որ նահանգի մոտ 25 մլն բնակիչների եւ 750 000 հա գյուղատնտեսական հողատարածքների սպասարկման համար ջրի այլընտրանքային աղբյուրներ պիտի փնտրվեն: Սրանից առաջ  Կալիֆոռնիայի նահանգապետը դիմել էր նահանգի բնակիչներին եւ 20 տոկոսով ջրի օգտագործման սահմանափակումների կոչ արել: Նահանգում արտակարգ իրավիճակ է հայտարարվել:

Հետաքրքիր է, որ արտակարգ իրավիճակին առաջինն արձագանքել են սեռական փոքրամասնությունները: Համաձայն BayAreaReporter տեղեկատու շաբաթաթերթի, որ լեսբուհիների, բիսեքսուալների, համասեռամոլների եւ տրանսսեքսուալների պարբերականն է, երաշտի սպառնալիքներից ամենաշատ տագնապել  են Սան-Ֆրանցիսկոյի սեռական փոքրամասնությունները: Ջրի խնայողության ակտիվ միջոցառումների առաջին նախաձեռնողները հենց նրանք են: Ինչպես նշում է պարբերականը, սեքս-ակումբներից շատերն իրենց ցնցուղարաններում արդեն տեղադրել են ջրի ցածր հոսք ապահովող գլխիկներով ցնցուղներ:

Ձմեռը Կալիֆոռնիայի ամենախոնավ ու անձրեւաշատ սեզոնն է համարվում, եւ առնվազն տարօրինակ է, որ ալս տարի հենց այս ընթացքում անտառային հրդեհներ բռնկվեցին: ՀարավայինԿալիֆոռնիայի հրշեջներն այս պահին էլ կազմ ու պատրաստ վիճակում են, նոր հրդեհների հավանականությունը` աչքի առաջ, որովհետեւ չորայնությունը եւ անձրեւների իսպառ բացակայությունը իրական նախադրյալներ են  դրա համար: Իհարկե, երաշտ դեռեւս այնցած տարի է արձանագրվել, բայց այս տարի ցուցանիշներն ավելի տագնապեցնող են: Սարերում ձյան շերտի հաստությունը տարվա այս եղանակի համար նորմալ միջին  ցուցանիշի ընդամենը 20 տոկոսն է կազմում: Նահանգի գլխավոր ջրապահեստարաններում  խիստ նվազել է ջրի մակարդակը, Սան Խոակին եւ Սակրամենտո գետերում ջրի հոսքն աննախադեպ կրճատվել է: Բնապահպանները տագնապ են հնչեցնում լեռանային գեղեցկուհի Cristal լճի ցամաքելու մասին:

Տարբեր աղբյուրների համաձայն, հարավային Կալիֆոռնիայում 800 հազարից մինչեւ 1 մլն հայեր են բնակվում (եթե նկատի են առնվում նաեւ անօրինական կարգավիճակով բնակվողները): Միայն Գլենդելում հայերը 200 հազարանոց բնակչության գրեթե կեսն են կազմում: Եվ, բնականաբար,

երաշտի հետեւանքները Կալիֆոռնիայի միլիոնավոր բնակիչների հետ անմիջականորեն ազդելու են նաեւ այստեղ բնակվող հայերի կենսապայմանների վրա:

«Եթե իրավիճակը շարունակվի նույնը մնալ ու անձրեւներ չգան, ապա նահանգապետը կհայտարարի նաեւ ջրի օգտագործման պարտադիր սահմանափակումների մասին: Դրանք համալիր բնույթ կստանան` տարածվելով ամեն անձի, տան, բիզնեսի վրա, -ասում է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը: Կիսաանապատային Հարավային Կալիֆոռնիան խմելու ջրի աղքատիկ պաշաներ ունի: Այն հիմնականում ապահովվում է լեռնային նահանգներից եւ անխնա օգտագործվում է: Կալիֆոռնիան գյուղատնտեսական շրջան է, եւ եթե ջուրը թանկանա, հետեւանքները կտարածվեն եւ սննդի, եւ վառելանյութի գների, եւ ընդհանրապես կենսագործունեության բոլոր ոլորտների վրա: Մասնավորապես Գլենդելում 2 տարի առաջ ջրի գնի բարձրացում արդեն եղել է, եւ եթե այն նորից թանկանա, շատ բարդ իրավիճակ կարող է ստեղծվել: Մանավանդ, երբ բնակիչները դեռ չեն հասցրել մարսել էլետրաէներգիայի վերջին թանկացումը: 

Թեւ նահանգապետն արտակարգ իրավիճակ է հայտարարել, բայց առայժմ նրա կոչն օրենքի ուժ չունի եւ ակնկալում է միայն բնակիչների  գիտակից մոտեցումը, երբ նրանք կամավորության սկզբունքով գոնե 20 տոկոսով կսահմանափակեն ջրի օգտագործումը:

Քաղաքային եւ նահանգային իշխանությունների ներկայացուցիչները երաշտի դեմ պայքարելու եւ ջրի ծայրահեղ խնայողություն ապահովելու  ամենապարզ ու հասարակ միջոցառումներ են առաջարկվում նրանց` նորոգել ջրատար խողովակները եւ ջրի ծորակները, կրճատել ցնցուղ ընդունելու եւ լոգանքի ժամանակը, բակն ու այգին ջրել շաբաթը 2-3 օր, dishwasher-ներն օգտագործել միայն բեռնված վիճակում ոչ թե մի քանի աման լվանալու համար, այգի ջրելու փողրակները, որ 1 րոպեում 1,2 լիտր ջուր են թողնում, չօգտագործել շներին լողացնելու համար:

Ամերիկյան «Երաշտի մոնիտորինգ» ծառայության տվյալներով արդեն փետրվարի սկզբից երաշտն ընդգրկել է նահանգի առանց բացառության բոլոր տարածքները եւ ամեն անցնող օրվա հետ ավելի տագնապալի է դառնում: Առայժմ,սակայն, որեւէ ակտիվություն ու արձագանքներ չկան ոչ հայ համայնքի, ոչ էլ ոչ հայ բնակիչների կողմից քանի դեռ իրապես ջրօգտագործման պարտադիր սահմանափակումներ չեն հայտարարվել: Եվ հայտնի չէ, թե նրանք որքանով են գիտակցում հատկապես այս պահին ճիշտ ջրօգտագործման անհրաժեշտությունը եւ դրա ազդեցությունը նահանգի էկոլոգիայի եւ ջրային պաշարների, եւ դրանից հետո` անմիջականորեն իրենց  կյանքի որակի վրա:

Ինչպես նշում է Զարեհ Սինանյանը, վերջին 20 տարում Կալիֆոռնիայի ջրի կուտակման համակարգում հսկայական ֆինանսներ են ներդրվել, բարելավումներ ու նորոգումներ են եղել, եւ այս պահին 70 տոկոս ջրի պահեստային պաշարներ են առկա: Նահանգը շարունակաբար բարելավում է ջրի կուտակման եւ բաշխման համակարգերն այն իմաստով, որ որքան հնարավոր է ավելի շատ ջուր խնայվի եւ կորուստներ չլինեն: Սակայն օրեցօր առավել մտահոգիչ իրավիճակն արդեն ստիպել է նահանգի ջրային ռեսուրսների վարչությանը դիմել առաջին կտրուկ միջոցառմանը ` դադարեցնելով 25 մլն բաժանորդների ջրամատակարարումը պահեստարաններից: 

Գիտնականներն ասում են, որ ապագայում պատերազմեր կսկսվեն ոչ թե նավթի այլ ջրի համար, քանի որ երկրագնդի ամեն տարի միլիոններով ավելացող բնակչության կարիքները բավարարելու համար ջրի պաշարները խիստ սակավացել են: Օդերեւութաբանները նշում են, որ վերջին 54 տարվա ընթացքում եւ ընդհանրապես Կալիֆոռնիայի պատմության մեջ այս երաշտը վատագույնն է: Նահանգում այսօր արձանագրվող իրավիճակն արդեն վկայում է գիտնականների  կանխատեսման ճշմարտացիությունը: Առայժմ, օդերեւութաբանները անձրեւներ չեն նախատեսում գոնե հաջորդ 3 շաբաթների համար: Ըստ Դալլասի եղանակի կանխատեսման ծառայության մասնագետների, իր չորայնությամբ այս փետրվարը ռեկորդային է, եւ հետեւանքները պարզապես կարող են հրեշավոր լինել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter