HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կուտակայինի պատճառը. աշխատողները նվազում են, թոշակառուները՝ շատանում

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանի ու եւս 9 ՀԿ-ների նամակին ի պատասխան հայտնել է, որ պարտադիր կենսաթոշակային համակարգին անցնելիս կառավարությունը հաշվի է առել ժողովրդագրական հանգամանքը:

Ըստ այդմ՝ «սերունդների համերաշխության սկզբունքով գործող բաշխողական (պետական) կենսաթոշակային համակարգը (ինչպիսին գործում է ՀՀ-ում) խիստ զգայուն է ժողովրդագրական իրավիճակի զարգացման միտումների (ծնելիության նվազում, կյանքի միջին տեւողության աճ եւ այլն) նկատմամբ: Մասնավորապես, ձեւավորվում է մի իրավիճակ, երբ բնակչության ընդհանուր թվի մեջ կենսաթոշակ ստացողների տեսակարար կշիռն աճում է, իսկ աշխատանքային տարիքի անձանց կշիռը՝ նվազում, այլ կերպ ասած՝ արձանագրվում է «բնակչության ծերացում»»:

Գրիգորյանը նշել է, որ այս խնդիրն առկա է նաեւ այլ երկրներում, իսկ լուծման ճանապարհները տարբեր են՝ հարկային բեռի ավելացում, կենսաթոշակային տարիքի բարձրացում, կենսաթոշակային իրավունքների կրճատում, որոնք, ըստ պաշտոնյայի, պարամետրիկ բարեփոխումներ են ու չեն ապահովում խնդրի երկարաժամկետ, կայուն լուծում, եւ կա այլ տարբերակ՝ արմատական ճանապարհը, երբ ներդրվում է ինքնաֆինանսավորվող (կուտակային) բաղադրիչ:

Աշխատակազմի ղեկավարի հավաստմամբ՝ կուտակային համակարգի ներդրումը օբյեկտիվ անհրաժեշտություն է: Հատկանշական է, որ նա շեշտել է նաեւ, որ «բազմաթիվ մասնավոր ընկերություններ (օրինակ՝ առեւտրային բանկերը) նախատեսել են իրենց աշխատողների աշխատավարձերի բարձրացում՝ մեղմելու համար կուտակային վճարների հետեւանքները տնօրինվող եկամտի վրա»:

Հիշեցնենք, որ կապանյան ՀԿ-ները, դիմելով վարչապետին ու ԱԺ նախագահին, հայտարարել էին, որ «բնակչության աղքատության աննախադեպ բարձր ցուցանիշների հանգամանքը, կառավարության առջեւ առաջնահերթ խնդիր պետք է դնի տնտեսության զարգացումը, ՀՀ քաղաքացու արժանապատիվ ապրելու պայմանների ստեղծումը: Կյանքի նվազագույն պայմանները չապահովող աշխատավարձ ստացող քաղաքացու համար անընդունելի է եկամուտների նվազեցումը՝ ապագայում համեմատաբար բարեկեցիկ կենսաթոշակ ստանալու մշուշոտ խոստումների փոխարեն: Մենք ականատեսն ենք բազմաթիվ աղաղակող անարդար երևույթների, եւ այս ամենի հետևանքը, քաղաքացու պաշտպանված չլինելու զգացողությունն է: Սոցիալապես բեւեռացված և բեւեռացվող հասարակության շրջանում տիրող հուսահատության եւ անվստահության մթնոլորտում, որտեղ գերակշռում է արտագաղթի տրամադրությունը, կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի կիրառումը չի կարող դրականորեն ընդունվել»:

ՀԿ-ները նամակի հասցեատերերին կոչ էին արել հրաժարվել պարտադիր կուտակային համակարգից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter