Հանձնաժողովը բացահայտել է օրենքի տասնյակ խախտումներ՝ Արմավիրի մարզի վաճառքի կետերում
Հանձնաժողովը բացահայտել է օրենքի տասնյակ խախտումներ՝ Արմավիրի մարզի վաճառքի կետերում
Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի աշխատանքային խումբն այցելել է Արմավիրի մարզ՝ տեղում ծանոթանալու մարզում առկա մրցակցային խնդիրներին և օրենքի հնարավոր խախտումներին ընդհանրապես:
Հանձնաժողովը հաճախ է դժգոհություններ ստանում մարզերի բնակիչներից՝ կապված վաճառվող ապրանքների ոչ պատշաճ ներկայացման, մրցակցային խնդիրների, գների և օրենքի տարբեր խախտումների հետ:
Հանձնաժողովի փորձագետներն Արմավիր քաղաքի խոշոր առևտրի կետերում իրականացրել են ուսումնասիրություն՝ պարզելու, թե որքանով են վաճառվող ապրանքները համապատասխանում օրենքի պահանջներին:
Ուշադրության կենտրոնում էր հատկապես առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքների շուկան: Արդյունքում պարզվել է, որ առանց արտադրության տարեթվի, պահպանման ժամկետի, հայերեն մակնշման և արտադրողի վերաբերյալ տեղեկատվության՝ խանութներում վաճառվում էին մի շարք պարենային և սպառողական ապրանքներ, մասնավորապես սառեցված հավ, նրբերշիկ, թխվածքաբլիթներ, խմորեղեն, մակարոնեղեն և այլն: Հանձնաժողովը հսկիչ գնման միջոցով ձեռք է բերել վերոնշյալ բոլոր ապրանքատեսակները: Փաստերի հետ կապված կկատարվեն վերլուծություններ, իսկ արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը:
Համաձայն օրենքի՝ տնտեսվարողի ցանկացած վարքագիծ, որը կարող է մոլորեցնել հասարակությանը նրա առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն: Մոլորեցում է համարվում որակի, քանակի կամ այլ բնութագրերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելը, ապրանքի արտադրության կամ պահպանման ժամկետի, արտադրողի կամ ներկրողի անվան, հասցեի կամ օրենսդրությամբ նախատեսված պարտադիր այլ նշումների բացակայությունը, որը կարող է հանգեցնել թյուր տպավորության:
Հանձնաժողովի այս գործելաոճը կլինի շարունակական, ուսումնասիրություններ կկատարվեն նաև այլ մարզերում: Նման այցերը հնարավորություն են տալիս տեղում ծանոթանալու մրցակցային դաշտում առկա խնդիրներին և համապատասխան միջոցներ ձեռնարկելու՝ դրանց լուծման ուղղությամբ:
ՏՄՊՊՀ մամուլի ծառայություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել