HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտաքին քաղաքական կողմնորոշման մասին

Էդգար Վարդանյան
քաղաքական վերլուծաբան 

Հաճախ, երբ Հայաստանում քաղաքական տարբեր խմբերի ներկայացուցիչներին հարցնում են` «արեւմտամետ» են նրանք, թե «ռուսամետ», նրանք հպարտությամբ նշում են, որ բացի «հայաստանամետ» լինելուց ուրիշ ոչ մի «մետ» չեն:  Սակայն, ի՞նչ պետք է հասկանալ «ռուսամետ», «արեւմտամետ»,  «հայաստանամետ» կամ «հայաստանակենտրոն» հասկացությունների տակ, որպես կանոն, ոչ հարցնողն է պարզաբանում, ոչ էլ պատասխանողը, մինչդեռ, արտաքին քաղաքական կողմնորոշման թեման մշտապես մնում է քաղաքական դիսկուրսի ամենահիմնական տարրերից մեկը եւ մեծապես ազդում է Հայաստանի սոցիալ-քաղաքական մթնոլորտի վրա:

Այս առումով Հրանտ Տեր-Աբրահամյանի վերջին երկու հոդվածները` բացառություն են: Եվ պատահական չէ, որ դրանք մեծ ուշադրության արժանացան հայաստանյան ակտիվ հանրության կողմից: Բայց Հրանտը, ինչպես ինքն է նշում իր «Քաղաքականապես հայ լինելը» հոդվածում, անդրադարձել է ոչ թե «արեւմտամետություն» կամ «ռուսամետություն», այլ «արեւմտամոլություն» եւ «ռուսամոլություն» հասկացություններին, որոնք, ըստ իս, ինչպես եւ գրեթե բոլոր նմանատիպ «մոլերը» վկայում են ինչ-որ սուբյեկտի կողմից որոշակի երեւույթի, կամ սուբյեկտի նկատմամբ ոչ ռացիոնալ, անգիտակից, հիվանդագին հակվածության առկայության մասին:

Եթե ճիշտ եմ հասկացել, Հրանտը հենց դա էր ցանկացել նշել, սակայն, եթե նա այդչափ կարեւորություն է տվել վերոնշյալ «մոլությունների» մանրամասն ներկայացմանը, ապա կարող ենք ենթադրել, որ նա գտնում է, որ այդ երեւույթները լայն տարածում ունեն Հայաստանի քաղաքական, քաղաքացիական դաշտում: Բայց այդ դեպքում, ճիշտ կլիներ նշել, թե որոնք են «մոլությունը» մատնող կոնկրետ հայտարարությունները, գործողությունները, որոնք վերջերս տեղ են գտել Հայաստանում: Այդ դեպքում ընթերցողը կկարողանար որոշել, թե որքանով են դրանք լուրջ խնդիրներ:  

Ինչ վերաբերվում է «հայաստանակենտրոնություն» հասկացությանը, որին Հրանտը անդրադարձել է «Հայաստանակենտրոնության մասին» իր հոդվածում` մեր գնահատմամբ այն իրենից ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության հիման վրա իրականացվող քաղաքականություն եւ ուրիշ ոչինչ, ու Հրանտը, կարծես թե, հենց դա է ասում իր մեծ հոդվածում:   

Յուրաքանչյուր պետության յուրաքանչյուր նորմալ քաղաքական սուբյեկտ պետք է հետապնդի սեփական պետության շահը, այստեղ չկա քննարկման թեմա: Բայց պետք է նշել, որ «հայաստանակենտրոնությունը» որեւէ կապ չունի արտաքին քաղաքական կողմնորոշման հետ:  

Ինչ վերաբերում է «արտաքին քաղաքական կողմնորոշում» հասկացությանը, ապա, նախ փորձենք տալ դրա սեփական «աշխատանքային» սահմանումը:  Եվ այսպես` արտաքին քաղաքական կողմնորոշումը` դա որեւէ պետության, կամ պետությունների դաշինքի, միության հետ սերտ դաշնակցային հարաբերությունների հաստատման, նրա/նրանց հետ տարատեսակ դաշինքների, կոալիցիաների ստեղծման, միջազգային կազմակերպություններում եւ ընդհանրապես միջազգային հարաբերություններում նրանց հետ համատեղ դիրքորոշումներով, դաշինքներով հանդես գալու կամ միջազգային հարաբերություններում չեզոքություն պաշտպանելու ձգտումն է` կոնկրետ պետության, կամ պետությունների դաշինքի, միության կողմից:

Վերադառնալով թեմայի շուրջ մեր հայաստանյան դիսկուրսին, նշենք, որ Հայաստանում արտաքին քաղաքական կողմնորոշման առումով «արեւմտամետ» լինելը հիմնականում նշանակում է` ձգտել դեպի Եվրամիության, ԱՄՆ-ի եւ այլ եվրոպական երկրների հետ հարաբերությունների խորացմանը, Արեւմտյան քաղաքական, տնտեսական եւ հաճախ նույնիսկ ռազմական կառույցների անդամակցությանը, միջազգային հարաբերություններում գլոբալ հարցերի վերաբերյալ, ինչպիսին է, օրինակ, միջազգային ահաբեկչությունը, վերոնշյալ պետությունների հետ տարատեսակ դաշինքներով հանդես գալը:

Արտաքին քաղաքական կողմնորոշման առումով «ռուսամետ» լինելը, նախ եւ առաջ, նշանակում է ունենալ ձգտում դեպի Ռուսաստանի կողմից նախաձեռնված, ֆորմալ առումով ինտեգրացիոն, իսկ մեր գնահատմամբ, իրականում աշխարհաքաղաքական բնույթ ունեցող եվրասիական պրոյեկտներին մասնակցելուն, միջազգային հարաբերություններում Ռուսաստանի հետ դաշինքով հանդես գալուն:

Արտաքին քաղաքական կողմնորոշման առումով «չեզոք» լինելը նշանակում է որեւէ քաղաքական, տնտեսական, ռազմական դաշինքի մեջ չմտնելու եւ միջազգային քաղաքականությունում տարատեսակ վեճերի, կոնֆլիկտների ժամանակ չեզոքություն պահպանելու ու հաճախ որպես միջնորդ-խաղաղարար հանդես գալու դիրքորոշում:

Պետությունները չեն կարող չունենալ արտաքին քաղաքական կողմնորոշում, վերջինս, իրականում, խոսում է սուվերենության առկայության, այլ ոչ թե դրա բացակայության մասին: Իհարկե, իրավիճակից ելնելով, պետությունները, ժամանակ առ ժամանակ, կարող են փոխել իրենց արտաքին քաղաքական կողմնորոշումը, այն անփոփոխ բան չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter